ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայկական սփյուռք » Եվրոպա » ԼԻՏՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Եվրոպա
15.03.2013

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ
Հայերը Լիտվայում հայտնի են դեռևս 13-րդ դարից` որպես կաշեգործներ, ոսկերիչներ, շինարարներ: 1410 թվականի հուլիսի 17-ին Լիտվայի և հարևան երկրների համար ճակատագրական հանդիսացող Գրյունվալդի հերոսամարտում աչքի է ընկել հայկական հեծելազորը: Բազմաթիվ պատմական վկայությունների համաձայն` Լիտվայի ասպատակումը գերմանական ասպետների կողմից հաջողվել է կասեցնել շնորհիվ հայկական և թաթարական հեծյալների:
17-18-րդ դարերում բազմաթիվ հայեր բնակություն են հաստատել լեհ-լիտվական միացյալ պետությունում` Ռեչ Պոսպոլիտայի տարածքում: Այս ժամանակաշրջանում հարյուրավոր հայեր համալրել են ազնվականության դասը «Շլյախետսկի կորպուս», մեծ ներդրում ունեցել Ռեչ Պոսպոլիտայի պետական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային զարգացման գործում:

Լիտվայի ժամանակակից հայ համայնքն սկսել է կազմավորվել 1950-ական թվականներին: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին Վիլնյուսում, Շաուլյայում, Կլայպեդայում և այլուր բնակություն են հաստատել բազմաթիվ հայ զինվորականներ: Ներկայումս երկրում բնակվում է շուրջ 2100 հայ:

Լիտվայի հայ համայնքը պաշտոնապես գրանցվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին: Համայնքի ջանքերով և Լիտվայի Քաղաքական ընտրանու շնորհիվ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի հանրապետության Սեյմասը համապատասխան բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բալթյան հայերի մասնակցությամբ խաչքար է կանգնեցվել Շաուլյայից ոչ հեռու գտնվող «Խաչերի բլուր» հուշահամալիրում: Նույն վայրում 2009 թվականի մայիսի 26-ին Լիտվայում ՀՀ դեսխպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բալթյան երկրների հայկական համայնքների առաջին համագումարը, որը ձևավորել է «Բալթյան հայերի համագումար» կազմակերպությունը: 

Լիտվահայ հայ համայնքն Ազգային փոքրամասնությունների դեպարտամենտի միջոցով մասնակցում է Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքին, ստանում նյութական օգնություն` միջոցառումներ կազմակերպելու համար: Դեպարտամենտին կից գործում է Լիտվայի Ազգային համայնքների խորհուրդը, որտեղ հայ համայնքն ունի մեկ ձայն: 2000 թվականին Խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսլան Հարությունյանը:

|

 
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38