Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Դրվատելի նախաձեռնություն
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
06.05.2013

Դրվատելի նախաձեռնություն
ՀՀ սփյուռքի նախարարությունը հաճախ է իր զորակցությունը հայտնում այնպիսի նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք ընդլայնում են շփումները արտերկրի և Հայաստանի մշակութային կառույցում, նպաստում տարբեր երկրների և Հայաստանի միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանը, Հայաստանի ինտեգրմանը հատկապես եվրոպական տարբեր ծրագրերի: Արդեն տևական ժամանակ սերտ կապեր են հաստատվել Նախարարության և Գերմանա-հայկական երաժշտական միության միջև: Վերջինս նկատելի աշխատանքներ է կատարում Գերմանիայի Դաշնությունում հայ երաժշտական քարոզչության ասպարեզում` միաժամանակ ձևավորելով համագործակցության հեռանկարներ:
Այս միության գործունեության շնորհիվ Գերմանիայում գտնվող հայ համայնքը, որը մեծաթիվ չէ, իր ներկայությունն է հաստատում այդ երկրի մշակութային դաշտում, ձևավորում հետաքրքրություն հայկական երաժշտության նկատմամբ և սատարում հայաստանյան երաժշտական բուհերում սովորողներին` նրանց համար կազմակերպելով վարպետության դասընթացներ: Հայաստանյան արվեստի բուհերում վարպետության դասերը նորություն չեն, սակայն ուրախալին այն է, որ Սփյուռքի նախարարությունը, կարևորելով դրանց դերն ու նշանակությունը, ինքն էլ դառնում է նախաձեռնողներից և հովանավորներից` այժմ էլ նպաստելով այն բանին, որ գերմանական երաժշտական կրթության մի շարք սկզբունքների հետ ծանոթանան նաև հայաստանյան ուսանողները: 

Օրերս մեկնարկեց ծրագիրը, որի շրջանակներում սկսվեցին վարպետության դասընթացները` Գերմանիայի Դետմոլդ քաղաքի  երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի  ղեկավարությամբ: Վարպետության դասընթացները հնարավորություն են ընձեռելու երիտասարդ ջութակահարներին արդյունավետորեն պատրաստվել առաջիկա համերգներին, մրցույթներին, քննություններին, ինչպես նաև բարձրացնել իրենց վարպետությունը՝ ծրագրի ազատ ընտրությամբ: Երաժշտական դպրոցի աշակերտները, ուսանողները կամ կայացած ջութակահարները հնարավորություն կունենան դասընթացի ժամանակ հանրահայտ պրոֆեսոր Ք. Գ. Կամեդայի օժանդակությամբ կատարելագործել իրենց ծրագիրը և ձեռք բերել միջազգային առաջատար դասախոսների հետ աշխատանքի փորձ: Ինչպես նշեց Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանը, դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի հանրահայտ դաշնակահար Վալտեր Դելահունթը:  Լավագույն մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալու եզրափակիչ համերգում: Լավագույն  մասնակիցները, որպես նվեր, կստանան Պիրաստրո ֆիրմայի ջութակի լարերի հավաքածու: Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակցին  կշնորհվի  ավարտական վկայական: Դասընթացները կանցկացվեն Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում և բաց կլինեն ազատ ունկնդիրների համար: 

Բացման համերգը տեղի ունեցավ  մայիսի 3-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը՝ պրոֆեսոր Կամեդայի, դաշնակահար Վալտեր Դելահունթի, ինչպես նաև Անի Աղաբեկյանի (ջութակ), Վաչե Հովեյանի (ալտ) և Լևոն Առաքելյանի (թավջութակ)  մասնակցությամբ: Հնչեցին հիմնականում գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Անի Աղաբեկյանը համերգի սկզբում ներկայացրեց միության գործունեությունը, կարևորեց դասընթացները, իր շնորհակալությունը հայտնեց բոլոր աջակիցներին, մասնավորաբար ՀՀ Սփյուռքի և մշակույթի նախարարություններին: Անի Աղաբեկյանը նաև ասաց, որ Կարլսռուհեում ամենամյա Գերմանա-Հայկական համերգաշարի և Երևանում գերմանացի պրոֆեսորների մասնակցությամբ վարպետության դասընթացների հետ մեկտեղ միությունը ծրագրում է հայ կոմպոզիտորների նոտաների և երաժշտական գրքերի տպագրում, մրցույթներ երիտասարդ տաղանդների համար և այլ երաժշտական ծրագրեր:  

Վստահությամբ կարող ենք ասել, որ կառուցված է ևս մի կամուրջ Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև, հանգամանք, որը կնպաստի մեր երկու երկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը: Բացման համերգին ներկա գտնվող Հայաստանում ԳԴՀ Արտակարգ և լիազոր դեսպանը, այլ անձինք իրենց գոհունակությունը հայտնեցին նախաձեռնության առթիվ: Միաժամանակ կարևորվեց այն, որ Գերմանիայում կազմակերպվող երաժշտական տասնօրյակների ընթացքում ունկնդիրները կծանոթանան հայկական երաժշտության վերջին տարիների ձեռքբերումներին, կունկնդրեն կոմիտասյան կատարումներ: 

Լևոն Մութաֆյան

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38