Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Մենք միասնության ենք միշտ ձգտում»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 18 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
29.04.2013

ԼԵՎՈՆ ՉԻԴԻԼՅԱՆ
«Մենք միասնության ենք միշտ ձգտում»
«Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների մեջ էր նաև , Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության «ՀԱՅԱՐՏՈՒՆ» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի զրույցը սկսվեց Երևանում, սակայն հետագայում շարունակվեց հեռախոսով, քանի որ Ապրիլ 24-ի հիշատակի արարողությունները կազմակերպելու համար Լևոն Չիդիլյանը մեկնեց Թբիլիսի: Այսպիսով զրույցի առանցքում հայտնվեցին հատկապես հիշատակի արարողությունները, որոնք արդեն մի քանի տարի Վիրահայոց թեմի շուրջ համախմբած երիտասարդությունը դարձնում է բողոքի ինքնահատուկ արտահայտություն:
-Պարո՛ն Չիդիլյան, Դուք մասնակցում եք մի համաժողովի, որի նպատակն է համախմբել Սփյուռքում ապրող երիտասարդությանը, նպաստել հայապահպանությանն ու ազգային արժեքների հանրահռչակմանը: Չնայած Վրաստանը երբեք էլ Սփյուռք  չէ, սակայն կա որոշակի տարածություն Հայրենիքի հետ հարաբերություններում: Ինչպե՞ս եք գնահատում նման համաժողովի կազմակերպման փաստը:

-Այո՛, Վիրահայքը սփյուռք չէ, ինչը նշանակում է, որ այստեղ մենք մեր տանն ենք, մեր հողի վրա, ունենք մեր մշակույթը, գրականությունը, կրթությունը… Օտարված չենք Հայաստանից, որովհետև կապերը չափազանց սերտ են, տարածությունը հեշտ է հաղթահարվում: Խորհրդային իշխանության տարիներին ձևավորված ավանդույթները դեռ չեն փլուզվել, հետևաբար մենք Հայրենիքի հետ ենք: Սակայն Հայրենիքի հետ լինելով՝ այնուհանդերձ կա որոշակի տարազատվածություն, կա տարածություն: Հատկապես հիմա, երբ Վրաստանը տարածաշրջանում վարում է ինքնուրույն քաղաքականություն, ինչ-որ չափով փոխվում են Հայաստանի հետ հարաբերությունների հայեցակարգերը: Եվ, այնուհանդերձ, ամեն ինչ անում ենք, որպեսզի կապը Հայաստանի հետ միշտ ամուր լինի: Համաժողովի կազմակերպման գաղափարն, իհարկե, ողջունելի է, որովհետև Երևանում առիթ է ստեղծվել հանդիպելու աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների հետ, ծանոթանալու, համատեղ քննարկելու մի շարք խնդիրներ, որոնք հետաքրքրում և մտահոգում են բոլորիս: Ամեն մի համաժողով նպատակ է հետապնդում սերտացնել կապերը, համահայկական խնդիրները դարձնել առավել տեսանելի: Հիմա էլ այդ առիթն է: Ելույթները, քննարկումները հուշեցին, որ այնքան էլ տարբեր չեն մեր խնդիրները, այնքան էլ հեռու չենք իրարից: Ուրեմն՝ ողջունելի է համաժողովի կազմակերպումը: Միայն պիտի ցանկանալ, որ նման համաժողովներն ունենան նաև գործնական կարևոր նշանակություն, մշակվեն հայեցակարգեր, սկզբունքներ:

-Վերջին տարիներին Թբիլիսիում մեծ գործունեություն է ծավալել  «Հայարտունը», որին մենք հաճախ ենք անդրադարձել, և որը դարձել է հատկապես վիրահայ երիտասարդ սերնդի ամենասիրելի վայրերից մեկը: Խնդրում եմ՝ պատմեք, թե հատկապես ինչ խնդիրների եք սևեռում ձեր ուշադրությունը:

-Երևի գիտեք, որ «Հայարտունը» մոտ հարյուր տարի առաջ ստեղծված կառույց էր, որը երկար ժամանակ դադարեցրել էր իր գործունեությունը: Շնորհիվ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպս Միրզախանյանի ջանքերի՝ հնարավոր եղավ վերականգնել այն, նոր շունչ հաղորդել: Գործունեության հիմքում հայապահպանությունն է, ազգային արժեքների հանդեպ հոգածությունն է, երիտասարդ սերնդի դաստիարակությունն է: Մեր գործունեության կարևորագույն խնդիրներից մեկն էլ Ցեղասպանության ճանաչումն է: Եվ ամեն ինչ անում ենք, որպեսզի Վրաստանում ոչ ոք չմոռանա Ցեղասպանության մասին, հանդես գանք պահանջատիրությամբ, նաև Վրաստանի խորհրդարանից պահանջենք Մեծ եղեռնի ճանաչումը, ինչը քայլ է դեպի մարդասիրությունը, դեպի համամարդկային արժեքները: Բազմաթիվ մշակութային նախաձեռնություններ ենք կյանքի կոչել, «Հայարտունը» դարձել է հայ կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկը, շատերին վերադարձրել դեպի ազգային արժեքներն ու արմատները: 


-Թբիլիսիում այսօր այլևս չկա այն հարուստ ազգային կյանքը, որը հատուկ էր մասնավորաբար 1950-60-ականներին: Այստեղից էլ են հեռանում, արտագաղթն ու գործազրկությունը նաև Վրաստանում են իրենց խոր հետքերը թողել: Ձեր նախաձեռնություններն օգնո՞ւմ են,  որ  ինչ-որ չափով մեղմվի արտագաղթը, ազգային կյանքը նոր ձեռքբերումներ արձանագրի:

-Իհա՛րկե: Ասեմ, որ մեծ թվով հայեր են հեռացել Վրաստանից, Թբիլիսիից: Սոցիալական պայմանները շատերին են ստիպել աշխատանք և բարեկեցություն որոնել այլ երկրներում: Սակայն հայազանգվածի մի կուռ մասը մնացել է, իսկ սա նշանակում է, որ այդ մասը հավատացել է, որ կարելի է Վրաստանում էլ լուծել սոցիալական խնդիրները: Շատերը մնացել են, որպեսզի այստեղ չկորչի մեր լեզուն, մեր հուշարձաններն ու եկեղեցիները պաշտպաններ ունենան: 

-Վերադառնաք համաժողովին: Ըստ Ձեզ՝  կարելի՞  է նման նախաձեռնություններով լուծել մեր առջև դրված խնդիրները և հասնել հայահավաքի գաղափարի իրագործմանը:

-Անշո՛ւշտ կարելի է: Պարզապես հարկավոր է, որ նման հավաքները պարբերական լինեն, մենք պարբերաբար շփվենք իրար հետ, համահայկական ծրագրերը դարձնենք բոլորիս սեփականությունը: Մենք միասնության ենք միշտ ձգտում, իսկ այդ միասնությունը կարգախոս չէ միայն, դա գործնական քայլերի ամբողջությունն է: 

Զրույցը` Լևոն Մութաֆյանի

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38