ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռքի թղթակիցներ
29.04.2013

ԻՍՊԱՆԱԽՈՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-Դ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ինչպես նախորդ տարիներին, 2013 թվականին եւս մի շարք իսպանացի եւ իսպանախոս մտավորականներ հանդես եկան իրենց հայտարարություններով, որոնցում ևս մեկ անգամ դատապարտելով Օսմանայն կայսրությունում անցյալ դարասկզբում իրագործված ոճրագործությունը, կոչ են անում, որ Իսպանիան նույնպես իր օրենսդիր մարմնի մակարդակով ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իսպանական Վեգա Մեդիա Պրես լրատվամիջոցում գործող հայկական բաժնի ղեկավար Արթուր Ղուկասյանը, համադրելով աշխատանքը տեղի եւ լատինամերիկյան երկրների անվանի հայասեր անձանց հետ, ինքն է նախ հանդես եկել «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը կրող հոդվածով, որի մեջ մասնավորապես նշվում է. « Մեծ եղեռնն այստեղ ընդունվել է Բասկերի երկրում եւ Կատալոնիայում, սակայն ո՛չ իսպանական խորհրդարանի կողմից, ճիշտ այնպես, ինչպես պատմական եղելության կապակցությամբ արդարացի որոշումներ են կայացրել ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, բայց ո՛չ երկրի գերագույն իշխանության մարմինները: Ակնհայտ է, որ թե՛ այստեղ՝ Մադրիդում, թե՛ Միացյալ Նահանգներում  կամ, ասենք,  Գերմանիայում, պատգամավորների զգուշավորությունն առաջացնում է ինքնին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ բառը: Այլեւայլ պատճառներ կան, որոնք իբրեւ խանգարող հանգամանք են հանդիսանում ողբերգությունը դատապարտելու համար: Իսպանիայի պարագայում նման խոչընդոտներից մեկը  Թուրքիայի հետ  այսպես կոչված Քաղաքակրթությունների դաշինքից ներս օրեցօր սերտացող բարեկամական հարաբերություններն են, ինչը բնավ վատ բան չէ: Այդուհանդերձ,  ճիշտ այդ փոխհարաբերությունները նկատի ունենալով էր, որ սենատում հարցը քննարկելու առաջարկությամբ հանդես եկած պատգամավորներից մեկը հարկ համարեց ընգծել հատկապես.«1915-23 թվականներին կատարվածը պետք է ոչ միան մեր, այլեւ հենց Թուրքիայի կողմից ճանաչվի: Այդպիսով Հայաստանի հետ համերաշխության ապահովման իմաստով քայլ առաջ կարվեր, իսկ Քաղաքակրթությունների Դաշինքի ծիրից ներս նման քայլը կդիտվեր որպես բարի կամքի արտահայտություն»:
 
Բարսելոնի Իրավաբանների միության Միջազգային քրեական հանձնաժողովի նախագահ եւ հայ ժողովրդի բարեկամ Խուան Մերելո Բարբերան, ներկայացրված նյութում շեշտը հատկապես Իսպանիայում բոլորովին վերջերս վավերացված մի որոշման վրա դնելով, որով 1492 թվականից ի վեր երկրի սահմաններից արտաքսված հրեաների այսօրվա ժառանգներին քաղաքացիություն ստանալու իրավունքն է տրվում, իր զարմանքն է հայտնում, թե. ինչո՞ւ պետք է հայերը, եթե զուգահեռներ անցկացվեն, մոռացության տային 1915-ին իրագործված սպանդը, երբ ցեղասպանություն հասկացությունը Ռաֆաել Լեմկինը ի հայտ էր բերել՝ հիմնվելով անմիջապես հայության բնաջնջման փաստի վրա: 
«Իսպանիան վավերացրել է ցեղասպանությունները դատապարտող Հռոմի կանոնադրությունը,-ամփոփում է իրավաբանն  իր «Պարտվածների իրավունքը»  հոդվածում:- Մենք, բարեբախտաբար, վերջին շրջանում չենք վերապրել այնպիսի մի իրավիճակ, որը նման հետեւանքներ կունենար, սակայն պատրաստակամություն ենք ունեցել վավերացնելու վերոհիշյալ փաստաթուղթը, ինչը միանգամայն գերազանց է, քանզի այդպիսով մենք էլ ենք կազմում մասը միջազգային հավասարակշությանը ուղղված միջոցների, որոնցից մեկն էլ համընդհանուր բնույթ կրող իրավաբանական դրույթներն են: Ինչո՞ւ ենք հապաղում, այդ դեպքում, Հայոց ցեղասպանության հարցում: Ի՞նչ տրամաբանություն կա իրավական փաստաթղթերի ժողովումների մեջ, եթե դրանք չեն կիրառվելու, երբ քննության առնելու առաջարկություններ եւ անհրաժեշտությունը կա: Անհատապես թե խմբովին զոհված մարդիկ, ինչպես նաեւ նրանց իրավահաջորդները, ունեն սեփական պատիվը պաշտպանելու իրավունքը: Չէի ցանկանա հանգել այն մտքին, որ այս խնդրո մեջ խոռոչ է առաջացրել Իսպանիայի ներքին հակամարտությունների իրողությունը»:

Բավականին ազդեցիկ էին մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրուգվայի հանրապետական համալսարանի պրոֆեսոր եւ մեզ արդեն քաջ հայտնի՝ Հայ դատի ջերմեռանդ պաշտպան Գոնսալո Պերերա Ֆեռերի պատասխանները Արթուր Ղուկասյանին տրված հարցազրույցում, որոնցից մեկում նշում է. «Իմ երակներում բնավ ոչ մի կաթիլ հայկական արյուն չի հոսում: Արմատներս հարյուր տոկոսով կատալոնական են: Այդուհանդերձ,  իրազեկությունս եղեռնագործ թուրքական պետությանը ներկայացված հայցին (առ այն, որ Հայոց ցեղասպանությունը իրագործելուց հետո վերջինս պատասխանատվություն է կրում պատմական եւ ողբերգական այդ իրադարձության կապակցությամբ) պատճառ հանդիսացավ, որ  հայությանն ինձ համար իբրեւ համայն մարդկության հայելին ընկալեմ:  Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, բազմաթիվ անարդարությունների, ժխտողականության, թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված հետապնդումների (որի համաձայն յուրաքանչյուրը, ով ճշմարտությունը երեւան բերելու խիզախությունը կունենա, անմիջապես պատժի է ենթարկվում) եւ մի շարք այլ փաստերի նկատմամբ եթե շարունակեի սեփական հանգստության, հարմարավետության եւ վախի դրդումներով շարժվել, անտարբեր կամ լուռ մնալ, ինքս ինձ խաբեության, անազնվության, ոճրագործության եւ բարբարոսության մեղսակիցը կզգայի»:

Ներկայացված կարծիքների մեջ միանգամայն հուզիչ էր նաեւ արգենտինացի գրող եւ բանաստեղծ Գուստավո Ստերժեկի խոսքը.«Այսօր ես, պատկանելով աշխարհիս 99,9 ոչ հայ բնակչության թվին, շատ մեծ ամոթ եմ զգում այն աշխարհի համար, որը 98 տարի սրանից առաջ բոլորովին միայնակ թողեց հնագույն եւ հարուստ մշակույթ ունեցող մի ազգի, երբ վերջինիս կոտորում էին այդ նույն աշխարհի երեսից բնաջնջելու նպատակով»:

ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ,
ԻՍՊԱՆԻԱ

|

 
 
Սփյուռքի թղթակիցներ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38