ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
26.04.2013

Ապրիլի 22-ը՝ Հայ երիտասարդի օր
Ապրիլի 22-25-ը Երևանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը համաժողովի արդյունքներն ամփոփեց թվերի լեզվով:
Չորս հագեցած օր, ավելի քան 500 մասնակից աշխարհի 30 երկրից:
Համաժողովի բացման օրը կայացել է շուրջ 50 ելույթ:
Համաժողովի երկրորդ օրը երեք թեմատիկ նիստերից յուրաքանչյուրում («Երիտասարդության հիմնախնդիրներ», «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ») հնչել է ավելի քան 25 ելույթ: Ընդհանուր առմամբ մոտ 140 մարդ հնարավորություն է ունեցել համաժողովի ընթացքում իր տեսակետը բարձրաձայնել:

Ապրիլի 22

Երեկոյան, համաժողովի բացման արարողությունից և լիագումար նիստերից հետո կազմակերպվել է շրջայց Երևանում: Սփյուռքից ժամանած համաժողովի մասնակիցները (շատերն առաջին անգամ էին լինում Հայաստանում) հնարավորություն են ունեցել ծանոթանալու Երևանի տեսարժան վայրերին:
Կազմակերպվել է ազգային պարի դաս, և երիտասարդները հնարավորություն են ունեցել հայկական պարերի մի քանի շարժումներ սովորել:

Ապրիլի 23

Թեմատիկ նիստերից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողովի ամփոփում:
Տեղի է ունեցել «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Անդրադարձ է կատարվել հայապահպանությանը կրոնափոխ հայերի տեսանկյունից:
Համաժողովի սփյուռքահայ մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ խորհրդանշական ծառատունկ են իրականացրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվող Սփյուռքի այգում: Այդ քայլով երիտասարդները ցանկացել են փաստել, որ Ապրիլի 24-ը ոչ միայն անմեղ զոհերին հիշելու առիթ է, այլև ոգեկոչման, արարման և պայքարի կոչ է բոլորիս համար:
Երեկոյան երիտասարդները սիրով և հոժարակամ մասնակցեցել են ամենամյա Ջահերով երթին:

Ապրիլի 24

Ապրիլի 24-ին  համաժողովի մասնակիցները կրկին այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ են դրել  Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Նույն օրը «Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հնարավորություն են ունեցել ծանոթանալու երիտասարդների ներգրավվածությանը հոգևոր կյանքում:

Ապրիլի 25

«Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներն այցելել են ՀՀ կառավարություն և հնարավորություն են ունեցել հետևելու կառավարության նիստին:
Համաժողովի մասնակիցները շատ հետաքրքիր հանդիպում են ունեցել Ազգային ժողովում: Երիտասարդներին ընդունել է  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու ինչպես շատ գլոբալ, ազգային, այնպես էլ համայնքային նշանակություն ունեցող հարցեր:
Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ հայերենը նրանք ոչ միայն կպահեն իրեց սրտում, այլև կգործածեն որպես և՛ լեզու, և՛ զենք, և՛ գաղափարախոսություն՝ ի շահ համայն հայության հզորացման, բազմապատկման, հանուն նրա ապագայի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարությունում 60-70 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան: Քննարկման ընթացքում երիտասարդները հանդես են եկել առաջարկություներով:
Ինչպես նշեց Ատոմ Մխիթարյանը, համաժողովի ամենակարևոր արդյունքը հայտարարության տեքստն էր, որն արվեց համաժողովի երկրորդ օրը: Հայտարարությամբ համաժողովի մասնակիցներն աշխարհի բոլոր հայ երիտասարդներին կոչ են անում մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը շարժում սկսել, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ, միասնականություն և կամք դրսևորելով, սովորի հայերեն, գործածի հայերենը և դրանով իսկ պահի ու պահպանի հայի տեսակը, մեր ազգային արժեքները:

Համաժողովի ընթացքում հնչել է մի կարևոր առաջարկություն՝  «Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովի բացման օրը՝ ապրիլի 22-ը հայտարարել Հայ երիտասարդի օր: Ատոմ Մխիթարյանը նշեց, որ հետամուտ են լինելու, որ առաջարկն իրականություն դառնա:
Համահայկական ծրագրերի վարչության պետը վերջում հավելեց. «Համաժողովն այսօր ավարտվում է, բայց, ինչպես ասում են, գործը նոր է սկսվում: Համահայկական երիտասարդական դաշտում երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությունը նոր թափ է ստանում: Երիտասարդների մոտ արդեն իսկ նկատելի է կամքը, պատրաստակամությունը միասին գործելու և փորձելու համահայկական խնդիրներին միասնական լուծում տալ: Պատասխանատվությամբ կարող ենք հայտարարել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեր կողքին է և պատրաստ է խրախուսել բոլոր համահայկական երիտասարդական նախաձեռնությունները»:

Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38