ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
02.05.2013

Արազ Խոդաբախշեան
«Այն մարդը, ով մտածում է հայապահպանության մասին, երբեք իր մտահոգությունն օտար լեզվով չի արտահայտի…»
«Զգում եմ, որ բացի Իրանի քաղաքացի լինելուց, ես նաև իրանահայ քաղաքացի եմ, հետևաբար ունեմ որոշակի պարտականություններ, որոնք անտեսել չեմ կարող: Իմ մեջ կրում եմ այնպիսի արժեհամակարգ, որն ինձ ուրիշ է դարձնում, ինչով ես տարբերվում եմ իմ ընկերոջից»: Այսպես է մտածում իրանահայ Արազ Խոդաբախշեանը և «հուսահատված», բայց նաև հույս ստացած՝ Հայաստանից վերադառնում Իրան: Իսկ մինչ այդ իր խոհերն է կիսում «Հայերն այսօրի» ընթերցողների հետ.
- «Հայերենն իմ սրտում է» համաժողովին ներկայացնում էի Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհուրդը: Թեմական խորհուրդը մեր համայնքի հիմնական գործադիր մարմինն է և կազմված է 11 անդամներից: Բնականաբար, ես չեմ անդամակցում խորհրդին, քանի որ տարիքային և փորձառության առումով դեռ չեմ համապատասխանում նման պաշտոնի, բայց ներկայացնում եմ թեմական խորհուրդը որպես համայնքում ապրող և խնդիրները մոտիկից շոշափող երիտասարդ:

- Արա՛զ, հետաքրքիր է, երիտասարդները համայնքում ի՞նչ խնդիրներ ունեն:

- Իրանը կոչվում է Իրանի Իսլամական Հանրապետություն. բնականաբար, երկրի պաշտոնական կրոնը իսլամն է, որը  գերիշխում է երկրի օրենքներում: Հայերը՝ որպես ազգային փոքրամասնություն, չնայած ճանաչված են պետության կողմից (ունենք մեր պատգամավորները խոհրդարանում. որպեսզի պահպանենք մեր լեզուն, մշակույթը, կրոնը՝ ունենք մեր իրավունքները), բայց որպես տարբերվող համայնք երկրի մեծամասնությունից՝ ունենք մեր դժվարությունները. պետք է համակերպվենք երկրի օրենքներին, դրանց համեմատ քայլենք:

Մեր երիտասարդներն Իրանում չեն զանազանվում մուսուլման երիտասարդներից, այն խնդիրները, որ նրանք ունեն (ուսման, աշխատանքի, տնտեսական առումով), մեր երիտասարդներն էլ ունեն:
Իրանի բնակչության դեմոգրաֆիկ պատկերն այնպիսին է, որ երիտասարդությունը մեծամասնություն է կազմում, և նրանց միջև կա բարձր մրցակցություն՝ համալսարան մուտք գործելու, աշխատանք ստանալու, տուն գնելու, ընտանիք կազմելու: Մրցակցությունը պատճառ է դառնում, որ հայ երիտասարդները, ինչպես և պարսիկ երիտասարդները, դիմագրավում են միևնույն դժվարություներին:

Այս ամենից բացի, որպեսզի մենք պաշտպանենք մեր մշակույթը, լեզուն, ազգային, համայնքային արժեքները, մեր առօրյայից որոշակի ժամ պետք է հատկացնենք, որպեսզի գնանք միություններ, մանակցենք ազգային աշխատանքներին: 21-րդ դարի այս արագընթաց կյանքի մեջ և ժողովրդի ունեցած դժվարություններին զուգահեռ՝ նման ժամ հատկացնելը շատերի մոտ չի ստացվում:

Սա, կարծում եմ, իրանահայ երիտասարդի գլխավոր դժվարությունն է: Այնքան զբաղված է և մխրճված իր առօրյա հոգսերի մեջ, որ չի կարողանում որևէ ժամ գտնել, որ հատկացնի իր ազգային աշխատանքներին:
Սա մեծագույն դժվարություն է և երկմտություն, այն է՝ ինչպե՞ս  համոզել մեր երիտասարդին, որ, ճիշտ է, իր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է սովորել, աշխատել, բայց կարևոր է, որ այդ ամենից բացի որոշակի ժամ էլ հատկացնի համայնքին, որովհետև ազգը և համայնքը նաև մենք ենք՝ երիտասարդներս: Եթե յուրաքանչյուրս չկարողանանք ժամ հատկացնել և մեր ներդրումն ունենալ,  չենք կարող սպասել, որ քայլի համայնքը: Համայնքը մի մասնիկ է, որ ընդհանուր երկրի համակարգի մեջ պարտադիր չէ նրա գոյություն ունենալը: Որպեսզի այն  գոյատևի, մենք յուրաքանչյուրս պետք է ներդրում ունենանք:

- Հետաքրքիր է, դուք ինչպե՞ս եք կարողանում ժամանակ գտնել: Կարծում եմ՝ Ձեր օրինակով կարողող եք շատերին ոգևորել, համոզել:

- Գիտեք, ես համոզված եմ, որ կյանքում ինչ-որ բան ձեռք բերելու համար պետք է ինչ-որ բանից հրաժարվել: Ամենաիդեալական վիճակն այն կլինի, որ ամեն ինչ ունենանք և ոչնիչ ձեռքից բաց չթողնենք: Բայց այդպես քիչ է լինում:
Ես այսպիսին եմ՝ շնորհիվ իմ ընտանիքի և իմ ծնողների տված դաստիարակության: Ինձ փոքրուց դաստիարակել են, փոխանցել, որ համայնքային կյանքն ավելին արժե բոլոր օտար բաներից: Եթե, օրինակ, ինչ-որ տեղ բացթողումներ են լինում, կարողանում եմ կյանքի օտար ոլորտներից որևէ ժամ կրճատել և հատկացնել ազգին ու համայնքին: Երբեմն պատահում է, որ ես իմ դասից, գործից որոշ ժամեր խնայում եմ, որպեսզի կարողանամ ներդնել: Բնականաբար, հեշտ չի ստացվում: Հարկ է լինում որոշ օրեր մինչև ուշ ժամ աշխատել, ջանք թափել, որ ինչ-որ բան ստացվի: Եթե ցանկանանք հեշտ կյանք ունենալ, չի ստացվի:

Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ես հաճույք եմ ստանում ինձ հայ կոչելով և լինելով համայնքի մի մասը: Ես ուրախանում եմ, որ իմ շրջապատում ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, հայ բարեկամներ, ովքեր միշտ իմ կողքին են, որոնց հետ լինելով՝  ես ինձ ուրախ եմ զգում:

Զգում եմ, որ բացի Իրանի քաղաքացի լինելուց, ես նաև իրանահայ քաղաքացի եմ. կարծում եմ, որ այս երկուսը զանազան նշանակություն ունեն: Կարող ես լինել Իրանի շատ լավ քաղաքացի, շատ լավ ակադեմիական դեմք, գործարար, գործունյա անձնավորություն, բայց բոլորովին չլինել իրանահայ: Եթե մեկն իրեն կոչում է իրանահայ և իրանահայ լա՛վ քաղաքացի, պետք է իր ներդրումն ունենա համայնքի կյանքում, պետք է քայլի, և ինչ-որ մարդիկ նաև պետք է նրան քայլեցնեն:

- Արա՛զ, հետաքրքիր է, համաժողովը որևէ բան փոխե՞ց Ձեր կյանքում, մտածելակերպում:

- Ես մի քանի անգամ մասնակցել եմ նման համահայկական համաժողովների, բայց այս անգամ տարիքային սահմանումը և մասնակիցների զանազանությունը տարբեր էր: Մասնակիցների մեծ մասը ԱՊՀ երկրներից էին, և ես նախկինում առիթ չէի ունեցել նրանց հետ շփվելու:

Ինձ համար հետաքրքիր էր այն փաստը, որ ԱՊՀ երկրներում բնակվող հայերը չնայած դրսում բնակվելու երկար անցյալ չունեն և մոտ տարիներին են գաղթել, այդքան էլ չեն տիրապետում հայերենին: Եվ այդ փաստն ինձ համար ցավալի էր:
Ինձ համար հետաքրքիր էր նաև այն, որ հայերենի ոգին շատերի մոտ կա, չնայած որ չեն կարողանում շատ լավ հայերեն խոսել:
Եվ այն, ինչն ինձ փոխանցեց համաժողովը, ռեալ պատկերն էր Սփյուռքի հայության: Ես կասեի՝ որոշ առումներով հույս ստացա և որոշ առումներով հուսահատվեցի: Բայց, միևնույնն է, Սփյուռքի պատկերն ավելի ռեալ դարձավ: Երազանքային, ոչ ռեալ պատկերից մի քիչ հեռացա, և բոլորս միասին սկսեցինք ավելի ռեալ մտածել:

Համաժողովում կային շատ մտածող երիտասարդներ, և մենք հաճախ ընկերական խոսակցությունների ընթացքում խոսում էինք, քննարկում, փորձում ինչ-որ ելքեր փնտրել: Եվ դա ինձ համար հույսի շող է, որ մեր համայնքներում և Սփյուռքում  կան մտածող երիտասարդներ, և մենք միասին կկարողանանք ելքեր փնտրել: Վստահ եմ՝ կհաջողվի, և կկարողանանք դժվարություններին դիմագրավել: Պետք է մի շարք ստանդարտներ, գիտական միջոցներ կիրառել, որ զգացմունքից մի քիչ հեռանալով՝ սկսենք ավելի ռեալ մտածել:

Ես կարծում եմ, որ 21-րդ դարում, գլոբալիզացված աշխարհում մեզ նման փոքրիկ ազգերը, բնականաբար, նման դժվարություների են հանդիպելու, և մենք չենք կարող խուսափել մեծ հոսանքից, որն աշխարհը տանում է դեպի գլոբալիզացիա: Մեր ուժը կարող է նրա մեջ լինել, որ փորձենք ստեղծագործական ինչ-որ ելքեր փնտրել, որ աշխարհի հոսանքը մեզ այլ կողմ չտանի, և մենք կարողանանք հոսանքի մեջ գտնել ինչ-որ ժայռ, որպեսզի կառչած մնանք դրան:

- Արա՛զ, նշեցիք, որ համաժողովի ժամանակ հուսահատվելու պատճառներ եք ունեցել: Հետաքրքիր է, ի՞նչն է Ձեզ հուսահատեցրել:

- Գիտեք, ես միշտ պատկերացնում էի, որ եթե մենք խոսում ենք լեզվի մոռացության մասին, ապա ամեն ինչ այլ կերպ պետք է լինի: Օրինակ՝ մեզ մոտ եթե ասում ենք, որ ինչ-որ մեկը հայերենին չի տիրապետում, նշանակում է՝ այդ անձնավորությունն իր խոսքում  տասը բառից երեքը պարսկերեն է ասում: Նման մարդկանց ասում են՝ դիմացինը հայերենից լավ չէ: Չէի կարող պատկերացնել, որ կան մարդիկ, ովքեր հայերենի, հայապահպանության մասին իրենց մտքերը փոխանցելու ժամանակ պարտադիր պետք է օգտվեն օտար լեզվից: Գոնե մեզ մոտ այդպես չէ: Այն մարդը, ով հոգս ունի և մտածում է հայապահպանության մասին, երբեք իր մտահոգությունը պարսկերենով չի արտահայտի: Ինձ համար շատ ցավալի էր, որ այն մարդը, ով խոսում, մտածում է հայապահպանության մասին, չի կարողանում հայերեն խոսել: Ուրեմն ի՞նչ կարող ենք ասել այն մարդու մասին, ում չի հետաքրքրում հայապահպանությունը:

Այս հանգամանքն ինձ համար հուսահատեցնող է: Ես շատ բարեկամներ ունեմ ԱՄՆ-ում, ովքեր ասում են, որ այնտեղ 2-3 սերունդ հետո հայերենը չի պահպանվում, մոռացվում է: Ինձ համար ցավալի էր, որ համաժողովին մասնակցում էին սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր Հայաստանում էին ծնվել, բայց չէին տիրապետում հայերենին: Մինչև այժմ մտածում էի, որ ամենավատ վիճակում ամերիկահայերն  են, բայց այստեղ հասկացա, որ այդպես չէ:
Այս ամենից չեմ դժգոհում, քանի որ պետք է աշխարհի հանդեպ իրատես լինել, իրականությունն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, որ կարողանանք ելքեր փնտրել:

- Համաժողովի ընթացքում Ձեզ մոտ ի՞նչ գաղափարներ ծնվեցին, որոնք համայնք վերադառնալուց հետո կփորձեք իրագործել:

- Ինձ մոտ այն կարծիքը ձևավորվեց, որ եթե ուզում ենք պահպանել հայոց լեզուն, պետք է հայ երիտասարդների մոտ մղում ստեղծենք, ոչինչ չպարտադրենք (այս մոտեցումը մի քանի անգամ հնչեց սեմինարների ընթացքում): Եթե հայերեն խոսելու, հայերենը պահպանելու ներքին մղում չունենա, ինչքան էլ մենք դասընթացներ, դպրոցներ ունենանք Սփյուռքում, ոչինչ չի ստացվի:

Այդ փաստը շատ ակնառու է նաև  մեր համայնքում: Մենք բազմաթիվ հայկական ազգային դպրոցներ ունենք, բայց միևնույնն է, երբ երեխան հասնում է միջնակարգի տարիքին, ծնողները գերադասում են երեխային պարսկական դպրոց տանել: Մտածում են, որ այդ ձևով կապահովեն նրա կարիերայի, ուսման ապագան, քանի որ պարսկական դպրոցներն ավելի բարձր որակ են ապահովում:
Հետևաբար, մեր առաջին խնդիրը պետք է լինի որակը. մենք որակ պետք է ներկայացնենք՝ որտեղ էլ որ լինենք: Եթե ուզում ենք հայկական դպրոց պահել, պետք է որակյալ լինի:

Իրան վերադառնալուց հետո  իմ ուշադրությունը պետք է դարձնեմ ուսման համակարգին, մեր դպրոցների առաքելությանը: Աշխատենք այդ կարևորագույն կետի վրա և փորձենք մեր ազգային դպրոցների որակը հնարավորինս բարձրացնել: Դա շատ դժվար խնդիր է. մենք չունենք ռեսուրսներ, բարձր ֆինանսավորում, լավ ուսուցիչներին վարձատրելու համար միջոցներ: Այս ամենը փոքր համայնքների համար դժվար է ստացվում, բայց պետք է փորձենք ելքեր գտնել, որպեսզի որակ ապահովենք հայկական դպրոցներում: Եթե կարողանանք որակյալ հայկական դպրոցներ ունենալ, մեր զավակներն ավելի քիչ կգնան ոչ հայախոս դպրոցներ: Եթե նրանք մինչև 12-րդ դասարանը ստանան հայերեն կրթություն, դաստիարակություն, դրանից հետո լեզուն մոռանալու ավելի քիչ վտանգ կսպառնա նրանց:

Իմ անձնական փորձից  կարող եմ ասել, որ հայերեն սովորելու, բառապաշարս հարստացնելու համար ինձ շատ է օգնել հայկական հեռուստատեսությունը: Կարծում եմ, որ մենք պետք է մի քիչ էլ անդրադառնանք այս խնդրին: Ես համաժողովի ժամանակ մի քանի անգամ հնչեցրել եմ այն հարցը, որ հեռուստատեսությունը պետք է ավելի խորը զգա իր պարտականությունն ու առաքելությունը: Հեռուստատեսությունը պետք է այնպիսի ծրագրեր ներկայացնի սփյուռքահայերին, որ նրանց օգնի բարելավել հայերենը, ոչ թե ավիրի  եղածը:
 
Այս երկու կետերը, գոնե մեր համայնքում, իմ կարծիքով շատ անհրաժեշտ են: Այս երկու կետերն են, որը ձեռնահասություն ունեն երիտասարդների և ընտանիքների համար:
Հեռուստատեսությունը կկարողանա ամենօրյա հետաքրքիր ծրագրերի միջոցով հաղորդակցվել ընտանիքների հետ, դպրոցն էլ կկարողանա որակյալ, հիմնական ուսում տալ, որ ապագա կյանքի ընթացքում երիտասարդը հեշտ պահպանի իր մայրենին:

Հ.Գ. Արազն իր խոսքում կարծիք հայտնեց, որ գլոբալիզավցող աշխարհում մենք պետք է կարողանանք ընդհանուր հոսանքի մեջ գտնել ինչ-որ ժայռ, որպեսզի կառչած մնանք դրան:
Կարծում ենք՝ մենք այդ ժայռն արդեն գտել ենք, ավելի ստույգ՝ ունենք, ձեռք ենք բերել արյամբ ու պայքարով: Այդ «ժայռը» կոչվում է Հայրենիք: Պարզապես պետք է այն ավելի ամրացնել, հզորացնել ու շատ սիրել…


ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38