ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
23.04.2013

ՍՐԲՈՒՀԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Հպարտ եմ, որ Հայաստան ունենք և հայ եմ»
Ապրիլի 22-ից 24-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովին մասնակցող սփյուռքահայ երիտասարդներին միավորել են մայրենի լեզվի, հայ մշակույթի, ավանդույթների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայապահպանության, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերը:
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից համաժողովին մասնակցող ՀԲԸՄ-ի անդամ Սրբուհի Գաբրիելյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
- Բարի´ գալուստ, Սրբուհի´, առաջին անգա՞մ եք Հայաստանում:

- Շնորհակալությո´ւն, այո´, Հայրենիքում առաջին անգամ եմ: Պլովդիվի հայկական համայնքի երիտասարդական միության ներկայացուցիչն եմ: Դուք երևի գիտեք, որ Բուլղարիայում հայերը շատ դարեր առաջ են հիմնավորվել: Տարբեր քաղաքներում են հայերը. Պլովդիվում մոտավորապես 4000-5000 հայ կա, իսկ մեր միության մեջ 50-ի չափ երիտասարդներ են ընդգրկված, ովքեր միավորված են հայապահպան գաղափարների շուրջ:

- Ի՞նչ առաջարկներով, ի՞նչ խնդիրներով եք հանդես գալու համաժողովի ընթացքում:

- Նախ` կուզեմ բոլորին պատմել, ներկայացնել Բուլղարիայի և ավելի շատ` Պլովդիվի հայկական համայնքի մասին. մենք շատ խնդիրներ ունենք, լուծում պահանջող հարցեր և աջակցության կարիք ունենք:

- Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին:

- Ամեն տարի այդ օրը քայլելով գնում ենք դեպի թուրքական դեսպանատուն, այնուհետև շարժվում ենք դեպի հայկական խորհրդանշական խաչքարը, որից հետո հավաքվում ենք մշակույթի սրահում: Պլովդիվում հայկական եկեղեցին, դպրոցը, մշակույթի սրահը մի բակի, մի տարածքի մեջ են. այդպես ավելի դյուրին է և հարմար` հավաքվելու, իրար տեսնելու, շփվելու համար:

- Սրբուհի´, ասացիք, որ խնդիրներ ունեք համայնքում. որո՞նք են դրանք:

- Հայոց պատմությանը, մշակույթին նվիրված նյութերի, ֆիլմերի կարիք ունենք, ավելի շատ կուզենք շփվել Հայրենիքի երիտասարդության հետ: Ես ավելի շատ Եվրոպայի հայ երիտասարդության հետ եմ շփվում:

- Գիտեմ, որ մասնագիտությամբ իրավաբան եք. դժվար չէ՞ համատեղել աշխատանքն ու համայնքային ակտիվ կյանքը, երիտասարդական հավաքները…

- Ո´չ, բնա´վ, ես սիրով եմ կատարում իմ երկու գործերն էլ: Բոլոր երիտասարդներն էլ ակտիվ գործունեություն են ծավալում միության ներսում: Հաճախակի ենք հավաքվում, ինչ-ինչ խնդիրներ քննարկում, մաքրում և բարեկարգում եկեղեցու տարածքը, նշում հայ եկեղեցական բոլոր տոները: Հանդիպումներ և միջոցառումներ ենք կազմակերպում երիտասարդական ուրիշ կազմակերպությունների հետ:

- Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, ի՞նչ զգացում ունեցաք:

- Ասեմ, որ շատ հոգնած էի, որովհետև Ստամբուլով եկանք, և ճանապարհը երկար էր, բայց երբ տեսա «Բարի եկաք» պաստառը, հոգնությունս կարծես անցավ, և ջերմության մի ալիք իջավ վրաս, հուզվեցի:
Ես հպարտ եմ, որ Հայաստան ունենք և հայ եմ:

Զրուցեց  Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ


|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38