ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
23.04.2013

Հրաչ Մարտիրոսյան
«Այսպիսի համաժողովները շատ կարևոր են սփյուռքահայ երիտասարդների համար»
Իմ զրուցակիցը Ղազախստանի Կուստանայ քաղաքի Հայկական երիտասարդական միության նախագահ Հրաչ Մարտիրոսյանն է, ում հանդիպել եմ դեռևս անցած տարի, զրուցել Ղազախստանում ապրող հայ երիտասարդության, նրանց ծրագրերի և խնդիրների մասին:
Ապրիլի 22-ից 24-ը  ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովին Հրաչը ներկայացել էր հետաքրքիր ելույթով, սակայն չի ներում իրեն, որովհետև…

- Ինչո՞ւ, Հրա´չ…

- Ես այնքան էլ վարժ չեմ խոսում մայրենիով. զղջում եմ, որ ռուսերենով ելույթ չունեցա: Այս համաժողովի խորագիրը պարտավորեցնում է, որ հայերենը պահենք ոչ միայն մեր սրտում, այլև մեր շուրթերին:

- Հրա´չ, սա մեր երկրորդ հանդիպումն ու զրույցն է. ի՞նչ նորություններ կան քեզ մոտ, չէ՞ որ մեկ տարի է անցել մեր հանդիպումից:

- Նորություն ունեմ. հիմա ես Կուստանայի Հայկական երիտասարդական միության նախագահն եմ և առավել շատ եմ ծանրաբեռնված ու պարտավորված: Անելիքներ, ծրագրեր միշտ էլ կան ու կլինեն, և մեր հայ երիտասարդությունը Կուստանայում պատրաստ է իրականացնել այդ ծրագրերը: Այնքան էլ հեշտ չէ դրսում, օտար երկրում հայ մնալը, լեզու և հավատ պահելը, ավանդույթները շարունակելը… Եվ, այնուամենայնիվ, դա մեր սուրբ պարտքն է:

- Քեզ դուր եկա՞վ համաժողովի գաղափարը:

- Անշո´ւշտ: Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդների համար այս համաժողովը մի մեծ քայլ է, մի անհրաժեշտ խթան` ճանաչելու, պահելու ու պահպանելու մայրենի լեզուն: Որքան հաճախակի լինեն այսպիսի հավաքներ, այնքան կշահեն Սփյուռքում ծնված, ապրող հայ երիտասարդները:

- Միակ ներկայացուցի՞չն  ես Կուստանայից…

- Այո´: Այնպես ստացվեց, որ միայն ես եկա Հայաստան և ներկայացրեցի մեր երիտասարդական «Էրեբունի» կազմակերպության խնդիրները, ծրագրերն ու առաջարկները: 14-ից 24 տարեկան մոտ 40 երիտասարդներ են ընդգրկված մեր միության կազմում, ովքեր շատ ակտիվ, հայրենանվեր գործունեություն են ծավալում:

- Ինչպե՞ս եք խնկարկում Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օրը` ապրիլի 24-ը:

- Ամեն տարի այդ օրը հայ երիտասարդները հավաքվում են «Բարեկամության տան» շուրջը, սգո թևկապներով, հայոց եռագույն դրոշներով շարժվում ենք դեպի եկեղեցի, այնուհետև հավաքվում ենք և դիտում թեմատիկ ֆիլմ, որից հետո թեյի սեղանի շուրջ ծայր են առնում 1915թ. Ցեղասպանության շուրջ հետաքրքիր և շատ տպավորիչ զրույցներ:

- Հրա´չ, առջևում մայիսն է` մեր հաղթանակների ամիսը, ինչպե՞ս եք նախապատրաստվում, ի՞նչ միջոցառումներ եք ունենալու:

- Մենք ոչինչ չենք մոռանում ու չենք անտեսում. Ապրիլի 24-ի հիշատակման միջոցառումներից հետո անմիջապես անդրադառնում ենք հաղթական մայիսի բոլոր տոներին` համաշխարհային, հայկական… Ե´վ մայիսի 1-ն ենք նշում, և´ Շուշիի հաղթական օրը, և´ մայիսի 28-ը: Հայկական համայնքի բոլոր միջոցառումներին հրավիրում ենք ուրիշ ազգությունների ներկայացուցիչների, ովքեր սիրով են մասնակցում այդ միջոցառումներին. նրանց և մեր միջև միայն խաղաղ երկինք է:

Զրուցեց  Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ



|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38