ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 20 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
26.04.2013

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսը:
Գիրքը հոգեբանական վեպ է, այն լույս է տեսել ռուսերենով: Հեղինակը ներկայացնում է 60-70-ական թվականների Խորհրդային Միության հասարակական կյանքի զարգացման սոցիալական, քաղաքական, նյութական և հոգևոր ոլորտները, հայրենադարձների հոգեբանական դրաման: Վեպի գլխավոր հերոսը` Դավիթը իր ազգության, մշակույթի և լեզվի կրողն է և ինքնության պահպանման խնդիրը նրա համար առաջնային նշանակություն ունի: Հայրենադարձներից շատերը համոզված էին, որ գալով Հայաստան, կգտնեն ջերմ ընդունելություն կապրեն ապահով կյանքով: Սակայն նրանց պատկերացրած Հայրենիքը չկար: 70-ական թթ. կեսերից հայրենադարձ հայերը անհատապես, ապա ընտանիքներով լքում էին Հանրապետությունը և վերադառնում այն երկրները, որտեղից եկել էին: Հեղինակը նկարագրում է այդ շրջանում ձևավորված հասարակական-իրավական հարաբերությունները, քաղաքական իրավիճակը, հասարակության հոգեբանությունն ու բարքերը:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, նա մասնավորապես ասաց. «Օ, Մարի» վեպում արտացոլվել է հեղինակի անթաքույց հպարտությունը դեպի իր ազգը»:

Հ. Հակոբյանը նշեց, որ ընթացքի մեջ է և շուտով ընթերցողի դատին կհանձնվի գրքի հայերեն թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի հեղինակությամբ:

Հ. Հակոբյանն ուրախությամբ խոսեց վեպի էկրանավորման աշխատանքների մասին` ընդգծելով ֆիլմում ժամանակի շունչը ռեալիստորեն արտացոլելու անհրաժեշտությունը: «Վեպի գլխավոր առանձնահատկությունը նրա հանրագիտարանային արժեքն են և հեղինակի կենսափորձը»,- եզրակացրեց գերատեսչության ղեկավարը:

Հայ մեծանուն գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը, սրտանց շնորհավորելով հեղինակին, նշեց. «Ես գրքին մոտենում եմ մասնագիտորեն և այս վեպը ես կարդացել եմ կլանված, սովորական ընթերցողի նման, ուրեմն այն հաջողված է»: Գրողն ընդգծեց նաև. «Կենսագրությունը արժեք է ձեռք բերում, երբ վերածվում է ճակատագրի, իսկ ճակատագիրը` երբ համընկնում է ապրածդ ժամանակաշրջանի հետ: Այս վեպում ոչ միայն տեսնում ենք հերոսների կերպարը, այլև` ժամանակը»:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժ Սրապիոնյանը նշեց. «Սա մեծ նվեր է ընթերցողին: Վեպում միախառնված են հրապարակախոսական և գեղարվեստական ոճերը: Ընթերցելիս կարելի է վայելել գեղարվեստի հաճույքը»:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր ուրախությունը հայտնեց, որ անցյալ դարի 60-70թթ. իրականությունը ընթերցողների լայն շրջանակների համար հասանելի է դարձել գեղարվեստական խոսքով: 

Գնահատանքի խոսքերով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և Ներսես Աթաբեկյանը, ով գիրքը թարգմանում է հայերեն:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը:

«Ի վերջո մենք բոլորս վերադառնում ենք ազգային մշակույթի կոդին: Պետք է նկատի ունենալ, որ այսօրվա աշխարհը ինտելեկտուալ մարդկանց աշխարհ է և իմ հերոսների` Դավիթի և Մարիի բախումը հենց այդ քաղաքակրթության հետ է»:

Ռոբերտ Ենգիբարյանը նշեց. «Ինձ համար Հայրենիքը իմ ծնորղներն են՝ Աստծո դեմքով: Այս գիրքը գրելով` կատարել եմ պարտքս ծնողներիս, իմ երկրի հանդեպ»:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին` գիրքն իրավամբ գնահատելու և հայ հասարակությանը հասանելի դարձնելու համար` հեղինակը կոչ արեց ներկաներին՝ պահպանելու ազգային գենը, ապրելու և արարելու հանուն Հայրենիքի:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38