Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Լեզուն միայն հասարակական, պատմական արժեք չէ…»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
29.04.2013

Օֆելյա Սարգսյան
«Լեզուն միայն հասարակական, պատմական արժեք չէ…»
«Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովին Օֆելյա Սարգսյանը ներկայացնում էր Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը:
Լեզվամշակութային հիմնախնդիրներին նվիրված թեմատիկ նիստի մասնակիցները դեռ երկար կհիշեն ոչ միայն Օֆելյայի զեկույցը, այլև գերմանաբնակ հայուհու հուզական բանավեճը:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Օֆելյա Սարգսյանի հետ.
- Սովորում եմ Ֆրեսբուրգի պետական համալսարանում, միաժամանակ համագործակցում եմ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հետ: Վերջինս մի կառույց է, որը միավորում է Գերմանիայում գործող շուրջ 14 հայկական համայնք:
Աշխատում եմ Խորհրդի մամուլի վարչությունում: Ինչպես բոլոր սփյուռքյան համայնքներում, մեր աշխատանքը կամավոր հիմունքներով է: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահը Ազատ Օրդուխանյանն է, ով այդ պաշտոնում երկրորդ անգամ է վերընտրվել: Վերընտրվել է միաձայն: Եվ սա պատահական չէ: Մենք գործ ունենք մի անձնուրաց մարդու հետ, ով իր անելիքը լավ գիտի: Նա կարողանում է ոգևորել, համախմբել մարդկանց, ու եթե նա չղեկավարեր Խորհուրդը, վստահաբար կարող եմ ասել, որ ես կամ ուրիշ շատ այլ մարդիկ վարչության մեջ չէինք մտնի:
Ես շատ չնչին, աննկատելի աշխատանք եմ կատարում, բայց կատարում եմ սիրով ու մեծ պատասխանատվությամբ:
Միայն պետք է տեսնեք, թե խորհրդում ինչ ոգևորությամբ և եռանդով են աշխատում համայնքայինները, ինչպես են  նվիրված  իրենց գործին:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը համագործակցում է ոչ միայն հայերի, հայաստանյան կառույցների, սփյուռքյան տարբեր համայնքների, միությունների հետ, այլև Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ:
Հատկապես ակտիվ է համագործակցությունը քրդերի, ղպտիների, եզդիների, դերսիմցիների հետ: Վերջիններս շատ կարևոր համայնքներ են և շատ հաճախ միանում են մեր նախաձեռնություններին: Գերմանիայում մոտ 60 հազար հայ է ապրում, որոնք ցրված են տարբեր քաղաքներում: Երբ կարիք է զգացվում բողոքի ակցիաներ կազմակերպելու ադրբեջանական, թուրքական դեսպանատների մոտ, շատ դժվար է լինում հայերին համախմբել: Նախ՝ Մյունխենից, Համբուրգից կամ այլ քաղաքներից Բեռլին հասնելը ֆինանսապես է դժվար, բացի այդ՝ ժամանակային առումով չեն համընկնում:
Այդ ընթացքում մեզ համար շատ լավ դաշնակիցներ են դառնում ազգային փոքրամասնությունները:

Ուզում եմ մի ֆենոմենալ երևույթի մասին պատմել: Վերջերս հայտարարվել էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պետք է ժամանի Գերմանիա, և գերմանական իշխանությունները նրան պետք է պարգևատրեն:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ պարգևատրման արարողությունից մեկ շաբաթ առաջ այն չեղյալ հայտարարվեց:
Շատ լուրջ փաստարկներ ներկայացվեցին քաղաքապետարան, ցույցեր կազմակերպվեցին: Մեր այս նախաձեռնությանը միացան նաև ազգային փոքրամասնությունները:
Գուցե սխալ է հաղթանակը վերագրել միայն հայկական համայնքին, բայց զգալի է այն աշխատանքը, որն իրականացրեց հայկական համայնքը այդ օրերի ընթացքում:

- Օֆե´լյա, «Հայերենն իմ սրտում է» համաժողովին Գերմանիայից քանի՞  երիտասարդ էր մասնակցում:

- Գերմանիայից երեք պատվիրակ էր մասնակցում համաժողովին: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ներկայացնում էինք ես և Հասմիկ Մատինյանը, Բեռլինի համայնքից համաժողովին մասնակցում էր Արմինեն: Բեռլինում երկու համայնք ունենք, Արմինեն համայնքներից մեկն է ներկայացնում:
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մասնակցում է բազմաթիվ համաժողովների, որոնք կազմակերպվում են եվրոպական տարբեր երկրներում:
Սակայն կան բազմաթիվ ծրագեր, որոնք նախատեսված են իրականացնել Հայաստանում: Ճիշտ է՝ այս առումով խնդիրներ կան, հիմնականում՝ ֆինանսական, բայց դրանք հաղթահարելի են:

Իսկ ամենամեծ նախաձեռնությունը, որի մասին ցանկանում եմ խոսել այս պահին, Գերմանիայում Հայկական ազգային գրադարանի ստեղծումն է: Իրադարձություններից առաջ չեմ ուզում ընկնել, բայց ամենայն հավանականությամբ գրադարան-արխիվը կհիմնադրվի Համբուրգ քաղաքում, ինչի առիթով համայնքը շատ է ոգևորված:
Սա աննախադեպ իրադարձություն է, որը նաև մեծ օգնություն կլինի հայ ուսանողների համար, և ոչ միայն:
Այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս մեր իմիջը կբարձրացնի Գերմանիայում: Այս քայլը կնշանակի, որ մենք վեր ենք «սալոնային» մակարդակից: Օրինակ՝ թուրքերը հայտնի են որպես քոչվոր ազգ ու առևտրականներ: Իսկ հայերը ստեղծում են ոչ թե սալոններ, այլ մշակույթի կենտրոններ: Եվ պատահական չէ, որ Գերմնանիայում հայերը հայտնի են որպես մշակութասեր ազգ:

- Իսկ ի՞նչ տվեց համաժողովը:

- Երբ մենք վերադառնանք Գերմանիա, կամփոփենք արդյունքները: Կներկայացնենք, թե ինչ քննարկվեց համաժողովի ընթացքում, թե ինչպես են հայ երիտասարդները ընկալում խնդիրը, ինչպես են հայաստանյան մասնագետները վերաբերվում այդ ամենին:
Դասախոսությունների տեսքով կփորձենք այդ ամենը ներկայացնել համայնքներում:
Համաժողովի մասին ինչ կարող եմ ասել. հրաշալի  միջոցառում էր, ուր ոչ միայն մայրենի լեզվին, երիտասարդների հիմնախնդիրներին, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հարցեր էին քննարկվում, այլև այն միավորեց աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների: Դա նույնպես առաջնային է, որովհետև լինել հայրենիքում, շփվել հայ երիտասարդների հետ՝ շատ գնահատելի է:

- Օֆե´լյա, դու զեկույցով հանդես եկար «Լեզվամշակութային հիմնախնդիրներ» թեմատիկ քննարկման ընթացքում: Ինչո՞ւ էիր այդ ուղղությունն ընտրել:

- Ես կիսում եմ այն կարծիքը, որ լեզուն ազգապահպան գործոններից է: Լեզուն մեզ համար ոչ միայն հասարակական, պատմական արժեք է ու գործիք, այլև քաղաքական, ռազմավարական նշանակություն ունի:

Զրուցեց  Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38