ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
29.04.2013

«Հայերենն իմ սրտում է» համաժողովի խորագիրն ասես իմ սրտի խոսքը լինի» Իննա Հովսեփյան
ՀՀ սփյուռքի նախարարության  կազմակերպած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարադական համաժողովի մասնակիցներից Իննա Հովսեփյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
«Այս համաժողովին ես ներկայացնում էի Կրասնոդարի հայկական «Խաչքար» կիրակնօրյա դպրոցը:Ես սովորում եմ այդ դպրոցում և դպրոցում կազմակերպված դասընթացների շնորհիվ արդեն տիրապետում եմ իմ մայրենի լեզվին: Ծնվել եմ Ուզբեկստանում, ապրում եմ Ռուսատստանում. շատ դժվար է դրսում պահպանել մայրենի լեզուն, եթե ընտանիքում էլ չեն խոսում հայերեն: Պապիկներս ու տատիկներս ղարաբաղցի են և խոսում են Ղարաբաղի բարբառով, որը շատ անուշ է, բայց հեռու է գրական հայերենից:  Մեծերը գիտեն հայերեն, սակայն չեն խոսում, իսկ ծնողներս, ցավոք, չգիտեն հայոց լեզուն: Ես իմ կամքով և մեծ սիրով եմ սովորում հայերենը. գիտեմ գրել, կարդալ, խոսել:  «Հայերենն իմ սրտում է» համաժողովի խորագիրն ասես իմ սրտի խոսքն է: Սովորում եմ  Կուլտուրայի ինստիտուտում և եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցում, ակտիվորեն մասնակցում եմ հայկական երիտասարդական կազմակերպության միջոցառումներին: Մեր կիրակնօրյա դպրոցում կազմակերպվում են կլոր սեղաններ, համերգներ, սեմինարներ, հետաքրքիր քննարկումներ, պատմության դասեր, ունենում ենք ֆիլմերի ցուցադրության օրեր և պետական ու եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ… Այսինքն` ապրում ենք հասարակական ակտիվ կյանքով, որի արդյունքում ճանաչում ենք մեր արմատները, հայոց պատմությունն ենք սովորում, շփվում ենք երիտասարդներով, սովորեցնում իրար և սովորում իրարից:

Մեծ հայկական համայնք ունենք, ուր, ցավոք, բացակայում է այնքան անհրաժեշտ համախմբվածությունը, միասնականությունը: Մենք` երիտասարդներս, ավելի համախմբված ենք: Մեզ հուզում է Հայրենիքի հետ կապված ամեն ինչ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ստեղծագործական շարադրությունների մրցույթում ես գրավեցի առաջին տեղը: Մեր համալսարանում ինքս կազմակերպել եմ «Հայկական մշակույթի օր» միջոցառումը, որի ընթացքում հնչեցին հայկական երգեր, ցուցադրվեցին մեր ժողովրդական պարերը, հայկական խոհանոցը: Տարբեր ազգությունների ուսանողներ, դասախոսներ, հյուրեր մեծ հետաքրքրությամբ էին հետևում այդ ամենին:

Մենք ուզում ենք Հայրենիքի հետ միշտ կապված լինել, տեղեկացված լինել ամեն ինչի մասին, սակայն տեղեկատվական ոլորտում ինչ-որ դատարկություն կա, որը պիտի լցվի, որից պիտի սնվեն դրսում ապրող հայերը, երիտասարդները: Մեր լավագույն բարեկամն այս առումով ՀՀ սփյուռքի նախարարությունն է

…Երկրորդ անգամ եմ Հայաստանում, հիացած եմ իմ Հայրենիքով, առանձնապես` Երևանով: Առաջին անգամ մասնակցել եմ«Արի տուն» ծրագրին. եղել եմ Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում ու շատ մեծ տպավորություն եմ ստացել: Մինչև Հայաստան գալս միայն նկարներում և ֆիլմերում էի տեսել Հայրենիքս:Երբ Երևանի մասին ինձ պատմում էին հայերը և ասում, որ Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, ես մտքումս ասում էի` դե՛, իհարկե, այդպես պիտի ասեք ու գովեք… Երբ իմ աչքերով տեսա Երևանը, ասացի` այո՛, մեր Երևանն ամենագեղեցիկն է»:

Կարինե Ավագյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38