ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայտարարություններ
19.04.2013

Ապրիլի 22-24–ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը
Ապրիլի 22-ին, ժ.10:30-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (հասցե` Մելիք-Ադամյան 1) կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից: Համաժողովի կազմակերպման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ավելի քան 40 համահայկական և տեղական երիտասարդական կառույցների հետ:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: 
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը միմյանց ճանաչելով, առավել սերտ կապեր հաստատելով է, որ կարող է դիմակայել առկա մարտահրավերներին: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջարկվեն նոր լուծումներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ՝ դրանցում կարևորելով հայ երիտասարդության դերակատարությունը:

Համաժողովին իր ողջույնի ուղերձը կհղի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կներկայացվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Համաժողովում ելույթ կունենա և երիտասարդությանը իր պատգամը կփոխանցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լիագումար նիստերին ելույթներով հանդես կգան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, ուսանողներ: 

Ապրիլի 23-ին, ժ.10:00-ին կմեկնարկեն թեմատիկ նիստերը` երեք ուղղություններով` 

1.«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» (վայրը` Համահայկական երիտասարդական հիմնադրամ (ՀԵՀ), փ.Աբովյան 50/5, 0 հարկ), 

2.«Լեզվամշակութային հիմնախնդիրներ»  (ՀԵՀ, 1-ին հարկ),

3.«Երիտասարդության հիմնախնդիրներ» (ՀԵՀ, 2-րդ հարկ):

Համաժողովի ավարտին մասնակիցները կընդունեն հայտարարություն ուղղված աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդությանը:

Համաժողովի ծրագրի շրջանակներում մասնակիցները կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին: Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ մեկտեղ, կայցելեն Ծիծեռնակաբերդ, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին  և ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:

Կից ներկայացվում է համաժողովի օրակարգը:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38