ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 25 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
29.04.2013

«Օ, Մարի՛»-ն ներկայացավ հայ ընթերցողին
Դեռևս անցած տարվա հոկտեմբեր ամսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունում ներկայացրել Է գեղարվեստական ժանրի իր առաջին գիրքը: Ունենալով գիտական աշխատություններ, մենագրություններ եւ դասագրքեր գրելու հարուստ փորձ՝ վերջին գործը նա մարմնավորել Է վեպի տեսքով, որը կրում Է «Օ՜, Մարի» խորագիրը: Ենգիբարյանը նշել Է, որ գրքում դատողություններ են արվում այն մասին, թե ինչ չափով են ժամանակը, ծննդավայրը, կրոնամշակութային պատկանելությունը, ազգությունը եւ քաղաքացիությունն ազդում մարդու ճակատագրի եւ նրա աշխարհազգացողության վրա:  
ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացավ այս գրքի շնորհանդեսը, որը բացեց նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի պաշտոնակատարը հանգամանորեն ներկայացրեց Ռոբերտ Ենգիբարյանին` նշելով, որ նա մի շարք միջազգային ակադեմիաների, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է, նշանավոր գիտնական, ով իր գիտական հետաքրքրությունների կենտրոնում է մշտապես պահել իրավագիտության տարբեր ոլորտներին վերաբերող կարևորագույն խնդիրները: Սակայն գիտական աշխատանքի մեջ մշտապես ներքաշված գիտնականը նաև իր ուշադրության կենտրոնում է պահել գեղարվեստական գրականությունը՝ գրելով մի վեպ, որը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի բնութագրմամբ, վեպ չէ սոսկ` ժանրի դասական ընկալումներով: Այստեղ իրականը, մտացածինը, գեղարվեստական-հրապարակախոսականը միաձուլվել են իրար: Տիկին Հրանուշ Հակոբյանն այս վեպը կարդացել է մեծ ներշնչանքով, ոգևորությամբ, այնտեղ տեսել ժամանակի ճշմարիտ արտացոլանքը: Իբրև հանդիսության գլխավոր բանախոս՝ Հրանուշ Հակոբյանը հանգամանորեն նշեց վեպի արժանիքները, կարևորեց Մաիի և Դավիթի սերը, պատմական այն ժամանակաշրջանը, որում ծավալվել են վեպի  գործողությունները: Իսկ այդ ժամանակաշրջանը ողբերգական էր, որովհետև շուրջ երկու հարյուր հազար հայ բռնեց պատմական հայրենիքի ճանապարհը, եկավ Հայաստան ու բախվեց մի նոր ու դաժան իրականության՝ ստալինյան բռնությունների, որոնց հետևանքով շատ հայրենադարձներ հոգու մեծ ցավ ապրեցին, հայտնվեցին Ալթայի երկրամասում, սիբիրյան հեռավոր ու անմարդաբնակ բնակավայրերում: Վեպի հերոսներն անցնում են փորձությունների միջով, սակայն հավատում են իրենց նվիրումին ու զգացմունքներին: Այս վեպը, ինչպես նշեց Հրանուշ Հակոբյանը, մեծ ընդունելության է արժանացել ռուս ընթերցողների կողմից, այժմ թարգմանվում է հայերեն, թարգմանվում է նաև անգլերեն և իտալերեն, պայմանավորվածություն կա ֆիլմ նկարահանել… Իսկ հեղինակն էլ ցանկություն է հայտնել դառնալ Հայաստանի գրողների միության անդամ… Նախարարի պաշտոնակատարի խոսքը վկայությունն էր այն բանի, որ նա հրապուրված է այս վեպով, նրա ամեն մի դրվագը ներշնչել է նրան, տարել դեպի մարդկային հոգեբանության ու հերոսների հարաբերությունների բարդ հանգույցները: 

Վեպի արժանիքների մասին խոսեց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Նա բարձր գնահատեց մի ստեղծագործություն, որը գրված է մեծ անմիջականությամբ, փաստերի և գեղարվեստական կերպարների համադրությամբ` հրապարակ հանելով այն մարդկանց ողբերգությունը, ովքեր մի ամբողջ մշակույթ բերեցին Հայաստան, ովքեր բերեցին կենցաղի ու մտածողության առանձնահատկություններ: Լևոն Անանյանը նշեց, որ սկզբում դժվարությամբ է իր ձետքը վերցրել ռուսերեն լեզվով լույս տեսած ստվարածավալ վեպը, սակայն հետո կարդացել է կլանվածությամբ` իր համար բացահայտելով գրողական այն առանձնահատկությունները, որոնցով ստեղծված է այս վեպը: Վեպին անդրադարձավ նաև նշանավոր արձակագիր և թատերագիր Պերճ Զեյթունցյանը, ով լինելով հայրենադարձ, իր սրտի ստեղններին է զգացել ժամանակի բարդությունները: «Այս վեպում կան հրաշալի հատվածներ, գեղարվեստական կատարելության հասցված տեսարաններ, ինքնատիպ կերպարներ»,- նշեց անվանի գրողը և խոսեց վեպի գեղարվեստական արժանիքների մասին` միաժամանակ նկատելով, որ վեպում ընդգրկված հրապարակախոսությունը երբեմն խաթարում է միասնական վիպական կառույցը: Պերճ Զեյթունցյանն անդրադարձ կատարեց հերոսի ու ժամանակի խնդիրներին, մարդկային ճակատագրերը քննարկեց ժամանակի խորապատկերին: Հենց ժամանակն է դարձել այս վեպի գլխավոր հերոսը, որովհետև մարդկային ճակատագրերի ընթացքը գոյավորվում է ժամանակի մեջ, նրա առաջադրած հայեցակարգերի ու հիմնահարցերի մեջ:

«Այստեղ հայրենադարձները շատ համարձակ են խոսում: Դա առավելություն է, վեպի կարևոր արժանիքներից մեկը, որովհետև այստեղ գրողն ինքն է` իր աշխարհայացքով ու իր մտածումներով»- ասաց Պերճ Զեյթունցյանը: Նշանավոր գրողի մտածումների շարունակությունն էր նաև բանասիրական գիտությունների դոկտոր Սերժ Սրապիոնյանի ելույթը, որում ևս կարևորվեց ժամանակի գործոնը: Ռոբերտ Ենգիբարյանի վեպի առանձնահատկությունն, այո՛, ժամանակի ճիշտ վերարտադրումի մեջ է: Մեր վիպական գրականության մեջ շատ քիչ է ներկայացվել այս կարևորագույն ժամանակաշրջանը, գրեթե չեն հետազոտվել հայրենիք եկած հայրենադարձների հոգեբանական խնդիրները: Դրանցով զբաղվել է «Օ, Մարի՛» վեպի հեղինակը, ով ինքն իրեն է տեսել Դավիթի կերպարի մեջ: Նշանակում է՝ այս վեպն ունի ինքնակենսագրական բնույթ, քանզի գրողն իր ապրած կյանքն ու զգացողություններն է բերել գրականություն, ձևավորել կերպարաստեղծման զարմանալի վարպետություն, իրական-պատմական կերպարների կողքին ներկայացրել մտացածին հերոսների, որոնք անչափ կենդանի են, գեղարվեստորեն ավարտուն: 
Ելույթներ ունեցան շատերը, շատերը գնահատեցին այս վեպը, նրա գեղարվեստական ինքնատիպ լուծումները, մտահղացման առանձնահատկությունները: Փաստվեց, որ ընթերցողի սեղանին է դրվել գեղարվեստական մի ստեղծագործություն, որը նոր փորձ է` ընդլայնելու վեպի ժանրի մասին ձևավորված պատկերացումները, այն է՝ հրաժարվել էպիկական-նկարագրական արձակի ձևերից և գալ վեպ-խոհագրության գաղափարին:


Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ 

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38