ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
26.04.2013

Կայացավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը
Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռք նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա անելիքները:
«Աջակցություն սիրիահայերին» ծրագրի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը: Խոսելով սիրիահայերին ցուցաբերած աջակցության մասին, նա մասնավորապես նշեց, որ կենտրոնում դասընթացներ են կազմակերպվել ձեռնարկատիրությամբ զբաղվելու մտադրություն ունեցող սիրիահայերի համար, նրանց ծանոթացրել են հարկային և մաքսային օրենսդրությանը: 31 ձեռնարկատիրական ծրագրերի իրագործման համար սիրիահայերին 137 միլիոն դրամի վարկ է տրամադրվել՝ յուրաքանչյուրին մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 4 տոկոսադրույքով: Զեկուցողը նշեց, որ ներկայացված 31 ծրագրից արդեն հաստատվել և ֆինանսավորվել է 18-ը: 12 ծրագիր արդեն կյանքի են կոչվել, մնացածն ընթացքի մեջ են: Վ. Կարապետյանը նշեց, որ սիրիահայերի աջակցության ծրագրի ֆինանսավորումն անսահմանափակ է և շարունակական:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց  այցելել այդ ձեռնարկությունները, տեսնել կատարված աշխատանքները, ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակցել:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության կատարած աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրեց բարեգործական, հասարակական և հոգևոր կառույցների օգնությունն ու աջակցությունը: Նա նշեց նաև, որ Հայաստանի Հանրապետության կողմից սիրիահայերին հուզող հարցերին տրվել է առաջնահերթություն:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը զեկուցեց հիմնադրամի գործունեության և ծրագրերի մասին:

Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատասխանեցին հարցերին և տվեցին պարզաբանումներ ներկաներին հուզող խնդիրների վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումները և լսելով առաջարկությունները, Հ. Հակոբյանը մասնավորապես ասաց. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր տարագիր հայրենակիցների համար: Արել ենք և շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ»:

Նա կարևորեց Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին օգնելու գործում, որ նրանց համար հավաքված միջոցները տեղ հասնեն ժամանակին և արդյունավետ կերպով ծառայեն իրենց նպատակին: 

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38