ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հայաստան
07.05.2013

Լևոն Արոնյան.
Հոգուս մի մասը պատկանում է Հայաստանի հավաքականին
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելուց հետո տպավորություններով կիսվել ռուսական Sport-express կայքին տված հարցազրույցում: Այն հատվածաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
- Լեւո՛ն, Դուք ասել եք, որ Ալյոխինը Ձեր սիրած շախմատիստն է, եւ Ձեզ նրա ստեղծագործ հետնորդն եք համարում:

- Այո՛, այդպես է (ժպտում է): Ցանկանում եք հարցնել` հաճելի՞ է կուռքի անվան մրցաշարում հաղթել: Պատասխանում եմ` շատ հաճելի է:

- Եվ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հաղթել:

-Ինչպես միշտ. բախտս բերեց (ծիծաղում է):

- Կարո՞ղ եմ մի փոքր աղ ցանել Ձեր վերքի վրա:

- Իհարկե՛:

- Ի՞նչ կատարվեց Լոնդոնում:

- Նյարդային էի խաղում: Սկսեցի աներեւակայելի բաներ «արարել», եւ այդպես բախտս չբերեց: Առհասարակ, ցանկացած մրցաշարում «արարում եմ», բայց այնտեղ պատժեցին դրա համար, իսկ այստեղ՝ ոչ:

- Ձեզ դու՞ր է գալիս Լուվրում եւ Ռուսական թանգարանում խաղալու գաղափարը:

-Հրաշալի է: Մենք՝ շախմատիստներս, շատ շնորհակալ ենք պարոն Տիմչենկոյին եւ Ֆիլատովին: Շախմատից օտարացած մեր ժամանակներում այն մարդկանց օգնությունը, ովքեր անտարբեր չեն արվեստի ու շախմատի հանդեպ, անհնար է չգնահատել: Փառք ու պատիվ նրանց այս ամենի համար:

-Ձեր հայրն ու մայրն այս նույն «Եվրոպական» հյուրանոցու՞մ էին ապրում: Իրար հետ ընթրե՞լ եք, շրջե՞լ եք Պետերբուրգում:

- Այո, իհարկե:

- Հաջողվե՞ց որեւէ բան տեսնել:

- Երկու տարի առաջ, երբ ընկերուհուս հետ այստեղ էի, շատ բան հաջողվեց տեսնել: Իսկ հիմա այնքան էի հոգնում, որ դիտարժան վայրերի մասին չէի մտածում:

- Երբ գնում էիք Ալյոխինի հուշամրցաշարին մասնակցելու, ենթադրու՞մ էիք, որ կհաղթեք:

- Հույս ունեի, որ կարող եմ պատշաճ հանդես գալ: Բայց վստահությունն ավելացավ, երբ առաջին փուլում պարտվեցի չինացի շախմատիստին: Որովհետեւ այն մրցաշարերում, որոնցում հաղթում եմ, միշտ մի պարտիա պարտվում եմ: Սովորաբար՝ մրցաշարի սկզբներում: Այդպիսի սովորություն ունեմ:

- Երեք պարտիայում հաղթել եք: Ո՞ր հաղթանակով եք ավելի գոհ:

- Հատկապես երջանիկ էի, երբ հաղթեցի ապրիլի 24-ի պարտիան: Դա Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Դա ինձ համար առանձնահատուկ օր է: Երջանիկ եմ, որ այդ օրը լավ խաղացի:

- Աշխարհի առաջնությունում առաջվա պես խաղալու՞ եք Հայաստանի հավաքանում:

- Իհարկե: Ընդհանրապես՝ եթե ֆիզիկապես ի վիճակի եմ, բոլոր թիմային մրցաշարերին մասնակցում եմ: Դա ինձ դուր է գալիս, քանի որ հոգուս մի մասը պատկանում է Հայաստանի հավաքականին: Դրանք իմ սիրած մրցաշարերն են:

sport-express.ru

|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38