ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Մշակույթ
03.05.2013

Գերմանա-հայկական երաժշտական միությունը Երևանում կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ
Սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ Գերմանա-հայկական երաժշտական միությունը 2013 թ.-ի մայիսի 3-9-ը Երևանում կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ` Գերմանիայի Դետմոլդ քաղաքի  երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի հանրահայտ դաշնակահար Վալտեր Դելահունթը:  Լավագույն մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալ եզրափակիչ համերգում:

Բացման համերգը տեղի կունենա մայիսի 3-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում՝ դասընթացների լավագույն մասնակիցների մասնակցությամբ:

Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում անցյալ տարի հիմնադրվել եւ գործում է Գերմանա- հայկական երաժշտական միությունը` նպատակ ունենալով եվրոպացի ունկնդրին ներկայացնել հայկական երաժշտությունը, հայ երաժիշտներին եւ կոմպոզիտորներին: Հիմնական շեշտը դրվում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանն օժանդակելու եւ երաժիշտների միջեւ մշակութային փորձի փոխանակման վրա:

Հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ համերգների տարեկան շարքն այս միության քայլերից միայն մեկն է: Սպասվում են նաեւ երաժշտական մրցույթներ, մշակութային այլ միջոցառումներ եւս: Միության նախագահ Անի Աղաբեկյանի տեղեկացմամբ` հայ եւ այլազգի երաժիշտների միջոցով ամեն տարի համերգների շարքով ներկայացվում են հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործութունները: Այդպիսի համերգների շարք ծրագրվում է նաեւ այս տարի` գերմանական մի շարք քաղաքներում:

«Ութ երաժիշտների ջանքերով ծնունդ առած միության յուրահատուկ նախաձեռնությանը, որը ֆինանսավորման աղբյուրը միայն նվիրատվություններն են, սիրով են միացել տարբեր հայտնի երաժիշտներ։ Գերմանական թերթերը հայ-գերմանական համատեղ համերգները բնորոշել են որպես «Բացահայտման ճանապարհորդություն», երաժշտական բարեկամությանն ուղղված քայլ: Կարլսռուհեի քաղաքապետը հատուկ ընդգծել է հնագույն երկիր Հայաստանն իր երկրին երաժշտության միջոցով կապելու կարեւորությունը»,-նշեց Անի Աղաբեկյանը:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38