ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
30.04.2013

Սիրիացի գրող Ատոնիսը հիացած է Երեւանով եւ առաջիկայում պատրաստվում է կրկին այցելել
«Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաեւ սիրիացի հանրահայտ գրող Ատոնիսը (Ալի Ահմեդ Սաիդ): Բացի բանաստեղծ լինելուց, Ատոնիսը նաեւ գրականագետ է, տեսաբան, քննադատ, թարգմանիչ եւ դասախոս: Համաշխարհային հռչակ վայելող գրողի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 20 լեզուներով: Նա շուրջ 20 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, իսկ ահա տեսաբանական, ուսումնասիրման, գրականագիտական եւ իմացական իր աշխատանքներն ամփոփող հատորները տասնհինգն են: «Արմենպրես»-ը հնարավորություն ունեցավ շրջել Ատոնիսի հետ երեւանյան փողոցներով եւ նրան ուղղելու մի քանի հարցեր:
- Պարո'ն  Ատոնիս, առաջին անգամ եք ժամանել Հայաստան: Ինչպիսի՞ն են Ձեր ստացած առաջին տպավորությունները:

Այո, ճիշտ եք: Սա իմ առաջին այցելությունն էր Երեւան, եւ անկեղծ պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ: Շատ գեղեցիկ քաղաք ունեք, հիանալի ճարտարապետություն: Այնուամենայնիվ, վստահ եմ` ամբողջական տպավորություն կազմելու համար պետք է երկար ժամանակով գամ եւ մնամ այստեղ, որպեսզի հնարավորություն ունենամ առավել շատ տեսնել մարդկանց, կարողանամ շփվել բանաստեղծների, մտավորականների հետ, կարծիքներ փոխանակեմ: Հույս ունեմ, որ հաջորդ այցս ավելի երկար ժամանակով կլինի: Կարծում եմ, որ կվերադառնամ երեք-չորս ամիս անց: 
Դուք ժամանեցիք Գրքի համաշխարհային մարաքաղաք Երեւան: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ առումով եւ, ընդհանուր առմամբ, որքանո՞վ կկարեւորեք նմանատիպ նախաձեռնությունը:

Դա ինքնին մեծ իրադարձություն է: Աշխարհում կա այն թյուր կարծիքը, թե իբր գրքի ժամանակն անցել է: Ընդհակառակը, այս բացառիկ երեւույթը, որ մեկ տարի տեղի ունեցավ Երեւանում, եկավ հաստատելու, որ գիրքը կենսական նշանակություն ունի մարդկանց կյանքում: Ես կմաղթեմ, որ հայ ժողովրդի ունեցած այս հետաքրքրությունը գրքի նկատմամբ շարունակի գերակայել` մասնավորապես երիտասարդների մոտ, որովհետեւ գիրքն այսօր առաջին հերթին ընթերողի կարիք ունի:

- Ժամանակակից բանաստեղծական արվեստի ներկայիս փուլը ընդհանրական առումով վերցած ո՞ր ուղղությանը կնմանեցնեք: Կարծիք կա, որ սյուրռեալիզմի ժամանակաշրջան է:

Ընդհանրապես ես տեսություններին դեմ եմ: Բանաստեղծությունն ավելի լայն է, քան բոլոր տեսությունները: Բանաստեղծի մարմինը եւ ուղեղն անկարելի է տեսությունների ենթարկել: Տեսություններն են հիմնվում բանաստեղծության վրա, եւ ոչ թե` հակառակը: Մեծ բանաստեղծը նա է, ով միաժամանակ կարող է լինել եւ սյուրռեալիստ, եւ խորհրդապաշտ, ինչպես նաեւ որոշ չափով իմացապաշտ: Եթե բանաստեղծին կարողանաս որեւէ դպրոցի մեջ ամփոփել, նշանակում է, որ վատ բանաստեղծ է:

Ձեր ստեղծագործություններում գերակշռում են դուալ հակադրությունները` կյանքի - մահվան, դրախտի- դժոխքի եւ այլն: Դա դառնում է Ձեզ համար ստեղծագործելու գլխավոր առանձնահատկությո՞ւն, թե՞ կյանքի կողմից թելադրված պահանջ:

Այո, ճիշտ եք նկատել: Այդ միտումը իմ դառը կյանքի փորձությունների արդյունք է, բյուրեղացած փորձառություն: Չես կարող լույսը հասկանալ, եթե գիշերը չես տեսել կամ ապրել: Մահը եւ կյանքը գոյության տարբեր երեսներ են, եւ մեկը չես հականա առանց մյուսը հասկացած չլինելու: Որպեսզի սերը հասկանաս, պետք է իմանաս ատելությունը: Այս հակադիր բեւեռները կյանքի լավագույն միջոցն են նաեւ հասկանալու համար, թե ինչ է գոյության էությունը:

-Ձեր բանաստեղծություններում գրականության եւ փիլիսոփայության կապը չափազանց դժվար է առանձնացնել: Ընդհանրապես կա՞ սահմանագիծ դրանց միջեւ:

Գրականության եւ փիլիսոփայության միջեւ կապը սերտ է, որը նաեւ մարդու մեջ գազանային բնազդի առկայության արդյունք է: Հիշենք Կայենի օրինակը, ով սպանեց իր եղբորը: Այդ ոճրագործ երեւույթը մարդու մեջ իսկապես մտահոգիչ է, որն էլ հաճախ դառնում է ստեղծագործելու առիթ:

-Հայաստանում մի շարք վայրեր այցելելու կողքին, ապրիլի 24-ին եղաք նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ի՞նչ զգացիք այնտեղ:

Առաջին հերթին ունեցա այն տպավորությունը, որ մեծից փոքր` Նախագահից սկսած մինչեւ երեխա, բազմաթիվ մարդիկ կառչած են նահատակների կտակին, ուխտին: Սա մեծ ցուցիչ է այն բանի, որ հայ ժողովուրդը արժանի է ապրելու եւ ստեղծագործելու այս երկրի վրա: Հակառակ իր ապրած աղետին, տեսած դժվարություններին` հայ ժողովուրդը ավելին քան երբեք կենդանի է, ոտքերը ամուր հաստատած հողի վրա, եւ նա կարող է ապրել ոչ միայն անցյալով, այլեւ` իր ներկայով եւ ապագայով:

 Հարցազրույցը վարեց Արուսիկ Զախարյանը 

Արաբերենից թարգմանեց գրող, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը

Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38