ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
08.05.2013

Օբամայի լավագույն լուսանկարների հեղինակ Սկաուտ Թուֆանկջյանը դասընթաց կվարի Երեւանում
Ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը մայիսի 10-ից կվարի «Ֆոտոլրագրության եւ ֆոտոպատմության հիմունքները»
երկշաբաթյա ֆոտոլրագրության դասընթացը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թումո»-ի հաղորդակցության բաժնի պատասխանատու Արամ Գյումիշյանը նշեց, որ կենտրոնը շորունակաբար նախաձեռնում է իր աշակերտների համար տարբեր ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ դասընթացների շարքեր: Նախորդ դասընթացների շարքը կենտրոնում վարում էր հանրահայտ ջազմեն Տիգրան Համասյանը:

«Երբ մենք առաջարկեցինք Սկաուտին գալ Հայաստան, նա ինչպես յուրաքանչյուր հայ, մեծ սիրով ցանկություն հայտնեց գալ եւ փոխանակել իր փորձն այստեղ, տեսնել «Թումո»-ն»,- պատմեց Գյումիշյանը: 

Թուֆանկջյանը հայտնի եւ միաժամանակ հետաքրքիր ֆոտոռեպորտաժների եւ ֆոտոպատմությունների հեղինակ է եւ իր հմտությունները կենտրոնի աշակերտների հետ կիսելը առավել քան ուսուցողական կլինի նրանց հաար:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նկարել, մշակել եւ խմբագրել լուսանկարները, օգտագործելով Adobe Photoshop ծրագիրը եւ ստեղծել իրենց ֆոտոպատմությունը: Դասընթացները կսկսվեն մայիսի 10-ից` շաբաթական 3 անգամ:

Սկաուտ Թուֆանկջյանը ծնվել է Բոստոնում, հայրական կողմից նա ունի հայկական արմատներ: Լուսանկարչուհուն շատերը ճանաչում են որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահական ընտրությունների հաղթական լուսանկարների հեղինակ: Այն լուսանկարը, երբ ԱՄՆ-ի վերընտրված նախագահը կնոջ` Միշելի Օբամայի հետ գրկախառնված է, Twitter սոցիալական կայքում մեջբերումների ռեկորդային քանակ է արձանագրել: Թուֆանկջյանն առաջին անգամ Օբամայի գործունեությունը սկսել է լուսաբանել, երբ վերջինս դեռ չէր չէր առաջադրվել նախագահի թեկնածու 2006 թվականին:

Այնուհետեւ Սկաուտը դարձել է Օբամայի նախընտրական արշավը լուսաբանող ֆոտոլրագրողներից մեկը: Թուֆանկջյանը «Հայկական սփյուռք նախագծի» շրջանակում լուսանկարների եւ հարցազրույցի միջոցով փորձում է ստեղծել հայ համայնքի ամբողջական պատկերը` հետեւելով մեծ ու փոքր հայկական համայնքներին ողջ աշխարհում: Նա լուսանկարներ է արել Բրազիլիայի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Երուսաղեմի, Եթովպիայի եւ ԱՄՆ-ի հայկական համայնքներում:

Ֆոտոլրագրողուհին  Հայաստանում վերջին անգամ եղել է 2002 թվականին:

armenpress.am

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38