ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռքի թղթակիցներ
29.04.2013

ՑԱՎԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՑԱՎԸ
Նայում ես շուրջդ՝ փթթող բնությանը, ծաղկող ծառերին ու հետզհետե արևով լցվող օրվան, և ցանկանում շրջապատիդ հետ կիսել գարնան հրճվանք, երազանքների ու հույսերի վերաբողբոջում… Սակայն… ապրիլը դեռևս հայի համար մնում է ցավի հիշողության ամիս… Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր, մահագիր փաստերը։ Անհնարին է փակել աչքերը և մտքի աչքերով տեսնել միայն այն, ինչ ուզում ես. առաջ գնալու հրամայականը ստիպում է թարթել, քանզի դա է հայացքը պարզ ու մաքուր պահելու միակ ձևը…
Ապրիլյան այդ պայծառ օրը Կրասնոդարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմին առընթեր գործող «Խաչքար» կիրակնօրյա դպրոցի աշակերտները և ուսուցիչները հավաքվել էին՝ արժանին մատուցելու երկու միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Պարույր Սևակի «Եռաձայն պատարագից» կատարված հուզիչ արտասանությունների ուղեկցությամբ ավագ խմբերի սաները մեկ առ մեկ վառեցին սեղաններին զետեղված մոմերը և ճերմակ ծաղիկների բույրով համեմեցին ցավի և բողոքի զգացումով  հագեցած մթնոլորտը։ Էկրանին  քնարական երաժշտության ուղեկցությամբ իրար էին հաջորդում Մեծ եղեռնի տեսարաններով լուսանկարներ, զոհված մտավորականների դիմանկարները և թեմային առնչվող կտավներ։ 

Միջոցառման նպատակն էր փաստել սերունդների հաջորդական շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ներքին խորհուրդը։ Դպրոցի աշակերտները «Ես Եղեռնի չորրորդ սերունդն եմ» ընդհանուր խորագրի տակ գրել էին «Իմ գերդաստանի պատմությունը» վերնագրով շարադրություններ։ Կազմակերպիչ Երազիկ Հարությունյանը, հանձնարարելով թեման, ցանկանում էր, որ պատանիները ըմբռնեն մի պարզ ճշմարտություն, այն է՝ ոճրագործությունը չի կատարվել ինչ-որ չար ուժերի ձեռքով, ինչ-որ մի տարածքում, ինչ-որ հեռավոր և խավար ժամանակներում… Հստակ կանխամտածված և շարունակվող քաղաքականության զոհ են դարձել մեր պապերն ու տատերը, մեր հարազատները։ Յուրաքանչյուր հայ ընտանիք ուղղակի կամ անուղղակի առնչվել է Ցեղասպանությանը, որը շարունակվել է նաև քսաներորդ դարի վերջին  Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլուր… 

Պատանիների աշխատանքներում վեր էին հառնում դարավոր տառապանքն ու որոնումները, ցավն ու ողբերգությունը։ Նրանք ընթերցում էին իրենց գերդաստանների մասին պեղած փաստերը, հուզիչ պատմությունները և մեկ անգամ ևս համոզվում ու համոզում՝ ինչքան էլ աշխարհը խուլ ու կույր ձևանա և փորձի «մոլորվել»  շահադիտական կեռուղիներում, այդ ամենը դժբախտաբար եղել է։ Հայությունը կորցրել է շուրջ երկու միլիոն մարդ, իսկ մնացած մասը հարկադրված է եղել գաղթել հայրենիքից, հաստատվել տարբեր երկրներում՝ դրանով իսկ սկիզբ դնելով հայկական Սփյուռքին։

Երեկոյին հրավիրված հարգարժան հյուրերը՝ ավագ քահանաներ Տեր Հարությունը, Տեր Սարգիսը և Տեր Դանիելը, Կարեն Գրիգորյանը, Ռուբեն Քամալյանը, Վարվառա Մարգարյանը և ուրիշներ իրենց հուզիչ խոսքերով հուսադրեցին և ապագա արժանապատիվ անելիքներ հուշեցին աշակերտներին։
Ինչ ձևով էլ ցանկանանք համակերպվել կամ անգամ փորձել երևույթների բազմածալք շերտերում որոնել մեղքի մեր բաժինը, միևնույնն է, անուղղելի վայրենին է կոտորած կազմակերպում և իրականացնում։ Այնքան խորն էր կսկիծը, որ ուշքի գալ և բարձրաձայնել կարողացավ միայն երրորդ սերունդը, երբ դահիճը արդեն հասցրել էր լվանալ ձեռքերի արյունը։ Եվ եթե ցավի հիշողությունը Ցեղասպանության արդեն չորրորդ սերնդի մեջ փորձում է կամաց-կամաց խամրել, ապա հիշողության անդարմանելի ցավը շարունակում է վրդովել բոլոր դատող և զգայուն մարդկանց հոգիները։

Խաղի կանոնները նույնն են մնում այս աշխարհում, ժամանակի հոլովույթում փոխվում են միայն խաղի ձևերը։ Ով շատ է ուզում հաղթել և ազնիվ է խաղում, նա ի վերջո կհաղթի. փորձենք հավատալ, որ շատ կարճ է տևում կեղծիքի ու նենգության հաղթարշավը։ Ի՜նչ է հարյուր տարին պատմության հազարդարյան շղթայում…
Փորձենք գոտեպնդվել Աստվածաշնչյան իմաստնությամբ՝ Աստված նախ դահիճի ձեռքով պատժում է մոլորյալին, ապա և՝ ամենաչարաչար պատիժով իրեն՝ դահիճին՝ անվերադարձ արմատախիլ անելով չարը։
Չկասկածենք մեր ժողովրդի ինքնակազմակերպման և վերելքի լուսավոր ուժին… և այն գալիք ապրիլներին, որ կգան խաղաղ և հրճվալի ծաղկի կախարդիչ բուրմունքով։
Նորից եկել, հին ցավերն են մեզ խոցում
(Խուլ տնքոց եմ լսում հեռու Դեր-Զորից):
Եվ մեզ վրա մահն իր ուժերն է փորձում,
Եվ դողում են մահվան ձեռքերը նորից:
Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու
(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում):
Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,
Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում։
Համո Սահյան


Երազիկ Հարությունյան, Կրասնոդար

|

 
 
Սփյուռքի թղթակիցներ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38