ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
03.05.2013

Հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիված հոբելյանական հանդիսությունների երթը
Մեկնարկել են հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, որոնց շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Փյունիկ» հիմնադրամը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը կազմակերպում են մի շարք միջոցառումներ Հայաստանում, Արցախում և Վիրահայոց համայնքներում:
Երևանում հոբելյանական հանդիսությունների սկիզբը ազդարարվեց մայիսի 3-ին, Բարերաների ճեմուղում, ուր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Միքայել Արամյանցի կիսանդրու առջև: Միջոցառումը շարունակվեց «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Էրեբունի» դահլիճում: Մինչև դահլիճ մտնելը ներկաները մասնակցեցին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Էրեբունի» դահլիճի նախասրահում բացված՝ մեծանուն բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսին:
 
Ողջունելով  հոբելյանական միջոցառման մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Միքայել Արամյանցի անսահման նվիրումը Հայրենիքին, իր ժողովրդին և մեծածավալ բարեգործությունները, որ կատարել է մեր հայրենակիցն ամբողջ կյանքում: «Արդեն մեկուկես դար է, որ հայ ժողովուրդը խոնարհումով է խոսում մեծ բարերարի մասին: Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք մեծարելու նրան և այսպես շուքով նշելու մեծ բարերարի ծննդյան 170-ամյակը», - նշեց գերատեսչության ղեկավարը:- Հայրենի Շուշիին, լեռներին ու ձորերին սիրահարված մեծանուն բարերարն իր ողջ կյանքի նպատակը համարել է հարազատ ժողովրդին ծառայելը»:

Հ.Հակոբյանն ընդգծեց, որ սրանից գրեթե 2 դար առաջ, երբ զարգացած չէին տեղեկատվական տեխնոլոգիաները, և կրթությունը ցածր մակարդակի վրա էր, Միքայել Արամյանցը գիտակցել է ազգի զավակների կրթություն ստանալու և գիտելիքներով զինված սերունդների շնորհիվ Հայրենիքը շենացնելու կարևորությունը: Նա հարյուրավոր երիտասարդների է հովանավորել՝ Եվրոպական առաջատար համալսարաններում ուսանելու համար:

«Բավական է հիշատակել Արամյանցի կողմից կառուցված հին Թիֆլիսի բնակիչների մեջ մեծ համբավ ունեցող «Արամյանցի հիվանդանոցը», որը թեև այսօր կոչվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, սակայն թբիլիսցիները մինչ այժմ այն սիրով անվանում են «Արամյանցի հիվանդանոց», - հավելեց տիկին Հակոբյանը` առանձնացնելով նաև Միքայել Արամյանցի ջանքերը` հայկական եկեղեցիների պահպանման ուղղությամբ:

Տիկին Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսավորմամբ հրատարակված «Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գիրքը և խոսքը փոխանցեց գրքի հեղինակ Վահե Անթանեսյանին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և՛ գրքի հրատարակության, և՛ կազմակերպչական բազմաթիվ հարցերում արդյունավետ օգնություն ցույց տալու համար` Վահե Անթանեսյանը նշեց, որ հայ մեծանուն բարերարներին նվիրված ուսումնասիրությունները շարունակական են լինելու և շուտով լույս կընծայվի «Վերադարձ դեպի արմատներ» խորագրով աշխատությունը:

«Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը ներկայացրեց Միքայել Արամյանցի ծոռ, Լոնդոնում բնակվող  Ալեքսանդր Ջանոեֆֆին փնտրելու և գտնելու, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ պատրաստված «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ստեղծման պատմությունը:

Ելույթ ունեցողների ջերմ խոսքերն ու հարգանքի խոնարհումը հայազգի նշանավոր բարերարի հիշատակին կրկին ապացուցեցին, որ հայ մեծերը շատ են, և մշտապես անելիք կա` նրանց գործունեությունը ներկայացնելու մեր հասարակությանն ու աշխարհին:

Անակնկալ էր Միքայել Արամյանցի՝ Երևանում հայտնաբերված հարազատների մասին լուրը. «Շտապ օգնության» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սամվել Հարությունյանը հպարտությամբ նշեց, որ մայրական կողմից  ազգականն է մեծ հայի, և ինքն էլ անմասն չի մնում բարեգործությունից` դա համարելով ամեն մի ազգասերի սուրբ պարտքը:
 
Հանդիսությանը մասնակցելու համար Մեծ Բրիտանիայից ժամանել էր Արամյանցի ծոռ Ալեքսանդր Ջանոեֆֆն իր տիկնոջ` Աննայի հետ: Իր ելույթում Ջանոեֆֆն ասաց, որ այս խոնարհումը իր պապի հիշատակին անափ հուզմունք է պատճառել իրեն, և շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, գրքի և տեսաֆիլմի հեղինակներին:
«Որպես հայազգի մեծ բարերարի ժառանգ և շառավիղ` համոզմունքս եմ հայտնում այն մասին, որ իմ պապը հպարտ ու երջանիկ պիտի լիներ, եթե ներկա լիներ մեծարման այս երեկոյին», - նշեց պարոն Ջանոեֆֆը:

Այնուհետև Հ. Հակոբյանը Ջանոեֆֆին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով` մաղթելով նրան վերադարձ դեպի արմատները, ամուր կապ Հայրենիքի հետ:

Վերջում հանդիսության մասնակիցները դիտեցին «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը:

Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսություններ են կազմակերպվել նաև Արցախում: Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում բացվել է մեծանուն բարերարի կյանքի և գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես: Կայացել է «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ցուցադրությունը: Մասնակիցներն այցելել են Շուշի, եղել են բարերարի ծննդավայրում` Արցախի Քյաթուկ գյուղում, նաև այն տանը, որը ժամանակին Ռեալական ուսումնարանին է նվիրել Միքայել Արամյանցը:

Միքայել Արամյանցի ծննդյան օրը կնշվի Թբիլիսիում: Մայիսի 4-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կկատարվի Հոգեհանգստյան կարգ, որից հետո միջոցառումներ տեղի կունենան «Հայարտուն» մշակութային կենտրոնում:



|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38