ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
20.03.2013

Սուրեն Դանիելյան.
«Արևելահայ և արևմտահայ լեզվամշակութային քաղաքականության մեջ սկսվել է նոր միասնական-կրթական շարժում»
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն իր հիմնադրման օրվանից դարձել է արևմտահայ և արևելահայ մշակույթները միմյանց  կապող ամուր օղակ:Նրա շնորհիվ  բազմաթիվ սփյուռքահայ և հայաստանցի ուսուցիչներ կարողացան  և դեռ կշարունակեն հաղորդակցվել  արևելահայ և արևմտահայ մշակույթների հետ: Այս կարևոր մշակույթների գանձերին  անհաղորդ չեն  նաև հայրենի և սփյուռքահայ ուսանողներն ու դպրոցականները:
Տարիների ընթացքում «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը կարողացավ ապացուցել, որ իր գործունեությունը բխում է հասարակական պահանջից, ինչի լավագույն ապացույցը նրա մշակած ու կյանքի կոչած ծրագրերն են, որոնք  ջերմորեն, անթաքույց ոգևորությամբ են ընդունել սփյուռքահայ  համայնքների կրթության մշակները: Իսկ այս գնահատելի աշխատանքի ետևում  կանգնած է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.


-Պարո´ն Դանիելյան, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մուտքը  ե՞րբ ազդարարվեց,  և որքանո՞վ  էր այն պահանջված

-«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը բացվել է  90-ականների կեսերին։ Նրա նպատակն  էր  կամրջել Հայրենիքի և Սփյուռքի կրթամշակութային դաշտերը: Գուցե այն ժամանակ այս  մոտեցումն իր մեջ ուներ ռոմանտիկ տարր, բայց  գաղափարի հիմնական շեշտադրումն էր  ներկայացնել իրական պահանջները:

-Իսկ որո՞նք  էին   այդ  իրական պահանջները

-Արևելահայ և արևմտահայ լեզվամշակութային քաղաքականության մեջ սկսվել է նոր  միասնական-կրթական շարժում: Այս հարցում նոր փոփոխությունների դիմելը շատ կարևոր էր:  Երկար ժամանակ արևմտահայերենը կարծես լուսանցք նետված լեզու լիներ, մինչդեռ մեր գրական լեզուների երկու  մակարդակների պահպանության  հարցը պետականորեն չեր քննվել  կամ վիճարկվել:  Մենք այսօր էլ ունենք երկու գրական լեզու, սակայն անընդհատ  հղկելով  արևելահայերենը՝  շարունակում ենք մնալ  անտարբեր արևմտահայերենի նկատմամբ: Նման վերաբերմունքը համակարգի նկատմամբ ածանցվել է սովետական  գաղափարաբանության անտարբերությունից: Յոթանասուն և ավելի տարիներ շեմից մերժվում էին ազգային նկարագրով արժեքավոր  արևմտահայ գրողներ, արևմտահայ կրթական համակարգի նկատմամբ ձևավորվել էր «երկրորդ հումքի» ընկալման արատավոր մոտեցումը, որն ասօր էլ հաղթահարված չէ ամբողջովին: Մինչդեռ այսօր անկախ Հայաստանը պետք է տեր կանգնի արևմտահայ լեզվամշակութային համակարգին, դիտի այն որպես խիստ առաջնային: 

-Ձեր թվարկած խնդիրները լուծելու համար «Սփյուռք»  գիտաուսումնական կենտրոնն իր  հիմնումից ի վեր ինչպիսի՞  ուղիներ է հարթել: Առհասարակ Ձեր ղեկավարած  կենտրոնի առաքելությունը  ո՞րն է:

-Համագործակցում ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Փառք Աստծո, մի քանի տարի առաջ ստեղծվեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի հետ նույնպես հաստատվեց ամուր  համագործակցություն:  1990-2000 թթ.՝ մի ամբողջ տասնամյակ, կարելի է ասել, մեզ համար  սփյուռքահայ գրականության և մշակույթի ու կրթական աշխարհների միջև խզման հարաբերական շրջան էր: Կապերի վերականգնման համար որպես առաջին քայլ կարևորեցինք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների նորովի կազմակերպումը Հայաստանում: Համայնքային կառույցների հետ մեր մասնագիտական, մանկավարժա-հոգեբանական լայնահուն համագործակցությունը սկիզբ առավ հենց այս նախաձեռնությունից:Մեր նպատակն էր սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, ի տարբերություն նախորդ կրթական փորձի, կազմակերպել  ազգային ոգու գաղափարախոսության առաջնայնության հիմքով: Խորհրդային Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու սովորույթ դեռ գոյություն ուներ, սակայն ժամանակի ընթացքում  քաղաքական դաշտի երկաթե վարագույրները խանգարող պատնեշներ դարձան: Եվ ահա «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը 2000թ.-ից վերականգնեց  հայրենիքում սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա  վերապատրաստման դասընթացների  ավանդույթը, բայց,ինչպես նշեցի՝ նոր բովանդակությամբ: Տեղեկացնեմ նաև՝ պատահել է այնպես, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման  դասնթացների համար  մենք ենք մեր մասնագետների հետ գնացել, այլ ոչ թե իրենք ենք եկել: Օրինակ՝ նման փորձառություն ունեցանք  Արգենտինայում, Սիրիայում, Քուվեյթում, Արաբական Էմիրություներում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ այլուր բնակվող մեր սփյուռքահայ ուսուցիչների համար՝ հենց տեղերում  վերապատրաստման դասընթաց  կազմակերպելով  և  ուսուցիչներին  հանձնելով պետական նմուշի վկայագրեր: Այդ ընթացքում  կարևորում էինք ոչ միայն սփյուռքահայ ուսուցիների, այլև  տեղացի ուսուցիչների գրեթե ամբողջական վերապատրաստման կազմակերպումը: Շատ կարևոր է նաև, որ  հայաստանցի ուսուցիչները զինվեն նորօրյա արևմտահայ  գրական ու  լեզվական գիտելիքներով: Մեր նպատակն է, որ սփյուռքահայ  և հայրենի ուսուցիչները  շփման տևական բացակայության պատճառով իրենց թույլ գիտելիքներով չնմանվեն լուսնի մշտապես  սառը և մութ  հատվածին.  չէ՞ որ  լուսինը երկու հատված ունի, և մշտապես նրա  մի հատվածը  արևի ջերմությանն ու էներգիային մնում  է անհաղորդ: Ցավոք, հայրենի ուսուցիչների համար արևմտահայ մշակույթի ու գրականության արևը պայծառ չի շողացել: 
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է նաև Արցախում: Վստահեցնում եմ՝ ուսուցիչներին գոհացնում  ու ոգևորում է մեր այս նախաձեռնությունը:Մեր կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակից հայրենի ուսուցիչների հետ համատեղ մշակել ենք  դպրոցական մի ծրագիր, որի միջոցով բարձր դասարանների աշակերտները նույնպես հնարավորություն ունեն հաղորդակցվելու արևմտահայ լեզվամշակույթին և գրականությանը: Արդեն տասներկու տարի է՝ ծրագիրը փորձնականում ներգրավված է Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի դպրոցական ծրագրերում:Հուսով եմ՝ առաջիկայում այն որպես պետական ծրագիր  կամրապնդի իր դիրքերը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության  աջակցությամբ: Շուտով կհրատարակվի  արևմտահայ լեզվի և սփյուռքահայ գրականության դասագիրք ավագ դպրոցի համար:Մեր գործնական նպատակներից մեկն էլ ուսանողների ընդգրկումն է արևմտահայ գրականությունն ու մշակույթը ծանոթացնելու ծրագրին՝ ավարտական լսարաններում խորացնելով սփյուռքահայ գրականության յուրացումը:Արդեն Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում երկու տարի է՝ այս նախագիծը կյանքի է կոչված, և ցանկանում ենք՝ այն յուրացնեն նաև  հայաստանյան մյուս բուհերում: Տեղեկացնեմ, որ  մանկավարժական համալսարանի ուսանողները հրաշալիորեն յուրացնում են արևմտահայերենն ու  գրականությունը,  ուսման արդյունքները գոհացուցիչ  են.ասել է թե՝ լուսնի մյուս երեսը փորձել ենք նվաճել:

-Պարո´ն Դանիելյան, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել

-Զգալի են մեր ձեռքբերումները ուսումնական դաշտում: Անթաքույց այն սերն ու խանդավառությունը, որ  դրսևորվում է մանկավարժների, ուսանողների  և դպրոցականների միջև, մեր ամենամեծ ձեռքբերումն ու գնահատականն է: Վստահորեն կարող եմ  ասել, որ  արևելահայ և արևմտահայ մշակույթների  միակ կապող օղակը՝ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, իր առաքելությունը պատվախնդրորեն է կատարում: Մեր խնդիրն է սփյուռքահայ  ուսուցիչների համար հարթել  բարձրակարգ մասնագիտական ուղի, որը  վաղվա օրվա  կրթության երաշխիքն է: Այս տարիներին մեր ձեռքբերումներից է  այն, որ առաջին անգամ ակադեմիական համակարգում՝  Գիտությունների ազգային ակադեմիայի  Լեզվի և գրականության ինստիտուտում,  բացվելու է  Արևմտահայերենի  առանձին բաժին: Իսկ սա պետական քաղաքական ծրագիր է, որի իրականացման համար իր  ներդրումն ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս Հրանուշ Հակոբյանի: Վերջին շրջանում առանձնակի ուշադրության կենտրոնում էր Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտում «Սփյուռքի գրականություն» բաժին  հիմնելու  խնդիրը: Թեպետ  Գիտությունների ազգային ակադեմիայի  Պատմության ինստիտուտում գործում էր Սփյուռքի առանձին բաժինը, բայց վերոնշյալ երկու բաժինների ստեղծումը  կենսական անհրաժեշտություն է, քանի որ այս երեք բաժինների առկայությունը էապես նպաստում են մեր  լեզվաքաղաքականության արդյունավետությանը: ՀՀ Սփյուռքի նախարարության անմիջական  ջանքերի շնորհիվ այս տարի  սեպտեմբերից ԵՊՀ-ը  ստանձնելու  է սփյուռքահայ ուսուցիչներին արևմտահայերենին  և արևմտահայ մշակույթին  ծանոթացնելու առաքելությունը. սփյուռքահայ ուսուցիչների համար բացվելու է «Արևմտահայ մասնագիտացում» առանձին մագիստրոսական բաժին: «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն այս տարիների  ընթացքում  արևմտահայ  հսկայական  գրականություն է  հրատարակել՝ գիտական և գեղարվեստական գրքեր, դասագրքեր և ձեռնարկներ:Մեր նպատակն է անպայման դասական ուղղագրությամբ հանրությանը ներկայացնել արևմտահայ նորագույն շրջանի  խոշորագույն գործիչներին, ովքեր  իրենց լույսով ու անհատական մտածողությամբ, ինչպես նաև  գեղարվեստական ընկալման յուրահատկություններով բացառիկ ու անփոխարինելի են  հայկական  գրական ասպարեզում: 
Ինչ մնում է մեր բացթողումներին, առանձնացնեմ այն, որ շատ ուսուցիչների չենք կարողանում ներկայացնել արևելահայ և արևմտահայ գրականությունը, ինչի համար անհրաժեշտ է պետական աջակցություն: Պետք է ասեմ նաև այն, որ անբավարար է պետական  ֆինանսական  աջակցությունը:Սա կարելի է նույնպես համարել մեր ընդհանուր բացթողումներից: 

-Պարո´ն Դանիելյան, վերջերս՝  2013թ. հունվարին,  ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Դուք արժանացաք «Վիլյամ Սարոյան» մեդալին: Այն  Ձեզ համար ի՞նչ արժեք  ու կշիռ  ունի:   

-Մեդալն անձամբ ինձ հանձնել է տիկին Հրանուշ Հակոբյանը՝ Խ.Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի 90-ամյակի առթիվ: «Վիլյամ Սարոյան» մեդալին արժանացել եմ ոչ միայն իմ մանկավարժական ավանդի, այլև «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադրման և կենտրոնի կողմից կյանքի կոչված ծրագրերի համար: Չթաքցնեմ,  ասեմ, որ  ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նման բարձր գնահատանքի արժանանալը հաճելի էր և, ինչու չէ, նաև վերաբերմունքի արտահայտություն՝ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ողջ անձնակազմին ուղղուած: 


Զրուցեց  Լիանա  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ



|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38