ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
22.03.2013

Ռազմիկ Դավոյան.
«Մարդուն «այլանդակողը» իր միտքն է…»
Վերջերս  «Հայերն այսօր»-ը  բլից-հարցազրույց  ունեցավ գրող, հրապակախոս Ռազմիկ Դավոյանի  հետ: Ստորև  ներկայացնում ենք այդ հարցազրույցը.
-Օրն  ինչպե՞ս  եք դիմավորում:
-Ուրախանում եմ, որ աչքերս բացեցի, և դիմացս նոր օրն է: Թե ինչ աշխատանքներ կանեմ, և այդ օրն ինչպես կլցվի, կախված է  ընթացքից ու տրամադրությունից:

-Ե՞րբ եք ասում՝  երբեք:
- Երբ որ վատ բովանդակությամբ առաջարկներ են անում: 

-Թե՞յ, թե՞ սուրճ:
-Սուրճ:

-Ո՞ր միտքը  Ձեզ երբեք հանգիստ չի տալիս:
-Որ արժեքավոր բաներ դեռ չեմ արել:

-Ե՞րբ եք ստում:
-Բնավ չեմ ստում, սակայն պատահում են դեպքեր, երբ հասկանում եմ, որ դիմացինին այդ  փուչ խոսքը  կամ փուչ ճշմարտությունը  կվիրավորի, լռում եմ:

-Տանը, եթե կենցաղային իր  փչանա, վերանորոգելու համար գլուխ կհանե՞ք
-Շատ բաներ կարողանում եմ անել, բայց կան գործեր, որոնք իմ ուժերից վեր են: Օրինակ`  եթե լամպն է վառվել, կարող եմ փոխել, եթե պետք է մեխ խփել, կարող եմ, իսկ համակարգիչը կամ հեռուստացույցը չեմ կարող վերանորոգել:

-Ինչի՞  համար եք  զղջում:
-Շատ թռուցիկ զղջումներ ունեմ, օրինակ՝ դրանցից է այն, որ  ինձ  ինչ-որ  հարցում խաբել են, կամ բաներ կան, որոնք պետք է չանեի: Բայց այս ամենի նկատմամբ զղջումի զգացումը վայրկենական անցնում է:

-Երբևէ  կաշառք տվե՞լ եք կամ վերցրե՞լ եք:
-Ո՛չ տվել եմ, ո՛չ էլ վերցրել եմ:

-Պատահե՞լ է, որ խմիչքի չարաշահումից հարբած լինեք:
-Այո՛, հազվադեպ պատահել է:

-Ինչի՞  համար եք ամաչում:
-Ոչ մի բանի:

-Ինչի՞ց եք վախենում:
-Բնավ վախ չունեմ, միայն մեջս որոշ տագնապ կա մեր ժողովրդի ապագայի համար:

-Նիցշեն ժամանակին ասել է. «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժ է տալիս», ինչպե՞ս  կշարունակեք այս միտքը:
- Ես ավելի եմ գնահատում նրա.  «Մարդու մեծագույն թշնամին իր միտքն է» արտահայտությունը: Իսկապես, մարդուն  «այլանդակողը» իր միտքն է:

-Ինչպիսի՞  աշխատանքով երբեք չեք  կարող զբաղվել:
-Չեմ պատկերացնում, թե ինչ աշխատանք պետք է լինի, որ չկարողանամ անել. սկսած հավաքարարի աշխատանքից, վերջացրած պետություն կառավարելով` կարող եմ անել:

-Ի՞նչ ճաշատեսակ եք կարողանում պատրաստել:
-Հիանալի միս եմ տապակում, տարբեր  ձևի  ձվածեղներ եմ  կարողանում պատրաստել` երշիկով,  բաստուրմայով, կանաչիով և այլն, տավարով շորվա եմ կարողանում պատրաստել, քրջիկն եմ շատ համեղ պատրաստում:

-Եթե  փողոցում հանդիպեք մի տղամարդու, ով կնոջ վրա  ձեռք է բարձրացնում, ի՞նչ կանեք այդ պահին:
-Կփորձեմ մոտենալ, թույլ չտալ ծեծել, բայց եթե նրանց մեջ անձնական հարաբերություններ գոյություն ունեն, որոնց մեջ չեմ կարող խառնվել, ուրեմն  չպիտի խառնվեմ:

-Ձեր բնավորության ո՞ր  գիծը չեք  սիրում:
-Դյուրահավատությունը:

-Նարդի՞, թե՞ շախմատ:
-Երկուսն ել կարողանում եմ խաղալ:

-Կա՞ն հաշիվներ, որոնք դեռ չեք պարզել:
- Չէ՛, չկան:

-Ո՞ւմ եք  շատ կարոտել:
-Մորս:

-Մանկության սիրելի խաղալիքը:
-Ո՛չ մանկություն եմ ունեցել, ո՛չ էլ սիրած խաղալիք: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եմ մեծացել: Իմ սիրելի խաղալիքներն են  եղել  մեր սագերը, գոճիները, որոնց տանում էինք արածեցնելու (ժպտում է): 

-Ձեր ընտանքում  ո՞րերորդ  երեխան եք:
-Մեր տան 13-րդ երեխան եմ` վերջինը: Երբ ես ծնվել եմ,  մայրս եղել  է  50, իսկ  հայրս՝  64 տարեկան:

-Ի՞նչ կրթություն ունեք:
-Դպրոց եմ գնացել հինգ տարեկանից, իսկ տասնհինգ տարեկանում ավարտել եմ: Սակայն մերոնք թույլ չտվեցին գալ Երևան, և ուսումս շարոնակեցի Լենինականի բժշկական ուսումնարանում: Ավարտելուց հետո մեկ տարի աշխատել եմ որպես գլխավոր բժշկի օգնական: Այնուհետև եկա Երևան և ընդունվեցի Մանակավարժական ինստիտուտ, սակայն ավարտելուց հետո պետական քննությունները չհանձնեցի, և բոլոր հետագա ռեկտորները կանչեցին՝ դիպլոմ ստանալու համար, սակայն  ի վերջ  Արտյուշա Ղուկասյանից ստացա  դիպլոմս, որն իր տեսակով բացառիկ էր, քանի որ ես առաջինն էի,  ով արժանացավ «Պատվավոր շրջանավարտի» դիպլոմին:

-Փոքր տարիքում  ի՞նչ եք  երազել  դառնալ:
-Չեմ հասցրել երազել, բայց երբ  բանաստեղծություններ էի  գրում և նայում էի ինձ համար սիրելի հեղինակների գրքերի հատորներին, մտածում էի՝ տեսնես մի օր կարո՞ղ եմ մի հատոր գրել:

-Եթե այլ մասնագիտության ընտրության հնարավորություն լիներ, ո՞րը կընտրեիք:
-Հանճարեղ բան է ստեղծագործելը: Ժամանակին հանճարեղ գրողներից մեկն  ասել է. «Ոմանց թվում , թե պոեզիան սայլ է.  կա ձի, կա ճամփա, նստի՛ր ու գնա՛, բայց ելքն անծիր է և ուղին այլ է, նրանք ճախրում են դեպի  վեր, ուր ճամփա չկա» : Եթե քեզ համար ստեղծագործելը տառապանք չէ, այլ աղբյուրի պես բխում է ինքն իրեն, որի տակ կա շտեմարան, և կարող է այն բխել հազարամյակներով, ինչը  կարող է քո կյանքը բավարարել, դա մեծագույն հաճույք է: Ոչ մի մասնագիտություն չի կարող հավասարվել ստեղծագործելու հետ:

-Ձեր ընտանիքը  ինչպե՞ս է վերաբերվում Ձեր ճանաչվածությանը:
- Շատ լավ:

-Ո՞վ է Ձեր առաջին քննադատը:
-Ընտանիքս և ընկերներս՝  Ֆելիքս  Մելոյանը, նախկինում  նաև իմ ընկեր  Հրանտ Մաթևոսյանը:

-Ձեր ստեղծագործական ճամփան դժվա՞ր էր, բա՞րդ
-Ես շատ ծանր ճանապարհ եմ անցել գաղափարներիս համար, խորը հալածանքների եմ ենթարկվել: Ժամանակին արտերկրից, այդ թվում՝ Լիբանանից, բազում առաջարկություններ եմ ստացել՝ այդ հալածանքներից ազատվելու համար, սակայն հրաժարվել եմ: Կապը իմ ընթերցողի հետ Հայաստանում չեմ  ցանկացել կտրել: Պատահել է՝ հալածանքներն այն աստիճան են եղել,  որ աչքերիցս արցունքներ են ցայտել, բայց  հակառակ բոլոր  ճնշումների՝ չեմ ենթարկվել:

-Հանգստի  ո՞ր տեսակն ենք նախընտրում:
-Մենակությունը:

-Ինչպե՞ս  ինքներդ Ձեզ կբնութագրեք:
- Անփոփոխ:

Զրուցեց Լիանա  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38