ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
22.04.2013

«Շատ-շա˜տ եմ սիրում Հայաստանը»
Պերմի երկրամասի Պերմ քաղաքի հայկական համայնքի Երիտասարադկան միության նախագահի տեղակալ 23-ամյա Մարիետա Հովհաննիսյանն իր վառվռուն, ինքնատիպ կերպարով խոսուն վկայությունն է Սփյուռքում ապրող այն հայորդիների, ովքեր, վստահաբար, պահում ու պահպանում են հայ ինքնությունը` լեզուն, հավատքը, ավանդույթները և սերը Հայրենիքի հանդեպ:
Մեր զրույցի ընթացքում Մարիետան ոչ միայն հիացրեց իր կրթական բարձր մակարդակով, պատրաստվածությամբ, հայրենասիրությամբ, այլև իր առողջ, համարձակ դատողությամբ ու մտածելակերպով:
Պերմի համալսարանի լրագրության բաժնի վերջին կուրսի ուսանողուհին որոշել է ուսումը շարունակել Հայաստանում և մնալ հայրենիքում, աշխատել և արարել` ի բարօրություն հայ ժողովրդի: 
«Ես Հայաստան եմ եկել` նկարահանելու իմ դիպլոմային աշխատանքի թեմայով վավերագրական ֆիլմը` «Խառնամուսնություններ» խորագրով:  Ես ինքս եմ ընտրել դիպլոմայինիս թեման, որովհետև այն շատ արդիական է և անհանգստացնող: Վերցրել եմ հինգ ընտանիքներ. երեք ընտանիք ապրում է Հայաստանում, երկուսը` Պերմում: Այդ ընտանիքներում հիմնականում հայրերն են ազգությամբ հայ. միայն մի ընտանիք կա, ուր կինը հայուհի է, իսկ ամուսինը  Շվեյցարիայից է: Մոտավորապես կես ժամանոց այս ֆիլմի նկարահանումներն ընթանալու են Հայաստանում, այնուհետև` Պերմում: Միջավայրը ընտանիքն է լինելու: Ես մեկ ամիս եմ մնալու Հայաստանում և պիտի հասցնեմ ֆիլմս նկարել, այսինքն` դիպլոմային աշխատանքս վերջացնել ու հանձնել հունիս ամսին: Չմոռանամ ասել, որ ֆիլմի ընթացքում խոսելու է պատմաբան, մեկնաբանություններ են անելու Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ:

Իմ բոլոր ընկերներին` անկախ ազգային պատկանելությունից, հետաքրքրել է դիպլոմային աշխատանքիս թեման.  մեր ֆակուլտետ ընդունված ազգությամբ առաջին հայը ես եմ եղել, ինձանից հետո ուրիշ հայեր ևս ընդունվեցին: Դիպլոմայինիս թեման ինձ շատ է հուզում, որովհետև Սփյուռքում ուծացման, ձուլման վտանգն առկա է: Իհարկե, սերն  ազգություն չի ճանաչում, սակայն իմ հաստատ համոզմամբ հայերը պիտի հայերի հետ ամուսնանան, որովհետև մենք քիչ ենք: Ինքս էլ անպայման հայի հետ կամուսնանամ և ընտանիքում կպահպանեմ հայոց լեզուն: Առայժմ պատրաստվում եմ մագիստրատուրա ընդունվել Հայաստանում, ստանալ լիարժեք, բարձրագույն կրթություն, մնալ և աշխատել Հայրենիքում:

Մեր հարազատները  Էջմիածնում են ապրում, ես հիմա այնտեղ եմ մնում: Հայաստանն ինձ շատ հարազատ է, հաճախ եմ գալիս. երկու անգամ մասնակցել եմ «Արի տուն» ծրագրին, անցյալ տարի մասնակցել եմ «Լրագրողների դպորց»-ի դասընթացներին, ձեռք եմ բերել նոր ընկերներ:
Այս օրերին Հայաստանում գտնվելուս նպատակը ոչ միայն դիպլոմային աշխատանքիս թեման է. այստեղ եմ` մասնակցելու և Պերմի հայկական համայնքի Երիտասարդական կազմակերպության գործունեությունը ներկայացնելու ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովում: Խոսելու եմ նաև մեր կազմակերպության խնդիրների մասին. մենք ամենից շատ բարոյական, հոգեբանական աջակցության կարիք ունենք: Յոթ տարվա պտմություն ունեցող մեր միությունը ծավալել է ակտիվ գործունեություն` հայ  ինքնության պահպանման, Պերմի երկրամասում ապրող հայության շրջանակներում հայկական մշակույթի, ավանդույթների  պահպանման, զարգացման անչափ կարևոր գործում: Մենք ամեն շաբաթ հավաքվում ենք ,դիտում հայ պատմությանը, մշակույթին վերաբերող ֆիլմեր, անց ենք կացնում հետաքրքիր քննարկումներ, մասնակցում սպորտային հետաքրքիր մրցումների: Շատ լավ հարաբերություններ են ձևավորված այլ ազգությունների պատկանող երիտասարդների և հայերի միջև: Հայերն առհասարակ  հարգված են ու ճանաչված Պերմի երկրամասում. չէ՞  որ մեր արմատները վաղուց են հայտնվել Պերմում: 

Ես մեր կազմակերպության լրագրողն եմ  և միջոցառումներն արտացոլում եմ մամուլում: Աշխատում եմ հասարակական կարգով և շատ մեծ սիրով:
Ընդհանրապես  սիրում եմ աշխատել թե՛ թերթերում, թե՛ հեռուստատեսությունում: Երջանիկ կլինեմ իմ մասնագիտությամբ հետագայում աշխատել Հայրենիքում լույս ընծայվող որևէ թերթում կամ էլ հեռուստաընկերությունում:
…Շատ-շա˜տ եմ սիրում Հայաստանը, անչափ տպավորված եմ Զվարթնոցով, որի ավերակներին դիպչելիս  թվում է, թե  շատ մոտ ես կանգնած Հայոց  աշխարհի բազմադարյա պատմությանը, ասես այդ պատմության նորօրյա վկան ես, ականատեսը»:

Կարինե  ԱՎԱԳՅԱՆ


|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38