ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
29.03.2013

ԱՐՄԱՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
«…Եթե անոթի ալ մնամ, հո՛ս` Հայաստան պիտի մնամ»
Հայաստանում հանգրվանած մեր սիրիահայ հայրենակիցների հետ պարբերաբար հանդիպում ու զրուցում են «Հայերն այսօր»-ի լրագրողները: Ստորև ներկայացնում ենք ինժեներ-մեխանիկ Արման Վարժապետյանի հետ մեր թղթակցի  հարցազրույցը:
-Պարո՛ն Վարժապետյան, պատմե´ք,  խնդրեմ, Ձեր մասին:

-Մեկ տարի է, ինչ Սիրիայից եկել եմ ընտանիքով: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ. սովորել եմ Հալեպի համալսարանում, մինչ այդ սովորել եմ Բարեգործական կենտրոնական վարժարանը:Բոլորն էլ գիտեն մեր հոս գտնվելու, Սիրիայից դուրս գալու պատճառը:Ամեն ինչ ունեինք  և ամենն ալ ձգեցինք ու հոս եկանք:

-Ի՞նչ խնդիրներ ունեք  Հայաստանում:

-Երկու կարևոր խնդիր կա. երբ որ մենք Երևան կը գտնվինք, ասել է, որ ամեն օր կապի մեջ պիտի մըտնենք մեր հարազատներուն հետ: Միակ կապվելու ձևը  հեռաձայնը պիտի ըլլա, սակայն կապը թանկ է. Ամերիկա հեռաձայնելն ավելի էժան է, քան Սիրիա: Մեր մարմնին մի մասը մենք հոն` Սիրիա թողած ենք, ուրեմն, ամեն օր մեկ-երկու անգամ  կապ կը պահենք, խնդրում ենք գիները իջեցնել:Այս մի տարվա մեջ մենք արդեն բավական գումարներ ենք ծախսել և արդեն դժվարություն ունինք: 
 Երկրորդ խնդրանքը վերաբերում է մեքենա վարելուն: Սկիզբը մեզի ասացին, որ հիմնական սիրիական թուղթերով կարող ենք հոս ավտո քշել, սակայն հիմա այդ պահանջքը  մոռացան և պահանջում են, որ երբ ժամանակը լրանա, պիտի քննություն տանք: Մենք 50 տարեկանն անցանք, պետք չունինք քննություն տալու, խնդրում ենք հեշտացնել այս հարցը: Մենք ընտանիքի տեր ենք, ուրիշ հոգսեր ունինք, մեր տուները կենտրոնից քիչ մը հեռու վարձած ենք, որ քիչ մը էժան ըլլա: Զավակներ ունինք, որոշ պարտականություններ ունինք,միշտ չէ, որ կարող ենք երթուղայիններով, ավտոբուսներով երթևեկել: Խնդրում ենք, որ այս թուղթերու հարցը շատ ավելի հեշտ ըլլա:

-Աշխատանք ունե՞ք:

-Ես օդափոխության գծով ինժեներ-մեխանիկ եմ և կարող եմ անհատապես աշխատել կամ որևէ հիմնարկի, պետական աշխատանքի մեջ ըլլալ: Անհատական գործ ընելու համար բավական դժվարություններ կան: Իհարկե, կառավարությունը որոշ ասպարեզներում բավական դյուրություններ տվավ: Հիմա դառնամ սկզբից գործ սկսելուն. ենթադրենք ես ասկե մի շաբաթ առաջ որոշումներ արի.  ըսին, որ որոշ գումարներ պիտի տան ան ծրագիրներուն, որոնք Հայաստանի մեջ հաջողություն գտնեն և հսկողության տակ մնան. այդ դրամական օգնությունը` մոտ 12-ից 13 հազար դոլար է այն անձերու, ովքեր նոր գործ պիտի սկսեն: Նոր գործ մը սկսողից տուրքը չը պիտի առնել. այդ 13000 դոլարը չի բավարարի նոր գործ սկսելու հետ նաև հենց սկզբից տուրք վճարելուն: Գալով իմ գործիս`  ասեմ, որ եթե երթամ կառավարական գործի, դարձյալ դժվարություն կունենամ. նախ` տարիքս մեծ է, 50-ն անց եմ, հետո` ի՞նչ պիտի առնիմ` 200-300 դոլար, որով չեմ կարող տան վարձը տալ, ընտանիքիս պահել, հոսանքի, գազի, ջրի վարձը տալ: 
  Պզտիկ-պզտիկ գործեր եմ անում. Նորոգություններ՝  հոս-հոն, սակայն սա  մշտական գործ չէ: Եթե տուրքերը մաս-մաս՝ երկու- երկու տարի հետո ուզեն, կրնամ գործ սկսիլ:Բերած գումարները կը վերջանան. իմ շատ ընկերները կըսեն, թե Հոլանդիա, Բելջիքա կերթան, ես չեմ ուզեր դուրս երթալ, ես շատ պարզ ձևով ասում եմ` ինչու՞ պիտի Հայաստանը ձգեմ:
Հալեպահայերը հոս կուգան, աստեղեն դուրս կերթան: Մենք չենք ուզեր, որ մեր հալեպահայերը նորեն կորսվին Եվրոպայի մեջ: Մեր ընտանիքը Հայաստանն է: Աստված երևի աս պատերազմը բերավ, որ գիրքերուս մեջ տեսած Արարատը, Մասիսները իրականության մեջ տեսնինք: Երկրորդ անգամ մենք չպիտի կորսնցնենք  մեր Հայրենիքը: Եթե ինծի մնար, կուզեմ, որ հայերը հոս պահեն. մենք պիտի շատնանք, հավաքվենք, ուժ դառնանք: Եթե աշխարհի մեջ հայերը 10 միլիոն են, չպիտի հոստեղ` Մայր Հայաստանի մեջ 3 միլիոն ըլլան: Ինծի համար աշխարհի ամենագեղեցիկ տեղը հոս է, եթե անոթի ալ մնամ, հո՛ս պիտի մնամ: Ես աս քաղաքը շատ սիրեցի: Օդանավակայանեն արդեն առաջին իսկ վայրկյանեն այնքան ուրախ էի, որ շուրջս բոլորը հայերեն կը խոսեին. կուզեի բոլորին համբուրել:

-Ի՞նչ  և ու՞մ եք թողել Հալեպում:

-Հալեպն իմ ծննդավայրս է, հոն թողած եմ հարազատներս, գեղեցիկ տունս… Ավտոներ ունիմ հոն, ամառանոց, պապենական հողեր ունինք: Մեր վիճակը շատ լավ էր հոն: Հոս էլ շատ լավ է, տագնապ չունինք: Չեմ վախնար, որ աղջիկս օտար ազգե մեկ մը պիտի առնե: Հոգեպես շատ հանգիստ եմ, խաղաղ: Ուրախ եմ, որ կյանքը մեզի հոս նետեց: Երեխաներս սիրով կը հաճախին դպորց. տղաս 10-րդ դասարանում է, աղջիկս` 8-րդ դասարանում: Տղաս ցանկություն ունի  ինդուստրիալ քիմիայի գծով շարունակել ուսումը, աղջիկս` դիզայինի: Տիկինս տնային տնտեսուհի է: Շփվում ենք թե՛ սիրիահայերի, թե՛ տեղացիների հետ, ես տանից շատ չեմ սիրեր դուրս  ելլել, տունս իմ բերդս է: Զավակներիս կըսեմ, որ հայաստանցի երեխաների հետ ավելի շատ շփվեն. ես ալ շփվող եմ, շատ տեսակավոր մարդոց հետ շփվեցա և բոլորն ալ հավնեցա: Աղվոր, ուսյալ, խելացի մարդիկ կան: Ամեն ինչի մեջ ծայրահեղություն կա Հայաստան:

-Պարո՛ն Վարժապետյան, ի՞նչ  տեսարժան վայրերում եք եղել, և ո՞րն է ավելի տպավորվել:

-Շարք մը տեղեր գացած ենք, բայց Գառնին, Գեղարդը չորս անգամ գացի, չտեսնված տեղ մ‛է. հոն ասես սուրբի վերածվեցա: Եթե քիչ մը ավելի մոտ ըլլար քաղաքեն, տուն մը կառնեի, հոն կնստեի:

-Խաղաղության դեպքում  կվերադառնա՞ք Սիրիա:

-Ո΄չ: Ես առաջին անգամ, որ հոս եկա, մտածեցի՝ դուռը գոցեմ Սուրիո և մնացած կյանքս հոս ապրիմ: Ես Հայաստան շատ հավնեցա:

-Ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:

-Հայրենիքը մեր գոյությունն է, մեր գետինն է, մեր առաջին և վերջին տեղն է:

Զրուցեց  Կարինե  ԱՎԱԳՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38