Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 11 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռքի թղթակիցներ
03.04.2013

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Մարտի 20-ին, Զորյան  ինստիտուտի և Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի ներկայացուցիչները՝ Զորյան ինստիտուտի նախագահ պրն. Գրեգ Սարգսյանը և Թանգարանի արտաքին կապերի բաժնի պատասխանատու, դոկտոր Կլինթ Կուրլին,  հանդիպեցին  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ`  Վիննիպեգում կառուցվող նոր թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման կարևորությունը քննարկելու նպատակով:
Գրեգ Սարգսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցանմուշները շատ կարևոր են լինելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք լինելու են մշտական, մանավանդ Կանադայի նման մի  երկրում, որը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը: 

Օգտվելով առիթից՝ նախարար Հակոբյանը պարոն Սարգսյանին պաշտոնապես հանձնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը` Սփյուռքում հայ ինքնության պահպանմանը նպաստելու համար: 

Ինստիտուտի անունից ընդունելով մեդալը՝ պարոն Սարգսյանը շեշտեց  Զորյան ինստիտուտի կողմից կատարված ինքնատիպ գիտական հետազոտությունների և ավելի քան քառասուն հրատարակությունների արժեքը՝  բարձր գնահատելով Կանադայի պետության դերը,  որը, նրա խոսքերով,  «մեզ ապահովում է ֆորումով, կառույցներով, սահմանադրությամբ, Իրավունքների և ազատությունների խարտիայով` մաս կազմելու հավաքական գաղափարախոսությանը և հավաքական իդեալին»: 

Իր հերթին թանգարանի Արտաքին կապերի բաժնի ղեկավար, դոկտոր Կլինթ Կուրլին ավելացրեց: «Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Եթե հետադարձ հայացք նետենք 30 տարի առաջ, կտեսնենք, որ այդ ժամանակ գրեթե ոչ մի կանադացի տեղյակ չէր Հայոց ցեղասպանության մասին: Կարծում եմ, որ Զորյանի անվան ինստիտուտն իր աշխատանքներով փոխել է Կանադայում իրավիճակը: Ինստիտուտը կանադացիներին իրազեկեց ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլև ցեղասպանության և մարդու իրավունքների մասին ընդհանրապես: Ինստիտուտի ներկայացուցիչները գտան կանադացիների հետ խոսելու և Ցեղասպանության մասին պատմելու ձևը: Զորյանի անվան ինստիտուտի աշխատանքների շնորհիվ  այսօր կանադացիները անհամեմատ ավելի տեղյակ են հարցի մասին: Մեր կառավարությունը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը,  և դրա համար մենք պարտական ենք Զորյան ինստիտուտին:  Եվ հիմա ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և խոսել այս կարևոր հարցերի մասին: Մեր թանգարանի անունից ցանկանում եմ ողջունել բոլորիդ: Շնորհակալություն»: 

Այցի օրերին Թանգարանի և Զորյան  ինստիտուտի ներկայացուցիչները այցելեցին պատմական վայրեր, եկեղեցիներ և թանգարաններ, այդ թվում՝ Մատենադարան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Վերադառնալով՝  դոկտոր Կուրլին հետևյալն է գրել իր բլոգում. 

«Անցյալ ամիս ես այցելեցի Հայաստան, որտեղ հանդիպեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներին: Նրանք աշխատում են բարձրացնել 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը: Պատմության մեջ այս վայրագության շարունակական ժխտումն այն դարձնում է մեր օրերի մարդու իրավունքների հարցերի հարցը: 

Երբ Մարդու իրավունքների թանգարանը բացվի մյուս տարի, այս վայրագության մասին տեղեկությունները կցուցադրվեն մեր պատկերասրահներում: Մենք նաև աշխատում ենք Երևանի թանգարանի հետ հաստատել համագործակցություն, որը կարող է մեզ օգնել օգտագործելու իրազեկումն ու երկխոսությունը՝ որպես հայերի և մարդկության համար մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու միջոց: 

Այցիս ընթացքում ինձ ուղեկցում և օժանդակում էին Տորոնտոյում Զորյանի անվան ինստիտուտի անդամները, որոնք աջակցում են Մարդու իրավունքների, Ցեղասպանության և Հայրենիք-Սփյուռքի հարաբերությունների վերաբերյալ հարցերի ուսումնասիրմանը և իրազեկմանը»:

|

 
 
Սփյուռքի թղթակիցներ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38