Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Պետք է տեսնիք ու զարմանաք, թե ամերիկացիներն ինչպես այսչափ նյութ գրած են»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 17 / 10 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
07.05.2013

Վահան ծ. վրդ. Օհանյան
«Պետք է տեսնիք ու զարմանաք, թե ամերիկացիներն ինչպես այսչափ նյութ գրած են»
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» իրականցվող ծրագրերի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ լույս է տեսել hայր Վահան ծ. վրդ. Օհանյանի և Ոսկան Մխիթարյանի հեղինակած «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին» ժողովածուն:
Անգլալեզու գրքում զետեղված են ամերիկյան «Նյու Յորք թայմս» պարբերականում 1890-1914 թվականներին հայերի մասին տեղ գտած հրապարակումները:
Վահան ծ. վրդ. Օհանյանի հավաստմամբ՝ սա իր կատարած հետազոտությունների առաջին հատորն է, և շարունակելու է աշխատանքները հաջորդ հատորների հրատարակման ուղղությամբ, որոնք լինելու են «Լոս Անջելես թայմս», «Վաշինգտոն փոստ», «Բոստոն գլոբ» և այլ հեղինակավոր պարբերականներում տպագրված հոդվածներից կազմված ժողովածուներ:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի»  հարցազրույցը Վահան ծ. վրդ. Օհանյանի հետ:

- Հա´յր սուրբ, ի՞նչն առիթ հանդիսացավ նման ժողովածու կազմելու համար:

- Դեռևս 2005 թվականին՝ բարկամներիս հետ զրույցի ընթացքում, այս գաղափարը հղացանք, խորհեցինք, թե ինչու նման բան չձեռնարկենք: Հայկական աղբյուրներին մենք արդեն ծանոթ ենք: Հետաքրքիրն այն կլիներ, որ փորձեինք օտարների գրածները նրանց վերադարձնել, միաժամանակ մենք՝ հայերս, ծանոթանայինք, թե ինչ է գրված ամերիկյան մամուլի մեջ:

Գլխավոր շարժառիթը, որն ինձ մղեց նման աշխատության նվիրվելու, սա էր: Եվ, անշուշտ, տիտանային, տարիների աշխատանք է:
Իմ  այս երազանքն իրականացավ նաև շնորհիվ բարյացակամ մարդկանց, ինչպիսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Մեր կողքին կանգնած է նաև «Փյունիկ» հաստատությունը՝ պարոն Գաբրիել Ջամբարջյանի օժանդակությամբ:
 
- Հա´յր սուրբ, հետաքրքիր է, ամերիկյան մամուլում հիմնականում հեղինակայի՞ն նյութեր են տպագրվել, թե՞ ականատեսների պատմություններ:

- Մեծ մասն ամենօրյա ռեպորտաժներ են՝ տարբեր թերթերից առնված, տարբեր երկրներից իրենց հասած: Կախում ունի նաև, թե որ քաղաքի լրատվամիջոց է:
Եթե խոսինք միայն «Նյու Յորք Թայմսի» մասին, ապա իրենք աշխատել են տասնյակ-տասնյակ ուրիշ երկրների լրատու գործակալությունների հետ, որոնք իրենց լուրեր էին ուղարկում: Միաժամանակ զետեղում էին նաև իրենց սեփական նյութերը: Նրանք ունեին նաև իրենց սեփական թղթակիցները, որոնք առաքված էին Թուրքիա և ականատես վկաները դարձած են տարբեր իրականությունների: Օրինակ՝ Ջեյմս Գրիլմենը՝ մեծագույն լրագրողներից մեկը, ով խոսում է 1909  թվականի Ադանայի ջարդերի մասին: Նույնիսկ նրա լուսանկարը կա՝ հայ կանանց հետ լուսանկարված, և ես արխիվներից մեկում հայտնաբերեցի այդ լուսանկարի բնօրինակը: 

Նաև Գրիլմենի նման տարբեր թղթակիցներ, ովքեր այցելած են Թուրքիա: Գլխավոր վկաններից մեկը միսիոներներն են. նրանք մեծ դերակատարություն ունեցած են: Հիշենք, որ այս միսիոներները բախտով չէին գտնվում այնտեղ, գացած էին առաքելություն իրականացնելու՝ դպրոցներ ունեին, հաստատություններ, քարոզչություն էին անում: Ճիշտ է՝ չէին մոռանում իրենց կրոնական կարծիքները կամ քարոզչությունը, որը և առաջնահերթ անում էին: Բայց միաժամանակ պետք է ընդունենք, որ մեծ բարիք կատարած են  հայ ժողովրդին, մեծ ուսում տված են մարդիկ, մտավորականներ պատրաստած են: Նաև ականատես վկաները  եղած են այն բոլոր տառապանքին, որը կրել է հայ ժողովուրդը: Հետևաբար նրանց դերակատարությունը չափազանց մեծ է, և կը կարծեմ, որ մյուս թերթերու  նյութերը, որ կը հրատարակենք, հսկայական նյութ կա այս ուղղությամբ, որպես փաստագրային, ականատեսի վկայություններ:

- Հա´յր սուրբ, ուսումնասիրությունների ընթացքում շա՞տ էին այն նյութերը, որոնք առ այսօր հայտնի չէին, նորություն էին:

- Շատ մեծ նորություններ կան. պետք է տեսնիք ու զարմանաք, թե ամերիկացիներն ինչպես այսչափ նյութ գրած են: Սա տակավին մեկ մասն է այն հսկա նյութին, որը կա: Զարմանալի նյութ կա, բացառիկ էջեր, որ կերթան մինչև 20-ական թվականները, նույնիսկ դրանից անդին:

Շատ տխուր դեպքերի հանդիպեցի, աղջիկների դեպքերու, ովքեր հարեմի մեջ են գտնվել: Հայ և օտար միսիոներուհիները Հալեպ գնացած են և փրկած են այս աղջիկները հարեմից: Հետո տարել են Ամերիկա, և այս աղջիկներին բախտ է վիճակվել ամուսնանալ հայ տղաներին հետ, ովքեր փրկել են նրանց այն հոգեբանական տառապանքից, ճնշումից, որ ապրած են այս տխուր պարագաներու մեջ:

Նմանօրինակ տասնյակ-տասնյակ դեպքերու հանդիպած եմ՝ անուն-ազգանունով, ովքեր իրենց տխուր դեպքերը կը պատմեն:
Որբերի պատմություններ, նույնիսկ Երևան քաղաքի մասին նկարագրություններ կան, որոնք կը պատմեն, որ 20-ական թվականներին երեխաները փողոցների մեջ կը մեռնին անոթիութենեն:

Մենք երախտապարտ պետք է լինենք ամերիկացիներին, որովհետև եթե նրանք չլինեին, մեզանից շատերը գոյություն չէին ունենա, մեր ծնողները, նախահայրերը գոյություն չէի ունենա: Ցեղասպանության 100-ամյակի առիթով մենք պետք է մեծ երախտագիտության զգացում հայտնենք Ամերիկայի պետությանը, որովհետև իրենք ալյուր, հաց, հագուստ հասցուցին այն ժողովրդին, որը Գյումրիի, Երևանի մեջ կը տառապեր սառից, պաղից:

Այն նկարագրությունները որ կը տեսնիք՝ կսարսափեք: Մարդիկ ականատեսն են այս բոլորին և արձանագրել են այս էջերում:

- Հա´յր սուրբ, հետաքրքիր է, ամերիկյան հասարակությունն այսօր նո՞ւյնն է մնացել, թե՞ …:

- Ես կարծում եմ, որ շատ մարդիկ այս մասին ոչինչ չգիտեն:
Թերթելով այս էջերը՝ պետք է զարմանաք, թե որքան հետաքրքրություն կա հայերի հանդեպ: Ավելի շատ էին հայերին, Հայոց դատը ճանաչում: Իսկ այսօր ամերիկյան հասարակությունը, նույնիսկ հայերը, չգիտեն, թե ինչ գրված է ամերիկյան մամուլի մեջ: Հետևաբար, կկարծեմ, որ այն նոր էջերը, որոնք հավելյալ լույս պետք է ընծայենք, պետք է գան փաստելու, հուշելու, թե ինչ եղած է մեր անցյալը, և թե ամերիկացիներու հանդեպ մեր վերաբերումն ինչպիսին պետք է լինի այսօր:

Հարցազրույցը՝ Լուսինե  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38