ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
23.04.2013

«Խնդիրները լուծելու առաջին քայլը դրանց գոյության գիտակցումն է». Բաբկեն Ասատրյան
ՀՀ  սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողովը ապրիլի 22-ից 24-ը իր շուրջ համախմբեց Սփյուռքում ապրող շատ երիտասարդների:   
Դոնի Ռոստովից համաժողովին մասնակցում էր տեղի հայկական համայնքի Դոնի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Բաբկեն Ասատրյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
«Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում. առաջին անգամ մասնակցել եմ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի դասընթացներին: ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած այսօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են աշխարհով մեկ սփռված հայերի և նրանց զավակների համար, ովքեր այս ձևով կապի մեջ են մնում Հայրենիքի հետ: Այս համաժողովը շատ եմ կարևորում: Կան խնդիրներ, և խնդիրները լուծելու առաջին քայլը դրանց գոյության գիտակցումն է: Խնդիրները շատ են, և դրանց լուծումը կենսականորեն անհրաժեշտ է ապագա ունենալու համար:

Ես չնախատեսված ելույթ ունեցա համաժողովում. այդպես ստացվեց` ինքնաբուխ, անմիջական, քանի որ ասելիքս հասունացավ տեղում:
Հայոց լեզվի պահպանումը շատ կարևոր է Սփյուռքում. դա բոլորիս սուրբ պարտքը պիտի լինի` չուծանալ, չձուլվել և չկորցնել հայ ինքնությունը: Ես ծնվել եմ Մոնղոլիայում, ապրում եմ ՌԴ-ում, բայց մեր ընտանիքում խոսում են հայերեն: Հայոց լեզուն Սփյուռքում լավագույնս պահպանելու համար բոլոր երիտասարդական կազմակերպություններին անհրաժեշտ է մի համընդհանուր ասպարեզ` շփվելու, իրար ճանաչելու, կարծիքների և փորձի փոխանակման համար: Պետք է աշխատել այս ուղղությամբ. նրանց միջև, ցավոք, չկա անհրաժեշտ կապը, չկա համագործակցություն: Կան մարդիկ, ովքեր միավորված չեն երիտասարդական կազմակերպություններում, ուստի մենք լինում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում, գտնում նրանց, տեղեկություններ հավաքում նրանց մասին և կապի մեջ լինում: Նրանք շատ կցանկանային սովորել հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայկական պարեր, երգեր. այդ երիտասարդների շարքերում կան նաև հրաշալի մարզիկներ, որոնց պետք է ընդգրկել երիտասարդական կազմակերպություններում: Այս նորարարական մեթոդով մենք հնարավորինս շատ տեղեկություններ ենք հավաքում այդ երիտասարդների մասին և, դրանից ելնելով, կազմում ենք մեր ծրագրերը: Ինովացիոն այս ճանապարհով շարժվում ենք մենք և մոսկվայաբնակ հայերը: Ես քաղաքագիտություն եմ դասավանդում և իմ աշխատանքի, մասնագիտության բերումով խոսում եմ, պատմում Հայոց ցեղասպանության, Ղարաբաղյան գոյամարտի մասին: Մեր տարածաշրջանում ապրողները լավ գիտեն հայերին, հարգում են, գնահատում:
 
Ես շատ կարևոր մի ցանկություն ունեմ. լավ կլինի, որ այսպիսի համաժողովներ կազմակերպվեն նաև սփյուռքահայ համայնքներում. դա հնարավորություն կընձեռի, որ ավելի շատ երիտասարդներ մասնակցություն ունենան:
Նաև ցանկանում եմ, որ այսպիսի համաժողովները մասնակիցների համար ձևական բնույթ չկրեն, որ Սփյուռքի տարբեր հատվածներից համաժողովին մասնակցող երիտասարդները ոչ թե ուղղակի լսեն, այլ, վերադառնալով իրենց համայնքները, անցնեն գործի, լսածն ու սովորածը կիրառեն գործնականում, կոնկրետ գործողություններ ծավալեն համաժողովում բարձրացրած հարցերի շուրջ»:

Կարինե ԱՎԱԳՅԱՆ



|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38