26.04.2013
Ամփոփվեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները
Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը և Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն ամփոփեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքները:
ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշեց, որ համաժողովը կատարել է իր առաքելությունը և Հայաստանում է համախմբել աշխարհի 30 երկրի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդների: Համաժողովի ընթացքում լուծվել են մի քանի խնդիրներ:
Երեք թեմատիկ նիստերով («Երիտասարդության հիմնախնդիրները», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ») անցկացվող բուռն քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետը, հանդես եկել առաջարկություններով: Համաժողովի մեխը հայոց լեզվի պահպանման խնդիրն էր, և Վահե Ջիլավյանն արձանագրեց, որ համաժողովի ընթացքում հնչել են նաև այլ լեզուներով զեկույցներ: Փոխնախարարը հույս հայտնեց, որ հաջորդ համաժողովների ընթացում այլալեզու զեկույցներ չեն լինի, և մասնակից երիտասարդը, թեկուզ սխալներով, ոչ սահուն խոսքով, կփորձի խոսել և իր խնդիրներն ու առաջարկները բարձրաձայնել հայերեն: Փոխնախարարը նաև շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայապահպանությանը և մայրենի լեզվի պահպանմանը: Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը համաժողովի արդյունքներն ամփոփեց թվերի լեզվով և ներկայացրեց բոլոր այն միջոցառումները, որոնց մասնակցել են համաժողովի մասնակիցները: |