ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն Տնտեսություն
11.04.2013

Չեխիայի արտգործնախարար. «Հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է»
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաև զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ խթան է հաղորդել դինամիկ զարգացող փոխգործակցությանը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի արտգործնախարարը նշեց, որ հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավականին ակնառու է, ինչն արտահայտվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթով,  միջխորհրդարանական ակտիվ շփումներով, և ընդգծեց, որ եկել է ժամանակը ուշադրությունը սևեռելու տնտեսական բնագավառում համագործակցության խորացման և ընդլայնման վրա։ Այս առումով երկուստեք կարևորվեց նախարար Շվարցենբերգի պատվիրակության կազմում չեխ գործարարների ներկայությունը  և Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Կարևորվեց տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը:

Անդրադարձ կատարվեց  Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես ավարտական փուլ մտած Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։

Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս ենթատեքստում Չեխիայի առաջին փոխվարչապետը վերահաստատեց աջակցությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով իրականացվող քայլերին։

Մինչ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը բացեցին հայ-չեխական գործարար համաժողովը։ 
Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:
   

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38