ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
28.04.2013

Հ Ի Ն Ո Ւ Ն Ք. Երևման Խաչ
Սբ. Զատկին հաջորդող 4-րդ կիրակի օրը (այս տարի՝ ապրիլի 28-ին) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավանդաբար տոնակատարում է Սուրբ Խաչի երևման տոնը:
Հայ Եկեղեցին Քրիստոսի Սբ. Խաչի փառավորմանը նվիրված չորս հիմնական տոն է նշում: Դրանք են  Խաչի երևման, Խաչվերացի (գլխավոր տոնը), Վարագա խաչի և  Խաչի գյուտի տոները:
Խաչի երևման տոնը հիշատակությունն է Երուսաղեմում  351թ. Խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը և տեսանելի էր ամենքին: Խաչի զարմանահրաշ  երևման մասին, բազում այլ վկայություններից զատ, վկայում է  Հռոմի Կոստանդիանոս կայսրին ուղղված իր հայտնի նամակում Երուսաղեմի սբ. Կյուրեղ հայրապետը՝ մեկը քրիստոնյա Եկեղեցու 12 Տիեզերական վարդապետներից, ով ականատեսն է եղել այդ սքանչելի իրողության: Ինքը՝ Տերը շնորհեց սբ. Կյուրեղ հայրապետին՝ դառնալու հայր նոր հավատացյալների բազմության՝ շնորհիվ Սբ. Խաչի սքանչելագործ երևման Երուսաղեմի մեջ: Իսկ ահա թե ինչպես կատարվեց.

Իր հայրապետության առաջին կամ երկրորդ տարվա՝ 351թ. մայիսի 7-ին, ցերեկվա ժամը 3-ին օդի մեջ հանկարծ երևաց  մի մեծ և հրաշալի լուսեղեն խաչ, որն իր ճառագայթների պայծառությամբ, ինչպես վկայում է հայրապետը, գերազանցում էր արեգակին:

Լուսեղեն խաչը տարածված էր Գողգոթա լեռան վրա և հասնում էր մինչև Ձիթենյաց լեռը: Այն շատ գեղեցիկ էր և սքանչելի՝ շրջապատված ծիածանանման պսակաձև նշույլներով: Եվ այսպես՝ ոչ թե մի պահ, այլ բազմաթիվ ժամեր… Այնպես որ, քաղաքի ամբողջ բազմությունը հայտնորեն տեսավ այն: Նույն ժամին ամբողջ քաղաքը դղրդաց, և բոլորը սոսկումով ու հիացած նայում էին Խաչի սուրբ նշանին, որ շողում էր արևի պես: Ապա մարդկանց բազմությունը միասնաբար ընթացավ դեպի Սիոնի մայր եկեղեցին՝ տղամարդ և կին, ծեր և մանուկ, եկվոր թե բնիկ, քրիստոնյա թե հեթանոս: Բազմաթիվ անհավատներ ընդունեցին Քրիստոսի հավատքը և նույն օրն իսկ մկրտվեցին սբ. Կյուրեղի և նրա քահանաների կողմից:

Եվ սբ. Կյուրեղ հայրապետը, որ ականատեսն էր այս սքանչելիքի, գոհություն մատուցելով Փրկչին, շտապով մի նամակ է գրում Հռոմի Կոստանդիանոս թագավորին՝ պատմելով ահավոր հրաշքի մեծությունը և վերջինիս հորդորելով հաստատ մնալ իր հավատքի մեջ:

Սբ. Կյուրեղի հենց այս թուղթն է, որ ընթերցվում է մեր եկեղեցիներում Սբ. Խաչի երևման տոնի ընթերցվածքների ամենասկզբում:
Երևման սբ. Խաչի տոնը հատուկ է միայն Հայոց և Հունաց Եկեղեցիներին: Կաթոլիկ Եկեղեցին այս անունով խաչի տոն չունի:

Պատրաստեց   Հայկ  Կարապետյանը

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38