ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայրենադարձներ
02.04.2013

Գևորգ Շադոյան
«Մարդու էության մեջ պետք է գերակայի արվեստի զգացումը»
Առհասարակ հագուստը ինքնադրսևորման փոքրիկ միջոց է, իսկ  նորաձևությունը` ոճային ապրելակերպ: Երևույթն  ինքնաբերաբար մարդու կյանքում  դառնում է արվեստի մի ճյուղ, որն, ըստ էության, հոգու  արտացոլանքի մի աղբյուր է, իսկ նորաձությունը`  դրա ոճը որոշող տարր:
Ժամանակակից կյանքում  նորաձևությունը  որքան էլ սեփական ոճը ստեղծելու համար առաջարկի ընտրության լայն հնարավորություն, միևնույնն  է, անկախ սեռից ու տարիքից, ազգային պատկանելությունից ու մաշկի գույնից՝  ոչ բոլորն են  կարողանում գտնել անհատական ոճի գաղտնիքները: Գլխապտույտ նորաձևության  մեջ գտնելով  սեփական ոճդ ՝ բացահայտում ես ճաշակիդ մակարդակը՝ ճաշակո՞վ ես, թե՞ անճաշակ:  Իսկ այս դեպքում բոլորովին դեր չունի  հագուստի արժեքն ու  բրենդը,  քանի որ   այն  կրելիս չի երևում դրա պիտակը, իսկ գինը  ոճ չի ստեղծում:
 
Սեփական  անհատական ոճի գաղտնիքները բացահայտելու  ամենապարզ ճանապարհը կարող է ցույց տալ  սիրիահայ նկարիչ-մոդելավորող  Գևորգ Շադոյանը:  Գևորգն իր  մասնագիտական կրթությունը կերտել է  հարուստ կենսագրական փորձով:  Մի քանի տարի առաջ  նա ուսման նպատակով  այցելել է  Հայաստան և ավարտել  Երևանի Գեղարվեստի պետական  ակադեմիայի մագիստրատուրան: Մինչև այդ  Գևորգը   Բեյրութում ավատել էր  հագուստի դիզայնի բաժինը և որոշել էր  Հայաստանում էլ ավելի ամրացնել մասնագիտական հմտությունները: Ուսման տարիներին նա  Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում ուսումնասիրել է  հայկական զարդանախշերի պատմությունը,  ինչպես նաև ծանոթացել  կտորի մշակման տեխնալոգիական նրբություններին և ավարտել նաև  տեքստիլ՝  կտորի մշակման  բաժինը: Այնուհետև   մեկնել է  Սիրիա  և հիմնել նորաձևության  դպրոց:  Սակայն  Սիրիայում սկսված պատերազմի պատճառով  վերադարձել է  Հայաստան և  արդեն մեկ տարի շարունակ  ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Այս կարճ ժամանակահատվածում  նա  հասցրել է հիմնել է «SHADOYAN»  դիզայներական ստուդիան:  Դրանից  բացի,  այսօր նա դասավանդում է Երևանի  Գեղարվեստի պետական  ակադեմիայում: Ժամանակին Երևանի Գեղարվեստի  պետական ակադեմիայի մագիստրատուրան ավարտելիս Գևորգը, որպես դիպլոմային աշխատանք, ներկայացրել է նորաձև  հայկական հարսանեկան հագուստներ, և հենց նույն օրը  նրա աշխատանքների ցուցադրությանը ներկա հյուրերից մի կին  Գևորգին առաջարկել է  սեփական աշխատանքները ցուցադրել նաև ԱՄՆ-ում: Այդ օրվանից Գևորգի աշխատանքների ցուցադրության աշխարհագրությունն ընդլայնվել է՝ թե´ նկարչական  և թե՛  դիզայներական: Գևորգ Շադոյանի ստեղծագործությունները ցուցադրվել են   ԱՄն-ում, Ավստրալիայում, Փարիզում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Թուրքիայում  և այլ երկրներում: Դե, իսկ  Հայաստանում նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝  ինչպես անհատական, այնպես էլ  խմբակային:  Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Գևորգ Շադոյանի հետ.

-Արդեն մեկ տարի  ապրում ու ստեղծագործում  եք Հայաստանում: Որպես նկարիչ-դիզայներ, հայաստանյան և սիրիական  «ֆեյշն» (հագուստի դիզայնի) ոլորտներում  ինչպիսի՞  տարբերություն եք տեսնում:  

- Վերջին շրջանում՝ մինչև պատերազմը,   սիրիական  «ֆեյշն» ոլորտում  նկատելի էր աճ:  Այս  առումով սիրական և  հայաստանյան շուկաներն անհամեմատելի են, տարբերությունը խիստ  մեծ է: Առհասարակ ցանկացած  ոլորտի առաջընթացի համար էական  է  բնակչության թվաքանակը, որն էլ ապահովում է  անհրաժեշտ շուկան,  իսկ այս հարցում Սիրիան գերազանցում է  Հայաստանին: Ինչ վերաբերում է  աշխատանքի համար  անհրաժեշտ հումքի՝  կտորի և այլ պարագաների  ձեռքբերմանը,  այստեղ դժվարություն կա, իսկ եղածն էլ թանկ  է, հետևաբար իմ աշխատանքները  պետք է առաջարկեմ թանկ գնով: Մինդեռ  Սիրիայում  նման խնդիր չկար. այնտեղ կտորի և  անհրաժեշտ պարագաների  շուկաներն իրենց որակով ու բազմազանությամբ   շատ հարուստ էին: Դրանից բացի,  այստեղ նորաձևության շաբաթներ անցկացնելու մշակույթը բացակայում է:  Հույս ունեմ, որ թվարկածս խնդիրներն  այստեղ կկարգավորվեն՝ շնորհիվ  հայաստանյան հայտնի դիզայներների:    

-Ովքե՞ր են  հետաքրքրված   «SHADOYAN»  դիզայներական ստուդիայի աշխատանքներով:  

-Ինձ համար գերադասելի է աշխատել միջին դասակարգի մարդկանց հետ:  Աշխատանքիս մեջ սիրում եմ պարզ ու  հասարակ  ոճը, որի  մեջ  լիովին ամփոփվում է դիզայներական  ողջ գեղեցկությունը՝  ընդգծված յուրահատուկ ոճով: Նման ոճի սիրահարներն ու գնահատողները կարողանում են ինձ գտնել, արդյունքում դիզայներ և այցելու հանդիպումը կայանում է: Անկեղծորեն  ասեմ, որ  դեռ չեմ հանդիպել  իմ ակնկալած հաճախորդներին՝  միջին դասակարգին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում դեռևս ձևավորված չէ միջին խավ:

-«SHADOYAN»  դիզայներական ստուդիայի  դռները  ո՞ր  տարիքային  խմբերի համար է բաց, և առհասարակ աշատանքները  ո՞ր սեռի համար եք ներկայացնում:  

-Աշխատում եմ բոլորի համար՝ անկախ սեռից ու տարիքից, պարզապես  զբաղվում եմ  երեկոյան, կոկտեյլային ոճի  զգեստների, ինչպես նաև տարբեր միջոցառումների համար հագուստի  նորաձևությամբ: Ոճային առոմով  որոշ սահմանափակում կա.  իմ աշխատանքները ոչ թե ամենօրյա, այլ,   կարելի է ասել, հատուկ օրերի  համար են: 

-Դուք՝  որպես  նկարիչ-դիզայներ,  ի՞նչ կարող եք ասել մեր կանանց և տղամարդկանց հագուստի ոճի ընտրության մասին: Որքանո՞վ  ենք հետևում նորձևությանը և արդյո՞ք ընտրում ենք  մեր արտաքինին  համապատասխան ճիշտ   հագուստ:  

-Ի տարբերություն  տղամարդկանց՝  կանայք ավելի շատ են հետևում նորաձևությանը: Չնայած  երբեմն կանայք այս հարցում ավելի շատ կրկնօրինակում են, այլ ոչ թե նորաձևությանն ընդառաջ  ստեղծում սեփական ոճը: Առհասարակ պետք է  ընտրել այնպիսի  հագուստ,  որը համապատասխանում է քեզ, քո տեսակին ու քո արտաքինին, այլ ոչ թե նախապատվությունը տալ այն հագուստին, որը հագնում է հարևանը, բարեկամը կամ ընկերուհին: Նորաձևության հարցում այստեղ ավելի շատ նույնությունն է իշխում: Հայերը նորաձևությանը հետևելիս պետք է կարևորեն իրենց ցածրահասակ լինելու հանգամանքը և հագուստի մեջ այն թաքցնեն, այլ ոչ թե ընդգծեն, ինչը,  ցավոք,  երբեմն սխալմամբ անում են: Օրինակ՝  երկարաճիտ կոշիկները  ավելի շատ ընդգծում են ցածրահասակի թերությունը՝ ցածր հասակը: Այս դեպքում նորաձևությանը հետևելիս  հայտնվում են ավելի ծիծաղելի վիճակում: Նկատել եմ՝  կանանց և  տղամարդկանց մեջ  բացակայում է հագուստի  անհատական ոճը, ինչպես նաև գունային ներդաշնակությունը: Թեպետ վերջին տարիներին նկատելի է հագուստի գունային փոփոխություն. եթե մի տասը տարի առաջ հագուստի գույնի մեջ  գերակայում էր սևը, ապա այսօր  փոխարինում են ավելի պայծառ գույները: Այս առումով երևույթը ուրախացնում է, բայց  պատահում է, որ  հագուստի գույնի ընտրությունն է սխալ  լինում: Հագուստի ոճի  ու գույնի առումով մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է իրենց համապատասխանում, և որը՝ ոչ:

-Գուցե  խնդիրն այնտեղ է, որ  շուկա՞ն է սխալ առաջարկ ներկայացնում: Թեպետ հայաստանյան ոլորտում ունենք  բազմաթիվ հայ դիզայներներ, և գուցե իրենք նույնպե՞ս  ճաշակ թելադրելու հարցում ունեն իրենց թերությունները:

-Ճիշտ եք ասում. շուկան ու դիզայներները ազդեցիկ դեր ունեն: Եվ դրսից ներկրվող հագուստները,  թեկուզ բրենդայինները,   պետք է ճիշտ լինեն, որից և կախված  է, թե այստեղ նորաձևությունն ինչ մակարդակի վրա  կլինի: Մի քանի հայ դիզայներների գիտեմ, ովքեր հագուստի նորաձևության մեջ ոչ թե ստեղծում են սեփական ոճը, այլ  դրսի շուկայից կրկնօրինակում են:  

-Հագուստի անահատական  ոճը ստեղծելու գաղտնիքը  ո՞րն է:

-Մարդու  էության մեջ պետք է գերակայի  արվեստի զգացումը, և շատ կարևոր է միջավայրը: Իսկ հատկապես  դիզայների համար անհրաժեշտ է ունենալ և´ արվեստի զգացում, և՛ աշխատանքային ճիշտ փորձ, և՛ աշխատանքի մեջ դրսևորել  առավելագույնս ազնվություն: Այս վերջին հանգամանքը յուրաքանչյուր դիզայներ չպետք է  կորցնի, քանի որ շատ է պատահել,  որ հայ դիզայներները առաջնորդվել են  ոչ թե  անձի անհատական ոճով, այլ նյութական շահով: Դիզայները պետք է բարեխղճորեն ու ազնվորեն իրեն դիմած այցելուին տեղակացնի,  թե  որ հագուստն ու գույնն է իրեն համապատասխանում: Օրինակ՝ մի անգամ  դրսում իմ աշխատանքների ցուցադրությունից հետո մի աղջիկ շատ էր ցանկանում գնել իմ ստեղծած հագուստներից մեկը. անկեղծորեն նրան խորհուրդ տվեցի,  որ դա իրեն չի սազում,  այդ պահին կողքիս կանգնած մարդիկ զարմացան՝  ասելով, թե մարդը գումար  էր տալիս, ի՞նչ էական էր՝  իրեն սազում էր,  թե  ոչ. միևնույնն է, չէր հասկանում: Երբեք ինձ թույլ չեմ տա խաբել դիմացինին:  

-Դուք՝ որպես  նկարիչ-դիզայներ,  ո՞ր  գույների հետ եք հաշտ:

-Մի քանի տարի առաջ սիրում էի Միջին Արևելքի գույները՝ ոսկեյգույնն ու  բրոնզագույնը: Բայց արդեն սկսել եմ սիրել հայկական գույները՝ նռան և  հողի գույները, շագանակագույնն ու ծիրանագույնը: Աշխատանքային ձեռագրիս  ծանոթ մարդիկ  անմիջապես կռահում են իմ ստեղծած հագուստները,  ասում եմ. «սրանք Գևորգի գույներն են»:

-Արդեն մեկ տարի է՝ ապրում եք Հայաստանում,  այս ընթացքում  պետության  կողմից  աշխատանքի  համար որևէ աջակցություն ստացե՞լ եք:   

-Անկեղծորեն ասած՝ որևէ ակնկալիք չունեմ, և բացի դրանից,   ինչո՞ւ պետք է պետությունն  աջակցի, եթե ինձ մոտ ամեն ինչ օրինական է: Չեմ կարծում, որ հնարավոր է՝  որևէ խնդիր առաջանա: Սեփական ուժերովս եմ ստեղծել «SHADOYAN» դիզայներական ստուդիան:  Շատ եմ ուզում բացել նորաձևության դպրոց և կարծում եմ՝ մի քանի տարի հետո այս ցանկությունս  կյանքի կկոչվի: Չեմ սիրում ինձ օգնելու համար դիմել մարդկանց:  Ինչ մնում է  Հայաստանում  նորաձևության ասոցիացիայի բացակայությանը, ա´յ այս հարցում  կցանկանամ, որ պետությունը լրացնի այս բացը:  

Զրուցեց  Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38