ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 28 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Անվանի մարդիկ
16.04.2013

«Երկաթե լեդին» ժամանակին անկեղծացել է. Լենինականում ունեցել է իր կյանքում ամենալավ ընդունելություններից մեկը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին Հայաստանում հարգանքով են հիշում: «Երկաթե լեդին» 1990 թ. հունիսին այցելեց Լենինական (Գյումրի)՝ կործանարար երկրաշարժի դառնությունները ճաշակած ժողովրդի շրջանում մեծ ոգեւորություն առաջացնելով:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է այն ժամանակ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի հետ «երկաթե» տիկնոջ Հայաստան այցի մանրամասների, նրանից ստացած տպավորությունների եւ Թետչերի բնավորության նուրբ ու զգայուն գծերի մասին:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչո՞ւ էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը Հայաստան ժամանել Սպիտակի երկրաշարժից գրեթե 2 տարի անց:

-Մարգարետ Թետչերն աշխարհահռչակ գործիչ էր: Նրա օրոք Մեծ Բրիտանիան մեծ զարգացում ապրեց, ապահովեց ներքին կայունությունը, պաշտպանվեցին նրանց շահերը  ֆոլկլենդյան պատերազմում: Տնտեսությունը զարգացում ապրեց կարգ ու կանոնի, ինչ-որ տեղ էլ դաժանությունների ճանապարհով: Ինձ դուր չի գալիս, որ որոշ անգլիացիներ ուրախությամբ են ընդունում նրա մահը, ինչ է թե որեւէ տեղ նրանց շահերը չեն համընկել: Թետչերը կարգավորող լծակների միջոցով սկսել էր զսպել բոլորին՝ կարգավորելով ընդհուպ մինչեւ դպրոցի երեխաների սնունդը: Այն ժամանակ նա այնպես կարողացավ կազմակերպել Մեծ Բրիտանիայի կառավարումը, որ այդ երկիրը կրկին դարձավ միջազգային բարձր հեղինակություն եւ համաշխարհային գործընթացների վրա մեծ ներգործություն ունեցող պետություն: Սա ուրանալ չի կարելի, առավել եւս այն պարագայում, որ ես նրա քաղաքական հակառակորդն էի՝ տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունենալու պատճառով: Ավելին՝ ես ԽՄԿԿ անդամ եմ մինչեւ հիմա, դավանանքս չեմ փոխել եւ չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռեյգանը, Թետչերը, Գորբաչովն ու Յակովլեւը կարողացան այն հզոր պետությունը ոչ թե վերակառուցել, այլ կազմաքանդել: Կարո՞ղ էր ԽՍՀՄ-ը չփլուզվել եւ վերակառուցվել, իհարկե կարող էր, ինչպես կոմունիստական Չինաստանն է կառուցում կապիտալիզմ: Սակայն մի կողմ թողնենք, սա ուրիշ թեմա է:

Հիմա նրա Հայաստան այցի մասին: Յուրաքանչյուր գործչի Հայաստան գալը համաձայնեցվում էր ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հետ, սա գաղտնիք չէ: Երբ հարցը քննարկել էին, որպես համարժեք պաշտոնակիցներ որոշվել էր, որ նրան ընդուներ Վլադիմիր Մարգարյանցը` Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահը: Հետագայում, այցից մեկ օր առաջ, ինձ զանգահարեց Յակովլեւը եւ խնդրեց, որ նաեւ ես մասնակցեմ, որովհետեւ երկրաշարժի գոտի իմ չգնալը կընդունվեր այլ կերպ. թե ինչու՞ Մարգարետ Թետչերը եկել է, իսկ Մովսիսյանը չկա: Մենք Մարգարյանցի հետ նրան դիմավորեցինք Լենինականի օդանավակայանում: Նրա գալու նպատակն անգլիական կենտրոնի կամ անգլիական դպրոցի բացման արարողությանը մասնակցելն էր: 

-Բայրոնի անվան, եթե չեմ սխալվում:

-Այո՛, հիմնական նպատակը դա էր:

-Դիմավորելուց հետո ինչպե՞ս զարգացան դեպքերը:

-Ասեմ, որ կազմակերպչական որեւէ ակտիվություն մենք չէինք ցուցաբերել, քանի որ ժողովուրդը եւ՛ հոգսերի մեջ էր, եւ՛ սգի, եւ երկմտանքի ու հիասթափության: Մենք չէինք կարող քարոզչություն անել եւ ասել, թե՝ եկե՛ք Թետչերին դիմավորելու: Մենք դա չարեցինք մտածված, որպեսզի ժողովուրդը չասի, թե մենք իրենց վիճակը հաշվի չենք առնում: Ես ուղղակի զարմացած էի, թե ինքնաբուխ հավաքված ինչքան ժողովուրդ կար այն փողոցներում, որով Թետչերը եկավ Լենինականի կենտրոն: Ամբողջ մայթերը, փողոցները լեփ-լեցուն էին: Դիմավորում էին աղ ու հացով, ծաղիկներով: Ես հպարտություն զգացի, որ հայ ժողովրդի ներկայացուցիչ եմ: Ժողովուրդ, որ դեռ այդ կործանարար երկրաշարժից տարի ու կես էլ չանցած, եկել էր ժպտալով, ծիծաղով, ծաղիկով, աղ ու հացով դիմավորելու Մարգարետ Թետչերին: Իրոք, հպարտ էի, որ մեր ժողովուրդն այդ ընկճված վիճակում անգամ իր արժանապատիվ կեցվածքը չի կորցնում: Մինչեւ հիմա էլ ես դա չեմ մոռանում: Դպրոցը բացեցին: Այդ արարողությունը սկզբից մինչեւ վերջ տեւեց մոտ 3-4 ժամ: Ես ինչ-որ տեղ նկատեցի, որ այդ «երկաթե լեդին», ամեն ինչ մի կողմ դրած, սովորական մահկանացու էր, որ կարող է եւ՛ ուրախանալ, եւ՛ հուզվել: Ես տեսա նրա հուզմունքը, անգամ տեսա, որ նրա աչքերը թրջվեցին: Ես մտածեցի, որ մարդիկ իրենց պաշտոնական միջոցառումները կատարելիս կարող են ունենալ ուրիշ դերակատարություն, բայց բոլոր դեպքերում մարդկայինը մնում է մարդկային. եւ կարողանում են ուրախության դեպքում ուրախանալ, իսկ տրտմության դեպքում ոչ միայն կարեկցել, այլև ի սրտե ընդունել այն որպես իր սեփական վիշտը: 

-Կպատմե՞ք, թե դպրոցը բացելուց հետո ուր գնաց Թետչերը:

-Դպրոցը բացեցինք եւ վերադարձանք օդանավակայան: Այնքան լավ դիմավորեց մեր ժողովուրդն իրեն, որ Թետչերն ափսոսանքով նշեց, որ այսքան շուտ է հեռանում: Նաեւ ես չտեսա մեկին, ով կբերեր եւ ծրար կտար նրան կամ այլ բան, ինչն այդ ժամանակ ընդունված էր: Իրեն ընդունեցին հավուր պատշաճի, որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի,  որպես վարչապետի, որի երկիրն օգնել էր մեզ դժվար պահին: Օգնության ծավալների հարցում մեծ ու փոքր չկա, կարեւորը ուշադրությունն է հայ ժողովրդի եւ երկրաշարժի գոտու հանդեպ: Թետչերը չէր էլ սպասում, որ այդ աղետի գոտում մարդն աղետի մեջ չէ, այլ արժանապատիվ դիմավորում է իրեն: 

Օդանավայանում նա ասաց. «Դուք սքանչելի ժողովուրդ ունեք, եւ ես կմտածեմ, միգուցե, մեր ծրագրերն ավելի ընդարձակենք»: Այնտեղ նրան անսպասելի մոտեցավ մի նկարիչ, ում ես ճանաչում էի դեռ ուսանողանան տարիներից: Նրան հարցրեցի, թե դու ի՞նչ ես անում այստեղ, նա պատասխանեց. «Իմ նկարներից մեկը թույլ տվեք նվիրել Թետչերին»: Ասացի՝ նկարը քոնն է, եթե ցանկանում ես,  նվիրի՛ր (ժպտում է): Նկարը նվիրեց: Ես չեմ ասում, թե այն ուներ մեծագույն գեղարվեստական արժեք, բայց վատ նկար չէր: Թետչերն էլ ընդունեց հուզմունքով, հետո մենք զրուցեցինք, ես հարցրի, թե գոհ է արդյոք այս այցելությունից: Նա ասաց, որ չէր սպասում, որ այս ծանր վշտի, տառապանքի ու ավերածությունների ֆոնի վրա ժողովուրդը կարող է այդպիսի խանդավառությամբ ընդունել իրեն: Թետչերն ասաց, որ սա իր կյանքում ամենալավ ընդունելություններից մեկն էր: Լինելով քաղաքական հակառակորդ` ես միաժամանակ կարծում եմ, որ նա որպես պետական գործիչ իր երկրի համար արել է շատ մեծ բան եւ կամեցողություն է ունեցել մեզ ձեռք մեկնելու, դպրոց բացելու:

Այսքանով ավարտվեց նրա այցը: Հետո ԽՄԿԿ Կենտկոմից մեզ զանգահարեցին եւ շնորհակալություն հայտնեցին այդ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ես հավատացնում եմ ձեզ, որ մենք ոչինչ էլ չէինք կազմակերպել, արդեն բացատրեցի, թե ինչու: Ժողովուրդը ոչ միայն բարձրացրեց Մարգարետ Թետչերին, այլ նաեւ բարձրացրեց Հայաստանի ղեկավարության հեղինակությունը Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական ապարատի մոտ: Հատուկ ծառայություններից մարդիկ կային, ովքեր անմիջապես զեկուցել էին այցի մանրամասների մասին:
Այս բոլորով հանդերձ՝ ես ուզում եմ ցավակցություն հայտնել Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին, նրա բարեկամներին եւ հարազատներին: Զուտ մարդկային առումով` այն կեղծ հրճվանքը, որ նա մահացավ, եւ որոշ մարդիկ ուրախացան, ես չեմ ընդունում: Իրոք մեծ տիկին է մահացել, ես նույնիսկ չեմ ցանկանում տիկին բառն օգտագործել, որովհետեւ նա ինձ համար կերպար էր` ծանրակշիռ եւ լրջախոհ:

-Դուք բավական հանգամանալից ներկայացրիք Թետչերի այցը, այնուհանդերձ կուզենայի իմանալ, թե ինչ արդյունք տվեց նրա այցը երկու պետությունների հարաբերությունների համատեքստում:

-Միջազգային բոլոր հարաբերությունները Խորհրդային Միության հետ էին, քանի որ մենք նրա կազմում էինք: Ես Թետչերի այցը չեմ վերագրում որպես Հայաստան-Մեծ Բրիտանիա փոխհարաբերություն, այլ Մեծ Բրիտանիա- Խորհրդային Միություն: Միայն Անգլիան չէր, որ աշխատում էր երկրաշարժի գոտում, աշխարհի գրեթե բոլոր պետությունները մասնակցություն ունեցան կործանարար երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում: Թետչերն ասաց, որ կմտածի օգնության շրջանակները մեծացնելու մասին, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ այդ դպրոցով սահմանափակվեց Գյումրիում Մեծ Բրիտանիայի օգնությունը:

-Հայաստանից այլ նվերներ նվիրվեցի՞ն Թետչերին

-Ո՛չ, ոչինչ չենք նվիրել: Իսկ նրա նվերը մեր դպրոցն էր երկրաշարժի գոտում:

-Ինչպե՞ս էր նա շփվում ժողովրդի հետ:

-Խոսում էր բոլորի հետ, մոտենում էր: Մենք թողել էինք, որ իր այցն ինքը կազմակերպի եւ ում հետ ցանկացել է՝ խոսել է: Խոսել է շատ քաղաքացիների հետ, ավելի շատ նա մանուկների հետ զբաղվեց: Այնտեղ ընդհուպ մինչեւ շինարարին բեմ հրավիրեց եւ նվիրեց իր նկարը:
Անբռնազբոս եւ ազատ այցելություն էր՝  ինքնաբուխ կազմակերպված: Նա հուզմունքից մոռացավ, որ «երկաթե» Թետչերն է՝ դառնալով սովորական մահկանացու, որ կարող է եւ՛ կարեկցել, եւ՛ հուզվել, որ կարող է եւ՛ արտասվել, եւ՛ հպարտանալ, եւ՛ ծիծաղել: Մենք բոլորին շնորհակալ ենք, նույնիսկ այն փոքրիկ օգնության համար, որ դժվար պահին մեզ ձեռք են մեկնել:

-Ձեր ներկայացրածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թետչերն այնքան էլ «երկաթե» չէր:

-Այս դեպքում ես տեսա, որ ոչ մի երկաթի ու պողպատի բան չկա: Նա սովորական մարդ էր, ով կարողանում է հուզվել, ծիծաղել, զրուցել, ողջագուրվել երեխաների հետ, շփվել սովորական մարդկանց հետ: 
Իսկ քաղաքակության մեջ նա իրոք «երկաթե» էր: Եթե չլիներ նրա «երկաթե» գործունեությունը, ոչ թե բնավորությունը, այլ գործունեությունը, երբեւէ տղամարդիկ թույլ չէին տա, որ Անգլիայում վարչապետը լիներ կին: Եթե նա «երկաթե» բռունցքը չօգտագործեր, չէր կարող ներքին խաղաղություն ապահովել Իռլանդիայի հետ կապված հարցերում, չէր կարող տնտեսությունը զարգացնել հիմնականում ծախսերի տնտեսումների հաշվին: Նույնիսկ կտակել էր, որ մահանալու դեպքում այնպես հուղարկավորել իրեն, որ պետությունը լրացուցիչ ծախսեր չկատարի: Դա իր բնավորությունն էր: Սակայն ես գտնում եմ, որ Մեծ Բրիտանիան Արգենտինայի հետ չպետք  է պատերազմեր:

-Այդ պատերազմը նրա սխա՞լն եք համարում:

-Սխալ չէ: Նա իր պետության շահերն է պաշտպանել: Այստեղ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել ճիշտ ու սխալի: Նա պաշտպանում էր իր երկրի շահերն ու տարածքային ամբողջականությունը: Այստեղ նա «երկաթե» էր: Իսկ աղետի գոտում ես չտեսա ո՛չ երկաթը, ո՛չ պողպատը:                                   





Զրուցեց՝ Հակոբ Վարդանյանը



















|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38