Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
03.05.2013

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում
Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացել է օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա են եղել ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես են եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին: 
Իր ելույթում դեսպան Մելիքյանը  մասնավորապես  նշեց. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ եւ ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության եւ գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երեւանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը, պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու  որպես համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատեւ, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց եւ փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաեւ ներկայիս հանգրվանի մասին»։ 

Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձավ 2012 թ. Երեւանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարեւոր նշանակությունը: Միաժամանակ նա իր տպավորությունները պատմեց վերը նշված առիթով Երեւան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ եւ անմոռանալի:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» եւ «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38