ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Վերատպություններ
02.05.2013

Լրտեսներ, մատնիչներ և կրկնակի գործակալներ Բոստոնի մարաթոնի պայթյուններում
Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների և լրագրողների կողմից:
Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:
 
Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել «Միշային»: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է «Միշան», և նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:

Անցյալ կիրակի «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել և հարցազրույց ունենալ աներևութացած «Միշայի» հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ «Միշան» Բաքվից է, հայ հոր և ուկրաինացի մոր զավակ, և նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշան» փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել: 
 
Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ «Միշան» ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշայի» հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշան» եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է: 

 
Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում
և Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել: 
 
Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ «մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետև Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետև Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով «հստակեցնել» իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը:  

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում և Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին և բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը և հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատև 
այցելության ընթացքում:  

Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը և ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին և հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:

 
Վերջապես, կան նաև այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:
 
Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված և խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա  Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

|

 
 
Վերատպություններ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38