ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 27 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Վերատպություններ
30.04.2013

«Միջազգային քաղաքական և հումանիտար միտքը հայերի ցեղասպանության մասին»
«Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում ապրիլի 26–ին տեղի ունեցավ «Միջազգային քաղաքական և հումանիտար միտքը հայերի ցեղասպանության մասին» կլոր սեղանը, որին մասնակցում էին հայտնի քաղաքագետներ ու փորձագետներ: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնած միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև «Սև գիրք: Նշանավոր արտասահմանցիները թուրքական ոճրագործությունների և հայերի ցեղասպանության մասին» ժողովածուի շնորհանդեսը:
Բացելով կլոր սեղանը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ սկսած 19–րդ դարի վերջից հայտնի շատ պետական գործիչներ, դիվանագետներ, գրողներ, լրագրողներ, միսսիոներներ հստակ գնահատական են տվել Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի ջարդերի վերաբերյալ` փորձելով կանխել թուրքական կառավարությունների հանցագործությունները:

Նա հիշեցրեց, որ դեռևս 1915 թ. մայիսի 29–ին Եվրոպական մեծ Տերությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի նախաձեռնությամբ հանդես եկան համատեղ հռչակագրով, հայերի բնաջնջումը բնութագրելով իբրև «հանցագործություն մարդկության դեմ»: Իր հերթին, ԱՄՆ-ը 1916, 1919, 1920 թթ. ընդունել է երեք դատապարտող բանաձև և այդ գիծը շարունակվում է մինչև այսօր. յուրաքանչյուր տարի ապրիլին ԱՄՆ նախագահը հատուկ ուղերձով դիմում է հայերին:
Ցեղասպանության արդյունքում հայերը կորցրեցին իրենց հայրենիքի մեծ մասը: Ցեղասպանության մեկ այլ ողբերգական հետևանք է հանդիսանում աշխարհում հայերի ցրվածությունը: 

«Կարծում եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչման մասով հարցը լուծված է` աշխարհի առաջատար պետությունները վաղուց են այն ճանաչել, - նշեց կլոր սեղանի վարողը: Այժմ պետք է խոսել այլ` ցեղասպանության հետևանքների վերացման փուլի մասին, որովհետև ներկայումս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրավավիճակը հանդիսանում է 20–րդ դարի սկզբի իրադարձությունների կրկնությունը. Թուրքիան նորից է փորձում ապակայունացնող դեր խաղալ»:

Վլադիմիր Զախարով. «1915 թ. իրադարձությունները նպատակաուղղված էին մեկ ժողովրդի` հայերի դեմ»

Սևծովյա-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը հայերի ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է 55 տարի առաջ` ցեղասպանությունը վերապրած իր արմավիրցի հարևանններից: «Նրանք շատ կիրթ մարդիկ էին: Սարսափելի էր լսել նրանց պատմությունները, թե այն ժամանակ ինչ է տեղի ունեցել Թուրքիայում: Գլխումս մի միտք էր պտտվում. «ինչպես կարող են մարդիք այդպես տանջել ու անարգել այլ մարդկանց», պատմեց Զախարովը:

1915 թ. իրադարձությունները նպատակաուղղված էին մեկ ժողովրդի` հայերի դեմ, համոզված է նա: Նրա կարծիքով, ցեղասպանության զոհերը արժանի են դասվելու սրբերի շարքին: «Կարծում եմ, որ այդ իրադարձությունների 100–ամյակի նախաշեմին Հայ առաքելական եկեղեցին պետք է իր Հոգևոր խորհրդի նիստում քննարկի անհայտ տառապյալներին սրբերի շարքը դասելու հարցը, ովքեր սարսափելի չարչարանքների են ենթարկվել հետապնդումների տարիներին», իր կարծիքը հայտնեց Զախարովը:    

Սևծովյա-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը թուրքերի հետ բազմակի հանդիպումներ է ունեցել և զրուցել հայերի ցեղասպանության թեմայով: «Դիվանագետները վախենում են, որ թուրքական կառավարությունը ահռելի գումարներ կվճարի, իսկ կառավարությունը դա անել չի ցանկանում, - ասում է Զախարովը: - Բայց դա պատասխան չէ: Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը և փոխհատուցում է վճարում, դրա համար էլ այդ երկրի նկատմամբ որևէ մեկի մոտ պահանջներ չկան»:

Վլադիմիր Զախարովը առաջարկեց Ռուսաստանում հայերի ցեղասպանության թանգարան բացել: «Հայաստանում, Ցեղասպանության թանգարանում փոքրիկ թուրքական դրամ է դրված, որով կարելի էր հայ երեխաներին գնել, - պատմեց Զախարովը: - Ես այդպիսի դրամ եմ ճարել և ապագա թանգարանի առաջին ցուցանմուշն արդեն կա»:

Դենիս Դվորնիկով. «Հայերի ցեղասպանության մոռացումը մեծ հանցագործություն կլինի այդ թվում և Հոլոքոստի զոհերի նկատմամբ»

Աշխարհում հայերի ցեղասպանության փաստի ընդունումից հետո օրենսդրական մակարդակում  տեղի է ունենում դրա ժխտման քրեականացումը: Վերջերս Մոսկվայում բացվեց Հոլոքոստի և հանդուրժողության թանգարան: Հրեական կազմակերպույունները և Պետական Դումայում ու Դաշնային Խորհրդում նրանց ներկայացուցիչները որոշել են Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացնել: Սենատոր Շպիգելի օրինագիծը ներկայումս քննարկվում է Դումայի համապատասխան կոմիտեներում և Հանրային պալատում:

Հանրային խորհրդի անդամ, իրավաբան-միջազգայնագետ, «Հանուն արդարադատության թափանցիկության» հասարակական կոմիտեի նախագահ  Դենիս Դվորնիկովը համարում է, որ քանի դեռ միանշանակ գնահատական չի տրվել 1915 թ. իրադարձություններին, «օձը շիշ չի մտնի»:
«Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս կամ այն պատմական իրադարձությունների ժխտումը քրեականացնելուն, բայց երբ այդպիսի նախաձեռնություն կա, եթե այն լրիվ հնարավոր է դառնում, իհարկե, հայերի ցեղասպանության մասին մոռանալը  մեծ հանցագործություն կլինի այդ թվում և Հոլոքոստի զոհերի նկատմամբ, - իր տեսակետը ներկայացրեց ՌԴ Հանրային խորհրդի անդամը: - Եթե հիշվում է մի ժողովրդի դժբախտությունը և մոռացվում մյուսինը, որոնց ճակատագրերը սերտորեն կապված են Ռուսաստանի հետ` դա հակասում և վնասում է երկուսի հիշատակին էլ: Պետք է բոլոր ջանքերը գործադրել, որ նման գազանությունները այլևս չկրկնվեն»:
Դենիս Դվորնիկովը կարծում է, որ զոհերի լավագույն հիշատակը, տխուր միջոցառումների հետ մեկտեղ, հանդիսանում է հայ ժողովրդի նվաճումների ցուցադրումը:
Մոսկվայում ԼՂՀ ներկայացուչիչ Ալբերտ Անդրյանը համարում է, որ 20–րդ դարում թուրքերի ոճիրներին արժանի գնահատականի բացակայությունը պատճառ հանդիսացավ Արցախում, Ադրբեջանում և այլ շրջաններում հետագա իրադարձությունների համար: «Մարդկային կյանքը ընդհանրապես արժեզրկվել է: Ոչնչացվում են տասնյակ հազարավոր մարդիք, իսկ միջազգային հանրությունը, որը պարտավոր է արձագանքել` լռում է» - նշեց Անդրյանը:

Մոսկվայում Արցախի ներկայացուցչի կարծիքով ոճրագործությունների հիմնական պատասխանը եղան հայ ժողովրդի կենսունակությունը, այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 20–րդ դարի վերջին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսօրվա կացությունը:  

Միխայիլ Ալեքսանդրով. «Պետք է ջախջախել Արևմուտքի երկակի չափանիշները»

ԱՊՀ ինստիտուտի բաժնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը համարում է, որ պետք չէ հայերի ցեղասպանության չճանաչումը վերագրել միայն Թուրքիային: «Բոլորը չգիտես ինչու, ամեն ինչ վերագրում են Թուրքիային: Բայց Թուրքիան այդքան հզոր պետություն չէ, որ միայնակ կարողանա արգելակել այդ գործընթացը: Այստեղ մեծամասամբ նաև հաերի մեղքը կա, որովհետև չեն հետազոտվում այն պատճառնեը, որոնք արգելակում են ցեղասպանության ճանաչումը և չեն բացահայտվում նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում», նշեց Ալեքսանդրովը:  

Նրա կարծիքով, Արևմուտքում կան շրջանակներ, որոնք երկակի չափանիշների քաղաքականություն են վարում: «Հայերի ցեղասպանության հետ համեմատ այնպիսի աննշան իրադարձություն, ինչպիսին խորհրդային շրջանում Մերձբալթիկայում մարդկանց տեղահանում է, Արևմուտքում ահռելի լուսաբանում ստացավ: ԱՄՆ-ը և Արևմուտքը սկսեցին Ռուսաստանից պահանջել այդ տեղահանման հետևանքների վերացում, - նշեց Ալեքսանդրովը: - Ես ինչ-որ չեմ լսել հայերի ցեղասպանության հետևանքների վերացման մասին Թուրքիային ներկայացված պահանջների մասին: Պետք է մտածել, թե ինչու՞ է այդպես լինում և ջախջախել երկակի չափանիշների քաղաքականությունը»: 

Հոլոքոստի հետևանքները մեծամասամբ վերացված են. ստեղծվել է հրեաների պետությունը, ուր նրանք կարող են հանգիստ ապրել, նշեց կլոր սեղանի մասնակիցը: Իսկ 
հայերի տարածքների մեծ մասը խլված է, ոչ ոք ոչ մի փոխհատուցում չի ստացել, թեև հայերի ցեղասպանությունը շատ ավելի վաղ է եղել, քան Հոլոքոստը:
Ալեքսանդրովի կարծիքով, Ռուսաստանում Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը դրա բացառիկության հղումով, ոչ միայն արդյունավետ չէ, այլ` վնասակար: «Իսկ եթե այնտեղ ավելացվի հայերի ցեղասպանությունը, դա կփոխի իրավիճակը, այդպիսի հոդվածին հաղորդելով սկզբունքային բնույթ»:
Ռուսաստանը այս հարցում ավելի խիստ քաղաքականությունպետք է վարի, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ագրեսիվության աճը:

Անդրեյ Արեշև. «Նաև հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը կարող է ոչ միայն բարոյական ու պատմական, այլ լիովին ժամանակակից իրավա-քաղաքական չափում ունենալ»

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կլոր սեղանի մասնակիցների հետ կիսվեց ժամանակակից թուրքական պետության դերի հոլովույթի վերաբերյալ իր պատկերացումներով: «Կա  ակնհայտ ենթադրություն, որ Թուրքիան շարժվում է Պակիստանի ուղղությամբ, որը հարաբերականորեն աշխարհիկ պետությունից վերածվեց ահաբեկչության ու ծայրահեղության բոլոր տեսակի «հմայքների» կենտրոնի: Եթե Թուրքիան շարժվում է այս ճանապարհով, ապա վաղ թե ուշ սպառնալիքի աղբյուր կդառնա Իրանի, Ռուսաստանի և նրա դաշնակիցների` առաջին հերթին Հայաստանի համար», նշեց Արեշևը:
Դրա համար էլ, նրա կարծիքով, նաև հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը կարող է ոչ միայն բարոյական ու պատմական, այլ լիովին ժամանակակից իրավա-քաղաքական չափում ունենալ: «ՌԴ Պետական Դումայի 1995 թ. Հայտարարությունը հայերի ցեղասպանության վերաբերյալ չունի իրավական կշիռ, - նշեց կլոր սեղանի մասնակիցը: - Նոր օրենքը կարող է մոտավորապես այս անվանումը ունենալ. «Նացիզմի և Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հանցագործությունների ժխտման քրեականացման մասին»: Այդ օրենքում, օրինակ, կարելի է արգելք մտցնել պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց կողմից ցեղասպանության ժխտման համար: Կարելի է ընդգրկել նաև այլ դրույթներ, որոնք կնպաստեն Մինսկի խմբում, իբրև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդի` Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը»:

«Սև գիրք:Նշանավոր արտասահմանցիները թուրքական ոճրագործությունների և հայերի ցեղասպանության մասին»

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ  երկու միլիոն հայերի ոչնչացման մասին գիրքը բազմակողմանիորեն և համապարփակ կերպով ներկայացնում է այդ ոճրագործության էությունը, պատմությունը, պատճառներն ու ծավալը: Ժողովածուի բոլոր հեղինակները օտարերկրիացի են, որոնցից շատերը այդ իրադարձությունների ականատեսն են եղել: Նրանք ապացուցում են, որ ցեղասպանությունը  ջարդերով, թալանով ու բռնություններով չի ավարտվել, այլ շարունակվում է, երբ մարդկանց զրկում են հիշողությունից, պղծում են եկեղեցիներն ու սրբավայրերը:

«Առաջին անգամ մեկ գրքում դրա կազմող Ալբերտ Իսոյանի ջանքերով հավաքված են հայտնի քաղաքական գործիչների, մտածողների ու հումանիստների արտահայտությունները, - նշեց Յուրի Նավոյանը: - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ ժողովածուն լույս է տեսել ռուսերեն: Այսօր դա շատ կարևոր է այն պայմաններում, երբ որոշ շահագրգիռ խմբեր փորձում են պատմության այդ փուլի փաստերը կեղծել և դա մասսայաբար տարածել»:
Այս գիրքը կարելի է նաև անգլերենով հրատարակել, համարում է Վլադիմիր Զախարովը, քանի որ, թեև այդ թեմայով գրականության առկայությանը, աշխարհին հայերի ցեղասպանության մասին քիչ բան է հայտնի: «Այս գիրքը հիշողություն է նրանց մասին, ովքեր ցեղասպանություն են վերապրել և գիտեն այդ մասին: Այդպիսի հրատարակություն դեռ գոյություն չունի, - նշեց քաղաքագետը: - Պետք է արժանին մատուցել Ալբերտ Իսոյանին նյութի այսպիսի մանրակրկիտ ու ճիշտ ընտրության համար: Նա կարողացել է այդ արհավիրքի մասին ընտրել հայտնի մարդկանց այնպիսի արտահայտություններ, որոնք անմիջապես աչքի են ընկնում»:
Միխայիլ Ալեքսանդրովը գիրքը օգտակար ու ժամանակակից համարեց: «Ցեղասպանության մասին հայտնի մարդկանց արտահայտությունները լավ օգնություն են հանդիսանալու գիտական ու հրապարակախոսական աշխատանքների համար: Դրանից բացի, այս գիրքը ևս մեկ անգամ հիշեցնում է 1915 թ. ցեղասպանության իրադարձությունների մասին: Շատ կարևոր է, որ նման հիշեցումներ մշտապես արվեն, այլապես այդ թեման կմոռացվի և դարերի խորքը կանցնի», իր կարծիքը հայտնեց քաղաքագիտության դոկտորը: 

Ալբերտ Իսոյանը ուրախ է, որ «Սև գիրքը» ներկայացվում է սպիտակ երկրում` Ռուսաստանում: «Ռուսաստանը մեզ համար, ինձ համար ամեն ինչ է, ընդգծեց ժողովածուի կազմողը: - Բոլոր մեր հույսերը և երազանքները իրականացվում են ռուսերենի միջոցով: Դրա համար էլ գիրքը ռուսերենով է հրատարակված»:
Ժողովածուում ընդգրկված բոլոր հեղինակները խոսում են այն մասին, թե ինչպես են թուրքերը վերաբերվել կանանց ու երեխաներին: «Այդ նշանավոր մարդկանց մեծամասնությունը ռուսներ են: Մեզ համար կարևոր է, որ այդ ողբերգության մասին խոսեն ու գրեն ոչ հայերը»:
Ժողովածուի կազմմանը Իսոյանը 25 տարի է նվիրել: «Երբ ցեղասպանության մասին մեկ մարդ է գրում, հասկանալի է, բայց երբ հարյուրհիսունը` դա բոլորովին ուրիշ է, -պատմեց հեղինակը: - Մեր կառավարությունը ջանում է, որ ցեղասպանությունը ճանաչեն ուրիշ երկրները: Բայց միթե՞ Դոստոևսկու, Մանդելշտամի, Կորոլենկոյի կողմից այդ փաստի ճանաչումը վեր չէ ցանկացած կառավարության ճանաչումից»:       

Ժողովածուի կազմողը ընդգծում է, որ գրքում բերված են ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մահմեդականների արտահայտությունները: «Այս գրքի միակ նպատակը Հայաստանի անկախությանն ու բարեկեցությանը նպաստելն է: Դա ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի», ընդգծեց Իսոյանը:
Առաջիկայում նախատեսվում է գիրքը հրատարակել անգլերեն, արաբերեն և իսպաներեն լեզուներով:
Գրքի ռուսերեն հրատարակման համար Արամ Կարապետյանը դիմել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Ինձ հանձնարարել են գումար գտնել և ես հանձնարարությունը կատարել եմ», ասաց նա:

Ելենա Խրուստալևա
«Արգումենտի ի ֆակտի»


|

 
 
Վերատպություններ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38