Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 11 / 12 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
06.05.2013

Ազատ Օրդուխանյան.
«Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ»
Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական ֆեդերացիան նախաձեռնել է ակցիա` նվիրված Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. տեղի ունեցած ցեղասպանության 76-րդ տարելիցին: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը համակազմակերպիչն է այս միջոցառման, և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
-Պարո´ն Օրդուխանյան, ինչո՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին, և արդյո՞ք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, եթե մինչ այդ Թուրքիան պարտավորված լիներ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու:

-Սա բողոքի ցույց է թուրքական պետության դեմ, ու Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կոչ է արել մեր հայրենակիցներին Գերմանիայում մասնակցել այս ցույցին՝  իրենց համերաշխությունը դրսևորելով դերսիմցիների ցավի, խնդրի նկատմամբ: 
Ես անձամբ այն կարծիքին չեմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա: Հոլոքոստն էլ դատապարտվեց, և դրանից հետո էլ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան: Բայց ցեղասպանությունները պետք է անշուշտ ճանաչել ու դատապարտել:

-Ինչո՞վ է կարևոր հայերի ու դերսիմցիների միջև բարեկամությունը:

-Դերսիմցիների մեջ կան տասնյակ հազարավոր հայկական ծագումով մարդիկ, ովքեր ունեն իրենց դերսիմյան ինքնությունը, բայց հիշողության մեջ վառ են պահում հայկական արմատները կամ վերադառնում են վերջիններիս: Բացի այն, որ դերսիմցիները կիսում են հայերիս վիշտը ցեղասպանության առումով ու մասնակցում են մեր միջոցառումներին, մենք կոալիցիա ենք թուրքական ժխտողական քաղաքականության, ռասիստական պետության նկատմամբ:

-Փաստորեն, հայերս, լինելով փոքրամասնություն Գերմանիայում, համագործակցում ենք այլ փոքրամասնությունների հետ: Կպատմե՞ք այդ կապերի մասին:
              
-Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը շատ ինտենսիվ համագործակցում է                       Գերմանիայում ապրող ազգային փոքրամասնությունների` դերսիմցիների, ասորիների ու հույների հետ, Արևմտյան Հայաստանի և նրա հարակից շրջաններում ապրող մյուս ժողովուրդների հետ: Միայն վերջին տասն օրերի օրինակով ասեմ, որ Դերսիմի համայնքների եվրոպական ֆեդերացիայի նախագահության անդամներից մեկը ելույթ ունեցավ ապրիլի 24-ի ֆրանկյան մեր ծրագրին, ապա Բեռլինում մենք մասնակցեցինք դերսիմցիներին նվիրված կոնֆերանսին, իսկ այսօր հայերս ներկա ենք դերսիմցիների ակցիային Քյոլն քաղաքում:

-Ինչպե՞ս է ընկալվում տարբեր ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունը Գերմանիայի կառավարության կողմից:

-Ամբողջ կառավարության տեսակետը մեզ համար թափանցիկ չէ, բայց ակնհայտ է, որ շատ քաղաքական գործիչներ ու պատգամավորներ դա ողջունում են: Սրանով մենք օգնում ենք գերմանացիներին՝ իրենց միգրացիոն և ինտեգրացիոն քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվել, քանի որ մինչ այժմ Գերմանիայում տիրում է այն թյուր կարծիքը, թե որևէ երկրից ներգաղթածը տվյալ ազգության մարդ է: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Թուրքիայից եկած ամեն մի քաղաքացուն չպետք է թուրք համարել: Բայց այդ մեր համագործակցությունների ու վիճակագրական ճշտումների արդյունքում թուլանում է թուրքական համայնքի ուժը Գերմանիայում, և դա է պատճառը, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է նման համագործակցություններով և ուզում է սեպ խրել այս գործընթացների մեջ:

-Իսկ գերմանական հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում համերաշխության այս գործողություններին:

-Այս ցույցերը, համերաշխության նախաձեռնությունները կոտրում են այն կարծրատիպը, որ Գերմանիայում 2.5-3 միլիոն թուրք է ապրում: Այսպիսի համատեղ աշխատանքները գերմանացիների համար ևս կարևոր են` հասկանալու` ով ով է Գերմանիայում:

-Տեղյակ եմ, որ այս տարի ցեղասպանությանն ուղղված բազում ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Կներկայացնե՞ք հակիրճ, թե ինչեր են իրագործվել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, հայկական համայնքների կողմից:

-2013 թվականին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գործողությունների առանձնահատկությունները հետևյալն էին.  նախ ընդլայնվեց աշխարհագրությունը. 15-ից ավելի քաղաքներում ամենատարբեր ձևաչափերի ծրագրեր ունեցանք: Մեր ազգային հիշատակի միջոցառումներին մասնակցեցին տարբեր ազգեր, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքի ազգային փոքրամասնություններ: Օրինակ` Ցեղասպանության զոհերի հիշատակի կենտրոնական ծրագրի Հոգեհանգստյան արարողություն կատարեցին ասորի հոգևորականները: Բացի դահլիճային ծրագրերից, եղան նաև ցույցեր Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Բեռլինում: 

-Ցեղասպանության հարյուրամյակին ուղղված ի՞նչ նախագծեր և մտահղացումներ ունեք:

-Հիմա մենք` Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, ստեղծում է մի առանձին կոմիտե` հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման համար: Համայնքը ակտիվ է, աշխույժ և իրեն պարտավորված է զգում հավերժացնել զոհերի հիշատակը: Պիտի ձգտենք մեծացնել հուշակոթողների ու խաչքարերի տեղադրումը գերմանական քաղաքներում, պիտի ձգտենք, որ Հայկական հարցը մտնի գերմանական դասագրքերի մեջ, և հնարավորության դեպքում որևէ երկրամաս ընդունի Հայոց ցեղասպանությունը, ինչով Ցեղասպանության ճանաչման գործընթացը Բունդեսթագի` 2005 թվականի ընդունած որոշումից մի քայլ առաջ կգնա:  

Հարցազրույցը` Անի Մաթևոսյանի

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38