Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Ապրում եմ Սփյուռքում, բայց ինձ սփյուռքահայ չեմ համարում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 9 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
25.04.2013

Անի Խաչատուրյան
Ապրում եմ Սփյուռքում, բայց ինձ սփյուռքահայ չեմ համարում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովին Անի Խաչատուրյանը ներկայացնում էր Լիոնի հայ մշակութային միությունը:
Ստորև ներկայացվող հարցազրույցի ընթացքում Անին խոսում է ոչ միայն միության գործունեության մասին, այլ նաև պատմում փորձություններով լի այն ճանապարհի մասին, որը ստիպված է հաղթահարել յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ, ով հայրենիքից դուրս փորձում է հավատարիմ մնալ իր ինքնությանը.
- Մեր միությունն իր առջև դրված նպատակներ ունի, որոնք փորձում է իրագործել: Իրականացվող գործունեությունը հիմնականում մշակութային ուղղվածություն ունի:
Առաջինը  հայ մշակույթը պահպանելը, արժեքավորելն ու տարածելն է: 
Ստեղծվել է դեռևս 1983 թվականին: Սակայն այն ժամանակ հիմնախնդիրներն այլ էին. Լիոնում դեռ չկար հայկական դպրոց, և Միության անդամներն ունեին նպատակ լուծելու այդ խնդիրը: Եվ մի շարք այլ կազմակերպությունների հետ հիմնեցին Լիոնի Մարգարյան-Փափազյան ամենօրյա դպրոցը, որը գործում է մինչև այժմ: Դպրոցում սովորող աշակերտները շատ վարժ տիրապետում են հայերենին, իսկ դասավանդումը կատարվում է արևմտահայերենով: Հետաքրքիր է, որ դպրոց հաճախում են նաև ոչ հայ երեխաներ:
Ինչ-ինչ խնդիրների պատճառով  Միությունը որոշ ժամանակ դադարեցրել էր իր գործունեությունը: 2000-ական թվականներին նորից վերաբացվեց, որովհետև մի նոր շունչ եկավ, նոր երիտասարդներ համախմբվեցին և որոշեցին նոր գործ անել:

Մեր աշխատանքները երկու ուղղությամբ ենք իրականացնում. կան ամենամյա միջոցառումներ, որոնց մասնակցում ենք, և միջոցառումներ, որոնք ինքներս ենք կազմակերպում:
Կարևոր միջոցառումներից առաջինը Հյուպատոսական փառատոնն է, որին մասնակցում են այն երկրները, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Լիոնում: Քանի որ Լիոնում Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի (հուսով ենք, որ շուտով կունենանք), Հայաստանը ներկայացնում է մեր Միությունը: Փառատոնի ժամանակ մենք ներկայացնում ենք մեր լեզուն, մշակույթը, խոհանոցը, այն ամենը, ինչի միջոցով հնարավոր է ցույց տալ մեր ով լինելը, ներկայացնել մեր ժողովրդին, մեր մշակույթը:

Երկրորդ կարևոր իրադարձությունը Եվրոպական լեզուների համաժողովն է:
Նշեմ, որ այս երկու միջոցառումները տեղի են ունենում բացօթյա հրապարակներում, որտեղ հավաքվում են տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են իրենք իրենց:
Ցանկացած մարդ կարող է մոտենալ այս կամ այն տաղավարին և հետաքրքրվել:
Համաժողովի ժամանակ կազմակերպում ենք հարցումներ, նվերներ ենք բաժանում, որպեսզի մարդիկ ավելի հետաքրքրված լինեն: Ներկայացնում ենք մեր այբուբենը, թե ինչպես է ստեղծվել, որ լեզվաընտանիքին է պատկանում: Շատերը մտածում են, որ մենք արևելյան ժողովուրդ ենք, հետևաբար մեր լեզուն արևելյան լեզուների շարքին է պատկանում: Շատերն անգամ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը:
Զուգահեռ կազմակերպում ենք մշակութային մի շարք միջոցառումներ, կոնֆերանսներ և այլն:

- Անի´, համաժողովը «Հայերենն իմ սրտում է» խորագիրն է կրում: Հետաքրիր է, Լիոնի համայնքը հայախո՞ս է, հայերենն իրենց սրտում կրո՞ւմ են:

- Ցավոք, գնալով հայերենին տիրապետողների թիվը, հատկապես երիտասարդների շրջանում, փոքրանում է: Հայերենը դարձել է էկզոտիզմի մի տեսակ: Հայերեն բառեր արտասանելը քեզ տալիս է մի «իմիջ», որով դու տարբերվում ես ֆրանսիացիներից: Միաժամանակ դա քո ինքնությունը չէ, որովհետև լեզվին պետք է 100-տոկոսով տիրապետել, որ դառնա քո մայրենին: Նրանք գիտեն ընդամենը մի քանի բառ, և այդ բառերն օգտագործելով՝ իրենց թվում է, որ հայերեն գիտեն: Հայերենի օգտագործումը շատ հաճախ մի տեսակ քաղքենիության դրսևորման է նմանվում: Նույնը Հայաստանում կարող եք նկատել. շատ երիտասարդներ օգտագործում են ռուսերեն, հիմա նաև՝ անգլերեն բառեր, որը, ինչպես իրենք են կարծում, նրանց շուք է տալիս:

- Միությունն ի՞նչ աշխատանքներ է կատարում, որ հատկապես երիտասարդներն ինքնության կրողը դառնան:

- Ինչպես ասացի, Միության նպատակը մշակույթի պահպանումն ու զարգացումն է: Կոնկրետ լեզվի պահպանման համար կան այլ միոթյուններ, որոնք միայն այդ խնդրով են զբաղված: Մենք փորձում ենք միմյանց չխանգարել, և յուրաքանչյուրը փորձում է իր ուղղությամբ գործունեություն իրականացնել, որը ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքները:

- Անի´, այժմ անդրադառնանք «Հայերենն իմ սրտում է» համաժողովին: Ըստ քեզ՝ ինչո՞վ են կարևոր, օգտակար նման համաժողովները: 
 
- Ճիշտ է, համաժողովը վերնագրված է «Հայրենն իմ սրտում է», բայց ես համաժողովին վերաբերվում եմ ավելի գլոբալ՝ ոչ միայն հայերենի պահպանության, այլև հայապահպանության  տեսանկյունից:
Ինձ համար շատ հետաքրիր էին նաև «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» թեմատիկ քննարկումները: Սփյուռքում Ցեղասպանությունը առանցքային խնդիր է: Սփյուռքահայերի մեծ մասը Եղեռնի հետևանքով է հաստատվել տարբեր երկրներում, նրանք այդ ամենին մոտենում են շատ ավելի էմոցիոնալ, քան Հայաստանում:
Այս համաժողովը նաև շատ գեղեցիկ առիթ է ծանոթանալու ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը, ծրագրերին, որոնց երբեմն անտեղյակ ենք լինում:

Միաժամանակ հնարավորություն ենք ունենում ծանոթանալու Սփյուռքի տարբեր համայնքների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձելու ստեղծել համահայկական ցանց, որը կօգնի ճանաչել միմյանց և կփորձի միավորել:
Համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ, շատերը նշեցին, որ մենք համախմբված չենք: Մեզ պետք են փոքրիկ քայլեր, որոնք մեզ կօգնեն միավորվել: Շատ կարևոր է, որ մեր մոտեցումն այս ամենին փոխվի: Եթե բոլորս ասենք՝ անհնար է, բնական է՝ ոչինչ չի ստացվի:

- Սփյուռքահայ երիտասարդին ի՞նչ է պետք ինքնությանը հավատարիմ մնալու համար:

- Դա անհատական խնդիր է: Պահ է գալիս, երբ հասկանում ես, որ դու ունես մի բան, որը քո ֆրանսիացի ընկերը չունի, քո դասընկերը չունի: Պետք է հասնել այդ գիտակցությանը. դա կարող է տեղի ունենալ տարբեր տարիքում, մի մասի մոտ դրսևորվում է երիտասարդ տարիքում, շատերի մոտ՝ ավելի հասուն տարիքում:
Դա այնպիսի գիտակցություն է, որին անձը ինքը պետք է գա և դրանից ելնելով՝ փորձի ստեղծել այն միջավայրը, որտեղ նա իր ինքնությունը կպահպանի, կփորձի նաև ծանոթացնել օտարներին:

Իմ դեպքում իմ ճանապարհն այսպիսին է. թեպետ ապրում եմ Սփյուռքում, բայց ես ինձ չեմ կարողանում սփյուռքահայ համարել: Ես ծնվել և մինչև 14 տարեկան ապրել եմ Հայաստանում: Որոշ ժամանակ Ռուսաստանում ապրելուց հետո  տեղափոխվել ենք Ֆրանսիա:
Ֆրանսերենին ընդհանրապես չէի տիրապետում: Իմ խնդիրն էր սովորել լեզուն, պետք էր ինտեգրվել հասարակությանը: Երբ այդ ամենը տեղի է ունենում, և տեղի է ունենում շատ արագ, որովհետև մենք՝ հայերս, ունենք ընտելանալու բարձր ընդունակություն, դու նորից սկսում ես հետ վերադառնալ քո ակունքներին: Հասկանում ես, որ շատ լավ է, որ դու տվյալ երկրի լեզվին արդեն տիրապետում ես, սովորել ես համալսարանում, արդեն աշխատում ես, բայց դրան զուգահեռ դու ունես մի բան, որը չես կարող ուղղակի դեն նետել:

Շատ դժվար է գտնել այդ հավասարակշռությունը մի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ կոմունոտարիզմ ասվածը չի ընդունվում, որովհետև դու եթե ունես ֆրանսիական քաղաքացիություն, քեզ պետք է համարես ֆրանսիացի: Ֆրանսիացիների մոտ ազգի ընկալումը այլ է: Մենք՝ հայերս, ազգ ասվածը ընկալում ենք գերմանական ձևով, այսինքն՝ էթնիկ ընկալմամբ: Ֆրանսիայում ազգ ասվածը նույնանում է քաղաքացիության հետ. եթե դու ունես ֆրանսիական քաղաքացիություն, դու ֆրանսիացի ես:
Երբ դու հայտնվում ես այդ ամենի մեջ, սկսում ես մտածել՝ ես ունեմ այլ ինքնություն, ես խոսել և մինչև օրս էլ խոսում եմ այլ լեզվով, ունեմ կրոն, ավանդույթներ և շատ ու շատ բաներ, որոնք ինձ զանազանում են ուրիշներից: Այդ ամենը իմն է. ես որքան էլ օտար երկրում ինձ լիարժեք քաղաքացի զգամ, այդքան էլ հայ եմ և պարտավոր եմ այդ ամենը պահել և չմոռանալ այդ մասին:

Սա իմ անձնական կարծիքն է, ես չեմ կարող խոսել համայնքի անունից: Ինձ մոտ այդպես է եղել: Իմ կյանքում մի շրջան եղավ (այդ ժամանակ ես սովորում էի համալսարանում), երբ շատ դժվարությամբ էի հայերեն խոսում, խոսքս սահուն չէր ստացվում: Ես հասկացա, որ պետք է մի բան անել: Մի կողմ թողնելով ֆրանսիական գրականությունը՝ նորից վերընթերցեցի հայկական գրականությունը: Եվ առ այսօր չկա մի օր, որ ես որևէ հայերեն հոդված, գրություն չկարդամ կամ չլսեմ հայերեն որևէ բան: Ես այդ ամենն անում եմ, որպեսզի լեզուն իմ մեջ անընդհատ «նստի», որպեսզի չմոռանամ ու չհեռանամ ինքս ինձանից, իմ արմատից:

Զրուցեց Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38