Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ցեղասպանության իրավական ճանաչման ճանապարհին
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
22.04.2013

Ցեղասպանության իրավական ճանաչման ճանապարհին
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին», «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) և «Գրիգոր Գուլգուլյանի գործը» (վրեժ սպանված հոր և եղբայրների համար) գրքերի շնորհանդեսը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց հրատարակված գրքերը, խոսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, Արա Պապյանը, Վահան ծ. վրդ Օհանյանը, ուրիշներ...
Այս արարողությունը նշանավոր էր նրանով, որ հատկապես կարևորվեց մի գիրք, որն ամփոփում է «Նյու-Յորք թայմսում» մինչև 1914 թվականը տպագրված փաստաթղթերը, որոնք նոր լույս են սփռում Ցեղասպանության խնդրի վրա, ներկայացնում բազմաթիվ նոր փաստեր: Եվ այս ամենը` անգլերեն լեզվով, ինչը նշանակում է, որ գիրքը, որը փաստաթղթերի ժողովածու է, կարևորվում է երիցս: Այն այսօր կարող է հիմնարար դեր կատարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում... 

Գաղտնիք չէ, որ ամերիկյան իշխանությունները, ելնելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների շահերից, երբեմն ժխտողական կեցվածք են որդեգրում` այսպես աչք փակելով պատմական ճշմարտության, այն ամենի հանդեպ, ինչը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում` դաժան մարտահրավեր նետելով ողջ մարդկությանը: ԱՄՆ 40 նահանգ ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը, ընդունել տարբեր բանաձևեր, մինչդեռ վարչակարգը շարունակում է առաջ մղել խուսափողական քաղաքականությունը: Ստեղծված մեծարժեք աշխատությունն այսօր արդեն հնարավորություն  չի տա շարունակելու խուսափողականությունը, որը համազոր է ժխտողականության: Գրքի հեղինակը այն ստեղծել է ծանր պայմաններում, երբեմն անկողնին գամված, սակայն այսօր էլ վճռականությամբ լի է` ստեղծելու նորանոր հատորներ, որոնք կներկայացնեն ամերիկյան այլ նշանավոր թերթերում տպագրված հոդվածներն ու նյութերը, ընդգրկելու մինչև 1922թվականն ընկած ժամանակահատվածը: Հեղինակը նշեց, որ   սա իր կատարած հետազոտությունների առաջին հատորն է և շարունակելու է աշխատանքները հաջորդ հատորների հրատարակման ուղղությամբ, որոնք լինելու են «Լոս Անջելես թայմս», «Վաշինգտոն փոստ», «Բոստոն գլոբ» և այլ հեղինակավոր պարբերականներում տպագրված հոդվածներից կազմված ժողովածուներ:

Գիրքը հրատարակվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ:
Առանձնակի կարևորություն է ձեռք բերում նաև Վուդրո Վիլսոնի ստորագրած փաստաթուղթը, որին անդրադարձ կատարեց նաև նախարար Հրանուշ Հակոբյանը: Արա Պապյանն իր ելույթում նշեց. «Անուրանալի է ԱՄՆ նախագահի և իրավագիտության դոկտորի դերը ազգերի ինքնորոշման իրավունքի քաղաքական հասկացության առաջադրման, մշակման և աներկբա սատարման ուղղությամբ, ինչպես նաև Ազգերի լիգայի, հետևաբար դրա իրավահաջորդը հանդիսացող ՄԱԿ-ի, ստեղծման գործում: Գրեթե ինը տասնամյակ առաջ՝ 1918թ. հունվարի 8-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Կոնգրեսի համատեղ նիստին դիմեց մի ուղերձով, որը քաղաքական պատմության մեջ առավելաբար հայտնի է «Վուդրո Վիլսոնի 14 կետերը» անունով (“14 Points of Woodrow Wilson”), սակայն որի պաշտոնական անվանումն է «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» (“Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States”): Այս ուղերձի մեջ, որը մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է,  շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ: Սույն փաստաթղթի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային և ստեղծվելիք Հայաստանի Հանրապետությանը: Այն միանշանակորեն շեշտում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի, մասնավորապես հայության, ազատորեն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ուղերձի 12-րդ կետը հայտարարում էր. «Ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն: Դարդանելը, որպես ազատ ջրուղի, միջազգային երաշխիքների ներքո, մշտապես պետք է բաց լինի բոլոր երկրների նավերի և առևտրի համար»: 

Թեև Վիլսոնի ուղերձում առանձնանշված չէ որևէ երկիր, այսուհանդերձ, անտարակույս, ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում էր նաև Հայաստանին: Վիլսոնը սույն ուղերձի վրա, իր խորհրդական, գնդապետ Էդվարդ Հաուզի (Edward House) հետ միասին, աշխատել է 1918թ. հունվարի 4-ին, 5-ին և 7-ին: Այդ մասին վկայված է նախագահի խորհրդականի օրագրի մեջ: Ահա թե ինչ է արձանագրում Հաուզը 1918թ. հունվարի 7-ին. «Երբ գրվել էր Թուրքիային վերաբերող պարբերությունը, նախագահը մտածեց, որ այն պետք է դարձնել ավելի հստակ, որ Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և այլ մասերը պետք է նշվեն անուններով: Ես չհամաձայնեցի սրա հետ, հավատացած լինելով, որ այն, ինչ ասված է, բավարար է` ցույց տալու համար դա, և ի վերջո ամեն ինչ մնաց այնպես, ինչպես ձևակերպված էր սկզբում»:

Իր ելույթում Աշոտ Մելքոնյանն ուշագրավ միտք արտահայտեց.  «Մենք սխալ ուղու վրա ենք. Ցեղասպանությունը վաղուց ճանաչվել է միջազգային հանրության կողմից, հետեւաբար պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի «ճանաչում» ձեւակերպումը փոխարինվի «հետեւանքների վերացում եւ փոխհատուցում» ձեւակերպմամբ»:
Իսկ ձևակերպման փոխարինմանը պիտի նպաստեն մեր հրատարակած գրքերը միջազգային հարթակներում ունեցած ելույթները:  Ամեն մի նման հրատարակություն այսօր պիտի լուծի մի կարևորագույն խնդիր՝ պատմական և ճանաչողական հարթությունից տեղափոխվել դեպի իրավական հարթություն, գնահատել կատարվածը իրավական դիրքերից` այսպիսով ամրապինդ դարձնելով ճանաչման և դատապարտման գործընթացը: Այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս հուշում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում հատկապես Սփյուռքը պիտի կարողանա իր ունեցած հնարավորությունները գործի դնել, հրապարակ հանել բազմաթիվ փաստեր, որոնք պահպանվում են սփյուռքյան գրադարաններում, կրթական հաստատություններում, հոգևոր կառույցներում: Իսկ հայաստանյան իշխանություններն էլ պիտի ջանք ու եռանդ չխնայեն միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդրին սևեռելու համար:


Լևոն Մութաֆյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38