ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
07.05.2013

Չեռնոգորիայի փոխվարչապետ Լուկշիչը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Չեռնոգորիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը մայիսի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Լուկշիչը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց թանգարան, ծանոթացավ թանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին:

Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. Չեռնոգորիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարը թողեց հետեւյալ գրառումը. «Պատմությունը վկայում է, որ այս անմեղ մարդիկ զոհ են գնացել մեծ ցնցումների: Հայ ժողովուրդը մեծ տանջանքներ է կրել 20-րդ դարի կզբին: Նման դաժանությունները երբեք չեն մոռացվում: Միայն մարդկային կյանքերի ոչնչացման հետևանքով այս ազգի կրած չարչարանքները սովորեցնում են մեզ, որ մենք երբեք չպետք է դադարեցնենք մեր ջանքերը եւ միջազգային համագործակցությունը` հանուն բարեկեցության ու երջանիկ ապագայի:

Գրառում թողնելուց հետո Դեմոյանը Լուկշիչին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի մասին գրքեր, այդ թվում աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժանսեմի աշխատանքների ալբոմը:  

Իգոր Լուկշիչը մայիսի 6-7-ը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Չեռնոգորիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի եւ Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարարի բանակցությունները:

Հայաստանի Հանրապետության և Մոնտենեգրոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում: Մինչ այժմ երկու երկրների միջև բարձրաստիճան այցեր չէին կազմակերպվել, իրավապայմանագրային դաշտը և տնտեսական հարաբերությունները դեռևս ձևավորված չեն:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38