Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Առաջին քայլը ինքդ պետք է անես»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 18 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
03.05.2013

Հրաչյա Ներսիսյան
«Առաջին քայլը ինքդ պետք է անես»
Հրաչյա Ներսիսյանը «Հայերենն իմ սրտում է» համաժողովին ներկայացնում էր Վոլգոգրադի մարզի պատվիրակությունը: Հրաչյան Վոլգոգրադի մարզի հայկական համայնքի խորհրդի անդամ է, Ռուսաստանի հայերի միության Վոլժսկի քաղաքի տարածաշրջանային խորհրդի նախագահը, Վոլգոգրադի մարզում Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական խորհրդի ատենապետը: Ներկայացնու ենք «Հայերն այսօրի»  թղթակցի հարցազրույցը Հրաչյա Ներսիսյանի հետ.
- Վոլգոգրադի մարզից համաժողովին մասնակցում ենք 6 հոգով՝ ես, Անին, Աստղիկը, Արուսյակը, Տաթևիկը և Արսեն Աֆրիկյանը, ով Վոլգոգրադ քաղաքի երիտասարդական միության նախագահն է:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է երիտասարդների դերը համայնքում:

- Սփյուռքյան բոլոր համայնքներում երիտասարդները միևնույն առաքելությունն ունեն՝ պահպանել մայրենի լեզուն, ազգային մշակույթը, հայկական ավանդույթները, միաժամանակ՝ հայի պատիվն ու արժանապատվությունը:
Կարևոր է նաև այն օղակը, որի շուրջ երիտասարդները կհամախմբվեն: Սփյուռքում այդ օղակը կարող է լինել նաև Եկեղեցին:
Մեր համայնքի ուժերով Վոլգոգրադ քաղաքում եկեղեցի է կառուցվում: Եկեղեցուն կից լինելու է մշակութային կենտրոն, մարզասրահ:

Վոլգոգրադի հայկական համայնքը հավասարաչափ կառավարում են և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները: Բնականաբար, աշխատանքների մեծ մասը մեծահասակներն են իրենց ուսերին կրում, բայց առանց երիտասարդների, ինչպես և ամենուր, ոչինչ չի լինում:
Ցավոք, շատ երիտասարդներ իրենց տեղն ու դերը համայնքում դեռևս չեն պատկերացնում: Պատճառն այն է, որ մեծանալով Ռուսաստանում՝ շատերը ռուսական բարքերն են իրենց մեջ կրում: Դե, մենք մի քիչ օտարամոլ ենք ու օտար ամեն ինչ շատ արագ վերցնում ենք:
 
- Հրաչյա´, բավականին մեծ պատվիրակությամբ եք մասնակցում համաժողովին: Ձեր կարծիքով՝  ի՞նչ արդյունք կարող են տալ նման համաժողովները:

- Համաժողովը եթե ոչ մի արդյունք էլ չտա, արդեն իսկ շատ բան է արել՝ հայրենիքում  հավաքելով սփյուռքյան տարբեր համայքների երիտասարդների, որոնց հետ հետագայում կարող ենք շփվել, մտքերով, գաղափարներով փոխանակվել:
Եվ այն մարդը, ով եկել-հասել է այստեղ, չի զլանա և վերադառնալուց հետո կսկսի իր համայնքում  որևէ բան անել:
Լավ կլիներ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական խնդիրներ առաջադրեր, և յուրաքանչյուր մարզ, համայնք այդ ամենն իր վրա վերցներ և փորձեր առաջ տանել: Իսկ հաջորդ համաժողովին էլ կներկայացվեին արդյունքները, կատարված աշխատանքները:

- Երբ զրուցում էի Ձեր պատվիրակության անդամներից մեկի՝ Արսենի հետ, նա ասաց, որ Վոլգոգրադի մարզում մոտ 100 հազար հայ է ապրում, և 40 տոկոսը հայերենին չի տիրապետում:

- Ես կասեի՝ ավելի շատ: Եվ նորից եմ ուզում շեշտել, որ Եկեղեցին շատ լուրջ դերակատարություն ունի լեզվի ու մշակույթի պահպանման հարցում: Հեռու չգնանք. բավական է թերթել մեր պատմության էջերը:
Գիտեք, յոթ տարի առաջ ես մտածում էի, որ Եկեղեցին իմ սրտում է, ես հավատում եմ Աստծուն, և ոչինչ ինձ պետք չէ: Վոլգոգրադի մարզի հոգևոր հովիվ տեր Մաղաքիայի օգնությամբ հասկացա, որ դա այդպես չէ: Կարելի է ասել՝ նրա օգնությամբ ես դարձի եկա: Իմ մեջ կար հայրենասիրություն, բայց չգիտեի՝ այն ինչպես ուղղորդել: Աստիճանաբար, այցելելով եկեղեցի, լսելով հայերեն լեզվով Պատարագ, հայացա: Քո մայրենի լեզվով պատարագ լսելը մեկ այլ զգացողություն է: Հայերի մեծամասնությունը գնում է ռուսական եկեղեցի, մոմ է վառում, պատարագ է լսում, բայց դա նույնը չէ: Իմ համոզմամբ՝ եթե դու ուզում ես լինել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, պետք է գնաս Հայ Առաքելական եկեղեցի և լսես հայերեն լեզվով պատարագ:

Այս պատճառով է նաև, որ ուզում եմ, որ եկեղեցու շինարարությունը շուտ ավարտվի: Եկեղեցին միայն հոգևոր տուն չէ, Եկեղեցին միայն Աստծո տաճար չէ, Եկեղեցին քո ինքնությունն է, քո հպարտությունը:
Ինչքան ուզում ես՝ մեծահարուստ եղիր, շքեղ տներ կառուցիր օտար հողում, մի օր, կարիքից դրդված, դու կարող ես տունդ վաճառել,  և քո  տան տերը կարող է ուրիշը դառնալ, բայց եկեղեցին  չես կարող վաճառել, ինչպես չես կարող ինքդ քեզ վաճառել:

Նաև կարևոր է, որ Սփյուռքի նախարարությունը կանգնած լինի այն մարդկանց թիկունքին, ովքեր Սփյուռքում հայապահպանության գործն իրենց ուսերին են տանում: Այդ մարդիկ պետք է զգան, որ ցանկացած խնդրի դեպքում կարող են հենվել նախարարության վրա, իսկ Սփյուռքի նախարարությունը կարող է նրանց վրա հենվել ու վստահ լինել, որ հայրենիքից հեռու կան մարդիկ, ովքեր պատրաստ են նրա հորդորները կատարել: Եթե փոխգործակցությունը ստացվի, մենք շատ հարցերի արագ լուծում կտանք:

Ես միշտ կրկնում եմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն խոսքերը, որ յուրաքանչյուրն իր համայնքում Հայաստանի դեսպանն է:
Սփյուռքում մենք պետք է նաև լոբբիզմով զբաղվենք: Եթե կարողանանք ռեսուրսները ճիշտ օգտագործել, մենք շատ լավ արդյունքների կհասնենք:
Իսրայելում ես իմացա, որ երիտասարդներն ունեն կարգախոս՝ «Մենք՝ Իսրայելի համար, Իսրայելը՝ մեզ համար»: Մենք նույնպես ճիշտ կարգախոսներ պետք է ընտրենք, մենք պետք է լինենք մեր պետության կողքին, որ պետությունն էլ մեր կողքին լինի: Առաջին քայլը ինքդ պետք է անես, այլ ոչ թե սպասես, որ պետությունն այդ քայլը անի: Եվ այդժամ կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն քեզ, սատար կլինեն քո գործին:

Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

 Հ.Գ. Զրույցի վերջում Հրաչյան ցանկացավ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ֆինանսապես աջակցել են իրենց, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու «Հայերենն իմ սրտում է» Համահայկական երիտասարդական համաժողովին: Կատարելով Հրաչյայի խնդրանքը՝ ներկայացնում ենք այդ մարդկանց անունները՝ Արման Մկրտչյան, Միրո Մարկոսյան, Կամո Կարապետյան, Վարազդատ Գասպարյան, Լյովա Սարգսյան, Արտյոմ Այվազյան, Վոլոդյա Ֆրանգուլյան, Արմեն Մամյան, Կարեն Հովսեփյան, Գագիկ Շամիրյան, Վահան Թումանյան, Սամվել Վարդանյան, Նառա Վարդանյան:


|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38