ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռքի թղթակիցներ
10.04.2013

ՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ…
Արգետինացի գրող, բանաստեղծ,  «Կովկասի դուստրը. մեկ ճամփորդություն դեպի հայկական վիշտը» Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի հեղինակ Գուստավո Ստերկսեկը հետեւյալ հոդվածը գրել է իսպաներեն։
Որքա՛ն կուզենայի չգրել այս տողերը: Որքա՛ն կուզենայի, որ դա տեղի ունեցած չլիներ:
Պատահեց այն, որ այնտեղ՝ հեռվում, մարդիկ սրանից տարիներ առաջ խաղաղ ապրում էին իրենց համար, քանի արձակված չէր դեռ 1915 թվականի ապրիլի 24-ին մի ամբողջ ազգ ոչնչացնելու մասին ցեղասպանական հրամանը: Ինչ որ հետեւեց դրան, այնքան սարսափելի է, որ անհնար է  նկարագրել:

Կարող էին ուրիշները լինել, բայց հայերին բաժին ընկավ: Մինչդեռ ժառանգներին վիճակված էր դրանից հետո ամեն ապրիլին վերապրել բոլոր փորձությունները, որոնց ենթարկվել էին նրանց նախնիները համայն աշխարհի հայացքի ներքո, որոնց, բարեբախտաբար, նման բան ՉԷՐ պատահել: Բավարար չէր, որ սպանել էին նրանց պապերին, ոչ էլ՝ որ բռնություններ էին գործադրել կանանց, տղամարդկանց, երեխաների նկատմամբ… Բավարար չէր, ո´չ. պարտադրել էին, որպեսզի մի ամբողջ ազգ դեպի անապատ իր երթը սկսի, որտեղ մարդիկ արդեն սովի եւ ծարավի զոհն էին դառնալու: Բավարար չէր, որ տիրացել էին Հայաստանի պատմական տարածքների 90 տոկոսին, վերափոխել էին նաեւ վայրերի անվանումներն ու խեղաթյուրել ակնհայտ փաստերը բոլոր: Բավարար չէր այդքանը, թուրքական պետությունը գողացել էր մինչեւ իսկ նրա ամենթանկագին խորհրդանիշը՝ առասպելական լեռն Արարատ: Բարոյական աղքատությունը մեր աշխարհում այսօր էլ է ստիպում հայերին  քանի-քանի անգամներ ապացուցել մշտապես, որ զոհն է դատապարտելի մի հանցագործության, որի մասին վկայում եւ կրկին ու կրկին վերապրում է ընկածների հիշատակի օրերին՝ առանց հասնելու արդարության շոշափելի արդյունքների, մինդեռ մարդասպանը ազատ է տակավին որեւէ պատասխանատվությունից:
Որքա՞ն պետք է դեռ հայ ազգը այս հանցագործության դատապարտման անհրաժեշտության մասին վկայի:
Որքա՞ն անգամ պետք է ցուցադրի զոհերի ոսկորները:

Որքա՞ն անգամներ է պարտադրված լինելու ներկայացնել փաստերը հաշմանդամ դարձած իր ժողովրդի զավակների, տկարացած մարմիններով անարգված աղջիկների, սրերով գլխատված տղամարդկանց, թալանված ու այրված տների, պղծված եկեղեցիների, աշխարհիս հնագույն հոգևոր ժառանգության  ոտնահարման ու կործանման ենթարկելու մասին:
Որքա՞ն է Հայաստանը ստիպված լինելու տակավին ցուցադրել, թե ինչպես էին թուրքական վայրագ անհանդուրժողականության պատճառով կասեցվում իր զավակների լույս աշխարհ գալը,  թե ինչքան երեխաներ չծնվեցին այդպես էլ լոկ այն պարզ պատճառով, որ նրանք, ովքեր կարող էին հետագայում ծնողներ դառնալ, թուրքական մի հրամանով դրանից շատ առաջ սպանվեցին:

Հանցագործությունն արդեն իսկ ապացուցված է, մարդասպանն էլ՝ բացահայտված, սակայն մեր՝  համաշխարհային հասարակություն արժեքներին հավատարիմ մնալու եւ համապատասխան քաջություն ունենալու պակասը արգելակ են հանդիսանում թուրքական իշխանությունների դեմ համատեղ ջանքեր գործադրելուն, որպեսզի ճշմարտությանը հասնեն, եւ այս սարսափելի հանցագործությունը, որը վիրավորական է բոլորիս՝ հայերի եւ ոչ հայերիս համար այնքանով, որքանով ամենքս էլ մարդ արարծներ ենք պարզապես, ստանա վերջապես իր ճանաչումը:

Այսօր ես, պատկանելով աշխարհիս 99,9 ոչ հայ բնակչության թվին, շատ մեծ ամոթ եմ զգում այն աշխարհի համար, որ 98 տարի սրանից առաջ միայնակ թողեց հնագույն եւ հարուստ մշակույթ ունեցող մի ազգի, երբ վերջինիս կոտորում էին այդ նույն աշխարհի երեսից ջնջելու նպատակով: 

Լեհաստան ներխուժելուց ինը օր առաջ Ադոլֆ Հիտլերը, արդարացնելով իր ծրագրերը,ասել էր. 
-Ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածներիմասին:
Մնացածը գիտենք արդեն…

Երանի կարողանայինք մեկ օր ինքներս մեզ հայերի տեղը պատկերացնել… Կհասկանայինք այնժամ այդ հանցանքը միջազգայնորեն դատապարտելու անհրաժեշտությունը, քանզի այն իրավամբ ՀԱՄԱՅՆ մարդկության դեմ էր: Երանի Եվրոպական Միության այն պետությունները, որոնք չկան Հայ դատը պաշտպանողների շարքերում,  նրանց թվում՝ նաեւ Իսպանիան, քաջությունն ունենան միանալու այս գործին եւ դատապարտեն ցանկացած կարգի ցեղասպանություն, որտեղ էլ որ այն տեղի ունեցած լինի:

Հավերժ հանգստություն XX-դ դարի առաջին խոշոր ցեղասպանության անմեղ զոհերի հոգիներին:
Արդարության եւ ճշմարտության վերականգնում աշխարհով մեկ սփռված նրա ժառանգների համար:
Եվ թող երբեք պաշտպանության չարժանանա ցեղասպանություն իրագործած որեւէ պետություն:


                  ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

|

 
 
Սփյուռքի թղթակիցներ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38