ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
21.04.2013

ՀԻՆՈՒՆՔ. Կարմիր Կիրակի
Սբ. Զատկին հաջորդող 3-րդ կիրակին(այս տարի` ապրիլի 21-ը) կոչվում է Կարմիր Կիրակի:   Ըստ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի` «Կարմիր» կոչումը բացատրող եկեղեցական որևիցե արարողություն չկա: Կանաչ և Կարմիր կիրակիներին նախնի Եկեղեցում կանաչ և կարմիր գույներ գործածելու սովորությունը կար: Կիրակի օրվա համաձայն` կանաչ կամ կարմիր էին լինում եկեղեցու վարագույրը, պատարագչի զգեստը, դպիրների շապիկը և այլն:
Մեծի Տանն Կիլիկիո Բաբգեն կաթողիկոս Կյուլեսերյանը իր «Քրիստոնեականի» մեջ Կարմիր Կիրակիին նվիրված մի տաղ է մեջբերում, ուր նմանություն կա Կարմիր Կիրակիի և Քրիստոսի թափած արյան միջև.
        
Կարմիր անուանի օրն այս նազելի,
   Զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրըն կիրակի,
   Եւ այն զի կոչի Կարմիր Կիրակի
   Եւ յոյժ պատշաճի, զի արեամբ ծաղկի:


Կարմիր Կիրակիի մեջ այլաբանական բացատրություն գտնելն, ըստ մեկնիչների, այնքան էլ դժվար չէ. Քրիստոսի արյունով ծաղկած կիրակի, Քրիստոսի արյունով հաստատված Եկեղեցի և այլն: Բայց սա դեռևս չի բացահայտում ազգային ավանդությունը: Ազգագրագետ-բանահավաք Երվանդ Լալայանը Ջավախքի սովորույթների մասին իր աշխատության մեջ Կարմիր Կիրակիի վերաբերյալ գրում է հետևյալը. «Կարմիր Կիրակիին կեսրանքը հարսին տանում են հանդերը` բանջար հավաքելու. խաղը, ծիծաղը, երգը և պարը անպակաս են լինում այսպիսի զբոսանքների ժամանակ: Կեսրանքը մի մեծ պարկ բանջար են լցնում և հարսնացուին շալակել տալիս, որ աշխատասեր և գործունյա լինի»:

Ժողովրդական լեզվի մեջ Կանաչ-Կարմիր նշանակում է նաև ծիածան: Սահակ վրդ. Ամատունին իր «Հայոց բառ ու բան» բառարանում գրում է. «Ծիրանի գոտին, որ ամպ ու անձրև օրերին կամարաձև երևում է երկնքի երեսին` ծիածանը, որին կոչում են կանաչ ու կարմիր, Աստծու գոտին է: Կարելի է ենթադրել, որ գարնանային եղանակին զուգադիպող տոնակատարությունները կապ ունեն նաև բնության պաշտամունքի, երկրի ծաղկումի և երկնքի պայծառացումի հետ:

Հետաքրքիր է, որ ժամանակին, պսակի արարողության ընթացքին, կանաչ ու կարմիր էին կապում որպես խորհրդանիշ արգասավորության: Իրանահայերի մեջ այսօր էլ սովորություն կա պսակի ընթացքում նորապսակների ուսից կամ վզի շուրջը կանաչ ու կարմիր ժապավեն կապելը: Սովորություն էր նաև պսակի արարողությունից հետո հատուկ ծիսակատարությամբ կանաչ-կարմիրը վերցնելը: Կանաչ-կարմիր կապել` նշանակում էր ամուսնացնել: Կարմիր կանչել` նշանակում էր հարսանիքի ժամանակ փեսայի համար դրամ հավաքել: Կարմրականչ` նշանակում էր հյուրասիրության հրավեր, որը կատարվում էր փեսայի տանը` հարսի ծնողների համար:

Կարմիր Կիրակիի իմաստը և ժողովրդական սովորույթներն այժմ մոռացվել են, և մնացել է միայն անունը:

Պատրաստեց  Հ.  Կարապետյանը` ըստ Արտակ արքեպս. Մանուկյանի «Հայ Եկեղեցու տոները» աշխատության

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38