Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Վերատպություններ
03.05.2013

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիարժեք չի մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացին։ Ստեփանակերտի դիրքորոշումը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը, որը միևնույն ժամանակ հայտարարում է, որ ներկա փուլում ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախությունը ճանաչելուց։ Հայաստանը ԼՂՀ չճանաչման փաստը դիտարկում է որպես իր փոխզիջումային ավանդը հակամարտության սրացումը թույլ չտալու և բանակցային գործընթացի պահպանման մեջ։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ թե՛ համանախագահները, թե՛ պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում են, որ Ստեփանակերտը կմիանա բանակցություններին, երբ դրա ժամանակը գա։ Խոսքը, փաստորեն, այն մասին է, որ եթե կարգավորման հիմնարար սկզբունքներն ընդունվեն և եթե բանակցային գործընթացն իրական ձևեր ընդունի, ապա երկարատև խաղաղության հասնելն անհնար կլինի առանց գործընթացին հակամարտության գլխավոր կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ներգրավման։ Այժմ, երբ Հայաստանը և Ադրբեջանը փաստորեն միջնորդների օգնությամբ ընդամենը շոշափում են միմյանց դիրքերը, Ստեփանակերտը, հնարավոր է, անգամ այս գործընթացում ներգրավվելու և ավելորդ պարտավորություններ ստանձնելու լուրջ հիմք չունի։

Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորմանը, որտեղ որոշվում է նրա ճակատագիրը և որին տարօրինակ կերպով (որպես հակամարտության գլխավոր շահագրգիռ կողմ) ներկա պահին չի մասնակցում, ավելի շուտ գտնվում է «արտաքին դիտորդի» կարգավիճակում։ Միևնույն ժամանակ, անգամ լիարժեքորեն չմասնակցելով բանակցային գործընթացին՝ պաշտոնական Ստեփանակերտը երկու տասնամյակում բավական շատ բազմամակարդակ, բայցև կառուցողական ու տրամաբանական մոտեցումներ է մշակել ղարաբաղյան կարգավորման էության ու հնարավոր նպատակների վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն առաջին հերթին հիմնված է նրա քաղաքական ընտրանու այն գաղափարի վրա, որ իր լեգիտիմ ու օրինաչափ պայքարն անկախության համար նման է համաշխարհային պրակտիկայի այնպիսի դեպքերին, ինչպիսին են Կոսովոն, Հյուսիսային Կիպրոսը, Էրիթրեան, Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը և այլն։ Ընդ որում՝ Ղարաբաղում պնդում են, որ ղարաբաղյան հակամարտության հանդեպ չպետք է կիրառվի սահմանների անխախտելիության սկզբունքը, քանի որ խոսքը Ստալինի կամայականությամբ սահմանված և խորհրդային ռեժիմի վերապրուկ համարվող վարչական սահմանների մասին է։ Ղարաբաղցիների կարծիքով՝ վճռորոշ են միջազգային իրավունքի երկու այլ սկզբունքներ՝ ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը ազգամիջյան վեճերի և հակամարտությունների լուծման ժամանակ։

Ղարաբաղյան ընտրանին վկայակոչում է այն, որ պատմության մեջ դեռ չեն եղել օրինակներ, երբ անկախության համար մղած պատերազմում հաղթանակած և երկու տասնամյակի ընթացքում իր պետականությունը հաջող կերտող ժողովուրդը կամովին հրաժարվի իր այս նվաճումներից։ Հետևաբար, հակամարտության կարգավորման բանակցությունները, նրանց կարծիքով, պետք է վարվեն պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ, քանի որ առանց իր համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները, միևնույն է, չեն կարող իրագործվել։ Ուստի, ԼՂՀ-ն պնդում է, որ իրավունք ունենա մասնակցելու կարգավորման գործընթացին։ Չճանաչված կամ դե-ֆակտո պետությունների խնդրի ակտուալացումը վերջին տասնամյակների համաշխարհային քաղաքականությունում առաջ է բերել միջազգային իրավունքի ճգնաժամ և չճանաչված պետություններին հնարավորություն է ընձեռել իրենց դիրքորոշումը փաստարկել իրավական դաշտում։

Ավանդական միջազգային իրավունքի տեսակետից չճանաչված պետությունների խնդիրն ունի պատմական համատեքստից անբաժան էական ասպեկտներ։ Միջազգային իրավունքի սուբյեկտներ են հանդիսանում առաջին հերթին պետությունները, սակայն պատմական խոշոր իրադարձությունները, որոնք հանգեցնում են «նոր» պետությունների ստեղծմանը կամ «հների» կործանմանը, տեղի են ունենում իրավական դաշտից դուրս և դրա նկատմամբ արտաքին են համարվում։ Ուստի, միջազգային հարաբերությունների ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ պատմական իրադարձությունները նոր իրավակարգ են ստեղծում։ Համաշխարհային քաղաքագիտության դասական Ռայմոն Արոնի կարծիքով՝ քանի որ պետությունների առաջացումն ու անհետացումը մետաիրավական (անցումային-իրավական) բնույթի իրադարձություն չէ, իսկ այս կամ այն պետության ճանաչումը մյուսների կողմից ավելի շուտ քաղաքական, քան իրավաբանական, կամ, համենայնդեպս, իրավունքի տարրեր չկազմավորող ակտ է, ուրեմն, «նոր պետության իրավաբանական գոյությունը կախված է ոչ թե այլ պետությունների կողմից նրա ճանաչումից, այլ որոշ պայմանների օբյեկտիվ կատարումից, որոնք միջազգային իրավունքը վերագրում է այն պետությանը, որը կարող է ճանաչված լինել»։

Փորձելով համոզել միջազգային հանրությանը, որ ԼՂՀ-ն ունի պետության բոլոր ատրիբուտները, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնպես ուշադրություն են դարձնում, մասնավորապես, ԼՂՀ-ում իշխանության ինստիտուտների ձևավորմանը ազատ ժողովրդավարական ընտրությունների հիման վրա, որը տարբերվում է հարևան Ադրբեջանում գոյություն ունեցող ներքաղաքական իրականությունից։

Ինչ վերաբերում է դիվանագիտական ջանքերին և բանակցային գործընթացին, ապա իրականությունը, որն ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ավելի քան քսան տարվա արդյունքում, այնպիսին է, որ ներկա պահին Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու հարցը որպես այդպիսին բանակցությունների սեղանին դրված չէ։ Խաղաղ կարգավորման այժմ քննարկվող ցանկացած տարբերակի պարագայում (լինեն Մադրիդյան սկզբունքները, թե միջնորդների այլ ակտուալ առաջարկություններ) Ադրբեջանը տեսականորեն կարող է ինչ-որ տարածքների վերադարձի հույս ունենալ, բայց պետք է համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը, առնվազն խորհրդային շրջանի վարչական սահմաններում, Հայաստանի հետ կապի ցամաքային միջանցքի հետ միասին, չի վերադարձվելու նրա իրավասությանը։ Հենց այսպիսին է այն առաջարկությունների բովանդակությունը, որոնք այժմ գտնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների սեղանին։ Մադրիդյան սկզբունքների կարևոր տարրը հանրաքվեն է, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանից Ղարաբաղի անջատման միջազգային քաղաքական-իրավական լեգիտիմացման մեխանիզմ։

Լեռնային Ղարաբաղի տեսակետից՝ նրա դիրքերի վրա դրականորեն են ազդել նաև Կոսովոյի նախադեպը և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։ Ընդ որում՝ ոչ միայն Ղարաբաղի հետ իրավական կամ քաղաքական հարթություններում հնարավոր զուգահեռների, այլև միջազգային հանրության և առաջատար համաշխարհային տերությունների ընկալումներում նոր պետությունների ստեղծման աճող լեգիտիմության տեսակետից։

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի և Ղարաբաղի հասարակության և քաղաքական ընտրանու զգալի մասը կարծում է, որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակվող դե-ֆակտո գոյությունն ամրապնդում է հայկական կողմերի դիրքերը, հատկապես հաշվի առնելով որոշ չճանաչված պետությունների և այսպես կոչված «կոսովյան նախադեպի» սուվերենացման համաշխարհային միտումը։ Նրանց կարծիքով՝ փաստացի անկախ Լեռնային Ղարաբաղի գոյության յուրաքանչյուր օրն ամրապնդում է նրա ինքնիշխանությունն ու պետականակերտման անշրջելի գործընթացը։

Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնական անձինք մշտապես փորձում են արագացնել ղարաբաղյան գործընթացն ու Հայաստանին մեղադրում դրա արգելակման մեջ, հնարավոր է՝ առավել ցայտուն է ներկայացնում այն հանգամանքը, թե իրականում ում օգտին է «աշխատում ժամանակը» ղարաբաղյան հակամարտությունում։ Փաստորեն, Ադրբեջանում ի հայտ է գալիս «ավազե ժամացույցի» ախտանիշը, երբ Ղարաբաղի կորստի ամեն լրացուցիչ օր այդ երկրի ղեկավարության մեջ խորացնում է անդառնալի կորստի զգացողությունը։ Այդ զգացողությունը խորանում է համարյա թե ամենօրյա, բայցև ապարդյուն ռազմաշունչ հայտարարություններով, որոնց անիրականանալիությունն էլ ավելի հոռետես է դարձնում ադրբեջանական հասարակության տրամադրվածությունը «ցանկացած միջոցով» Ղարաբաղը վերադարձնելու հարցում։

Բանակցությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի համար կարևոր է իր բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորվածությունը։ 1990-ական թթ. առաջին կեսի ռազմական գործողությունների փորձի, ինչպես նաև Բաքվից մշտապես հնչող ռազմական սպառնալիքների ֆոնին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ուզում է անվտանգության իրական երաշխիքներ ստանալ, որոնք ավելի գործուն ու արդյունավետ (կամ, գոնե, հավասարազոր) կլինեն, քան կան այս պահին, Ադրբեջանի հետ ցանկացած փոխզիջման գնալուց առաջ։ Ղարաբաղի անվտանգության ներկայիս երաշխիքներն են ամրացված և պաշտպանության տեսակետից հարմար սահմանները, Ղարաբաղը Հայաստանին կապող տրանսպորտային միջանցքի առկայությունը, ինչպես նաև Ղարաբաղի խորհրդային շրջանի վարչական սահմանների շուրջ բուֆերային գոտին։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան և ադրբեջանական բանակի մարտական շփման գիծը հյուսիսից շրջափակվում է դժվարանցանելի Մռավի լեռնաշղթայով, իսկ հարավից՝ Իրանի հետ սահմանով։ Դրանով իսկ մի քանի անգամ կարճանում է ճակատի գիծը, ինչը թույլ է տալիս ղարաբաղյան բանակին ավելի փոքր ուժերով դիմակայել ավելի մեծաթիվ ադրբեջանական բանակի հարձակմանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերից կարևոր տարրը բանակցային գործընթացում կառուցվում է այն հիմքի վրա, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների պարագծում թեկուզև մեկ շրջանից ղարաբաղյան ստորաբաժանումների դուրսբերումը կթուլացնի պաշտպանության գիծը, և խաղաղության վերջնական համաձայնագրի բացակայության պայմաններում մարտական գործողությունների վերսկսումն ավելի իրական կդառնա՝ ուժեղացնելով Ադրբեջանի կողմից իր համար ավելի շահավետ պայմաններում ռազմական ռևանշ վերցնելու գայթակղությունը։ Այսօրվա դրությամբ սահմանների ամրացված գիծը, որը ճեղքելու համար զգալի կորուստներ կպահանջվեն, մարտական գործողությունները չվերսկսելու ամենագործուն երաշխիքն է (միջազգային հանրության անզիջում դիրքորոշման կողքին, որը ժխտում է հակամարտության ռազմական լուծման միտքը)։

Միևնույն ժամանակ, Ղարաբաղում համարում են, որ անվտանգության առկա երաշխիքներին հավասարազոր փոխարինում կարող է լինել միայն Բաքվի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը (կամ նման կարգավիճակին)՝ դրան հասնելու նախապես գրանցված քաղաքական-իրավական մեխանիզմով, օրինակ՝ լրացուցիչ պլեբիսցիտի ճանապարհով, միջազգային միջնորդների ներկայությամբ և այնուհետև՝ միջազգային հանրության ու հենց Ադրբեջանի կողմից ճանաչմամբ։

Լեռնային Ղարաբաղը վերջին ժամանակներս փորձում է դուրս գալ միջազգային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային նախագծերին։ Փաստորեն, Ղարաբաղի մեկուսացումը միջազգային հանրությունից ընդամենը հեռացնում է Ադրբեջանի հետ հաշտվելու հեռանկարը՝ ղարաբաղցիների մեջ ձևավորելով «պաշարված ամրոցի» սինդրոմը և փոխզիջումների հանդեպ բացասական վերաբերմունքը, որն ապագայում կարող է խորանալ։

Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացման պարագայում քաղաքացիական ինքնաթիռների դեմ ուժ կիրառելու պաշտոնական Բաքվի սպառնալիքները, Ռամիլ Սաֆարովի և Աքրամ Այլիսլիի աղմուկ հանած պատմությունները նույնպես ղարաբաղյան հասարակության և ԼՂՀ քաղաքական ընտրանու մեջ խորացնում են հակամարտության զարգացման ներկա փուլում Ադրբեջանի հետ փոխզիջումների հնարավորության մասին կասկածները։

Սերգեյ Մինասյան 
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.

«Գլոբուս» վերլուծական հանդես


|

 
 
Վերատպություններ
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38