Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«… Առաջինը ծագումն է»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
15.03.2013

Համլետ Պետրոսյան
«… Առաջինը ծագումն է»
«Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով երկօրյա գիտաժողովին մասնակցում էին Սփյուռքի և Հայաստանի ճանաչված մտավորականներ` քննարկելու հայկական ինքնության արդի հիմնախնդիրները և ճշտելու այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության հնարավոր ուղիները: Գիտաժողովի մասնակցիներից ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Պետրոսյան, այսպիսի գիտաժողովները որքանո՞վ  են կարևոր և, Ձեր կարծիքով, տարիների կտրվածքով ի՞նչ հաճախությամբ կարելի է դրանք կազմակերպել:

-Եթե խնդիրը թեմային է վերաբերում, իհարկե, շատ կարևոր է, եթե խնդիրը վերաբերում է կազմակերպական կողմին, ապա շատ աշխատանք կա անելու, որովհետև այսօր հայ ինքնության հետ կապված խնդիրները մասնագիտորեն շատ ավելի լայն ու ընդգրկուն են քննարկվում և, իհարկե, սպասելի էր հանդիպել այստեղ այդ հարցերով զբաղվող գիտական հասարակությանը: Ճիշտ է, այսօր ակնհայտորեն դա ավելի շատ արվում է նեղ շրջանակներում. գուցե հետագայում շատ ավելի ընդարձակ շրջանակներում արվեն այսպիսի գիտաժողովներ և ընդգրկեն աշխարհագրական ավելի լայն տարածքներ:

-Այսօր հիմնականում ովքե՞ր են զբաղվում այդ խնդիրներով:

-Այդ խնդիրներով զբաղվում են ոչ միայն պատմաբանները, այլև մշակութաբանները, հայագետները, գրականության մշակները, փիլիսոփաները… Ցանկալի կլիներ, որ այսպիսի ժողովները ավելի թեմատիկ լինեն, մի հարց մանրամասն քննարկվի, որից հետո անցնեն մի ուրիշ հարցի, մանավանդ որ գիտական մոտեցումներում առկա են էական տարբերություններ: Օրինակ` այսօր ամերիկյան որոշ հայ հետազոտողներ առաջ են քաշում երկու մշակույթ – երկու ինքնություն գաղափարը, երբ Հայաստանի պետական քաղաքականությունը անընդհատ շեշտադրում է միասնական հայության գաղափարաբանությունը: Այսինքն` կան տեսական, մեթոդաբանական խնդիրներ, որոնք այսպիսի մի հավաքով լուծել, իհարկե, հնարավոր չէ: Շատ ողջունելի է այս գիտաժողովը, որից անպայման դասեր կքաղենք, եզրահանգումներ կարվեն:

-Պարո՛ն Պետրոսյան, կա՞ն հետաքրքիր զեկուցումներ:

-Անշո՛ւշտ, կան մի քանի հետաքրքիր թեմաներ, զեկուցումներ, որոնք խորհելու տեղիք են տալիս:

-Հայկական ինքնության պահպանման խնդիրները Դուք ի՞նչ տեսանկյունից եք դիտարկում և Ձեր թեման ի՞նչ  է  արծարծում:

-Ես երկար տարիներ զբաղվել եմ հայ ինքնության խորհրդանշաններով, այդ թեմայով գիրք ենք հրատարակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ես սեփական մոտեցում ունեմ ժամանակակից հայ ինքնության պահպանման թեմաներին, որը, սովորաբար, ես անվանում եմ սիմվոլիկ ինքնություն, ոչ թե` ռեալ ինքնություն և փորձելու եմ հայ ավանդական երկու խորհրդանշանների` Սրբազան լեռան և Կորուսյալ Դրախտի պատմական ու ժամանակակից դրսևորումների օգնությամբ իմ այս վարկածը ներկայացնել լսարանին: Մարդիկ երբեմն իրականությունն ու պատկերացումը դժվարանում են տարբերակել, հաճախ և՛ գաղափարաբանության, և՛ քաղաքականության հիմքում դրվում են պատկերացումներ, որոնք ընդունվում են իբրև իրականություն: Ես կարծում եմ, որ ինքնությունը միայն տարածքը, լեզուն, քաղաքական համակարգը չէ: Շատ հաճախ, այդ ամենից զրկվելով հանդերձ, էթնիկ ինքնությունը շարունակվում է գոյատևել և հենց` շնորհիվ սիմվոլիկ համակարգերի:

-Այսօր հայ ինքնությունը Սփյուռքի ո՞ր հատվածում է առավել վտանգված:

-Շատ բարդ հարց է, որովհետև հայ ինքնության պահպանությունը որպես գաղափարաբանություն, որպես համակարգ` Սփյուռքում իրապես վտանգված է: Որքան ընդհանուր պետական համակարգը տոտալիտար է, ինչքան ազգայնական, ազգայնամոլական գաղափարները ուժեղ են, այնքան ազգային ինքնությունները վերանում են կամ` ինքնամեկուսանում: Կան տարածքներ, որտեղ հակառակ երևույթն է. օրինակ` Մերձավոր Արևելքում կրոնական միջավայրը ինքը պարտադրում էր հայ ինքնության անաղարտ պահպանումը: Շատերը կարծում են, որ դա հանդուրժողականության դրսևորում է, իրականում դեռ Օսմանյան կայսրությունում հայերը միլլեթ էին և նրանց ցանակության դեպքում անգամ թույլ չէր տրվում միլլեթից մեկ այլ միլլեթ անցնել: Այսինքն, եթե միջավայրը որոշակիորեն առանձնացնում է որոշակի հանրույթ, այդ հանրույթը «ելք» էլ չունի փոխվելու կամ ձուլվելու: Այն երկրներում, որտեղ ամեն ինչ ավելի դեմոկրատական է, որտեղ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի կայացած է, այնտեղ ձուլվելը, իհարկե, շատ ավելի դյուրին է:
 
Մի քանի հետազոտողներ առաջ են քաշել այն վարկածը, որ շատ հաճախ ինքնությունը կարող է վերարթնանալ երրորդ սերնդի մոտ: Իրենց իրական շահերի թելադրանքով մարդիկ փորձում են ձուլվել միջավայրին, բայց հետո, երբ իրենք հավասարվում են բոլորին, նորից մի բան են փնտրում, որն իրենց կառանձնացնի: Միացյալ Նահանգներում արվել են հետազոտություններ, որոնց արդյունքում հայերի երրորդ սերունդը շատ ավելի հայերենամետ ու հայաստանամետ է: Սա շատ բարդ ընթացք է, և տեսաբանների մեծ մասը, խոսելով ցանկացած ազգային ինքնության դրսևորման մասին, միշտ որպես ֆենոմենալ բացառություններ են դիտարկում հրեաներին, հայերին, ովքեր չեն ենթարկվում եղած օրինաչափություններին:

-Մի հարց ևս, որը հղել եմ նաև պարոն Խաչիկ Թեոլեոլյանին. ո՞րն է հայ ինքնությունը պահպանելու առաջին նախապայմանը:

-Չկա այդպիսի որոշակի նախապայման: Եթե ամեն ինչ հասցնենք պարզունակության, ասեմ, որ ամենաառաջինը ծագումն է. հայերը հայ են, որովհետև գիտեն, հիշում են, որ իրենց նախնիները հայ են եղել:

Զրուցեց Կարինե Ավագյանը  

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38