Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Գարուն ա, ձուն ա արել…
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռքի թղթակիցներ
03.05.2013

Գարուն ա, ձուն ա արել…
1915թ.Թուրքիայի իրագործած ոճիրը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է:
Թուրքական մահատարած յաթաղանին զոհ գնաց 1.5 միլիոն հայ: 
Թուրքերը ոչնչացրին ոչ միայն նյութական ու հոգևոր արժեքներ, այլև  հայ միտքը. Զոհրապ, Սիամանթո, Վարուժան...խելագարվեց մեծն Կոմիտասը... Ովքեր հրաշքով փրկվեցին այդ ոճրից, սփռվեցին աշխարհով մեկ:  Սփյուռք…
Ապրիլի 24-ին աշխարասփյուռ  հայերը իրենց հիշողության ու հարգանքի տուրքն են մատուցում 1915թ. բոլոր անմեղ ու անթաղ նահատակներին:
Այդ հիշատակի օրը Օդեսայի հայերը հավաքվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված` Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքար-հուշակոթողի  մոտ,  որը բազմիցս է  դարձել այդ դժնդակ օրերի արհավիրքի մասին պատմությունների ունկնդիրը:

Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի  աղոթք վերառաքեց առ Աստված եկեղեցու  հոգևոր հովիվ հայր Լևոն աբեղան:  Հարգանքի ու խոնարհումի հուզառատ խոսքերից  հետո նա հույս հայտնեց, որ  պատմական ճշմարտությունը վաղ թե ուշ  կհաստատվի:
Հիշատակի ու խոնարհումի խոսքեր ասացին  համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը, ակադեմիկոս Հերբերտ Քամալովը, Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Կոնստանտին Ռժեպիշևսկին, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանը,  համայնքի  այլ անդամներ:Նրանք միաժամանակ դատապարտեցին Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, որը հանդիսանում է ցեղասպանության շարունակությունը 21-րդ դարում:Դրա ապացույցը եղան թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի և  Հունգարիայում երտասարդ սպա Գուրզեն Մարգարյանի սպանությունները: Պարոն  Մուրադյանը նաև իր շնորհակալական խոսքը հղեց այն երկրներին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, ընդգծեց,  որ միայն նմանատիպ մոտեցումը միայն կարող է կանխարգելել   ոճրագործությունների կրկնությունն  ապագայում:
   
Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցեցին կիրակնօրյա դպրոցի  տնօրեն Էլեն Պողոսյանի ղեկավարած գրական-ազգագրական ստուդիայի սաները: Արևիկի ու Տաթևիկի, Սիրանույշի ու Վահանի, Մանեի ու Վարդանի, Էրիկի ու Արմենի, Հովիկի ու Սյուզիի և այլոց շուրթերից հորդեցին հայ և այլազգի քնարերգուների և երգահանների հուզաշաղախ ստեղծագործությունները: Արևիկ Արմենակյանի ու Արմեն Վարագյանի կատարմամբ ներկայացվեց ‹‹Ճակատագրի ծաղրը›› բանաստեղծության բեմականացումը:  Թե ինչպես գաղթական կինը «Մշո ճառընտիր»- ը բաժանեց երկու մասի, մեկն իր մոտ պահեց, մյուս մասը տվեց պանդուխտ հայ երիտասարդին.

                                    …Կտանե՜մ, մայրի՛կ, մատյանը այս թանկ,
                                        Բայց ո՞վ գիտե, թե սպառնա վտանգ, 
                                        Դու էլ իմացիր, հիշի՛ր քո մտքում`
                                        Գիրքն այս կթաղեմ հենց վանքի բակում…

   
Հուզմունքն ու լացը կոկորդում սեղմած՝ ‹‹Հայի երգը›› ասմունքեց Տաթևիկ Արմենակյանը…
Հնչեցին մեր շղթայված երկրի ու պանդուխտ Մասիսի կարոտի երգերը ՝‹‹Դլե յաման››-ը, ‹‹Զարթի՛ր, լաո՛››, ‹‹Ձայն մը հնչեց››, ‹‹Մենք պիտի կռվենք››, ‹‹Արաբո›› ֆիդայական-հայրենասիրական երգերը, որոնցում թևածում է հայի անընկճելի ոգին:
Այնուհետև ներկաները ծաղկեփնջեր դրեցին խաչքարի մոտ՝  ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի: 
   
Միջոցառումը  շարունակվեց  ավտոերթով, որը ձգվեց Սուբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մինչև Օդեսայի քաղաքային այգի, որտեղ  համայնքի երիտասարդները  լուսատու ջահերով   «կառուցել  էին» 1915 թվականը 
                                 Աշխարհում ով մոռանա, ջուխտ աչքով թող քոռանա…,
                                     Բայց պիտի ‹‹վրեժ առնենք` ապրելով››, ստեղծելով, երկնելով...
                                                      
                                                  Տա՜ Աստված…

Նարինե ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՕԴԵՍԱ





|

 
 
Սփյուռքի թղթակիցներ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38