ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 26 / 4 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Քաղաքականություն
08.05.2013

Արցախի ԱԳՆ-ն հերքել է Ռամզան Քադիրովի հայտարարությունը
Հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում պայքարել են հայերի կողմից, չի համապատասխանում իրականությանը:
Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ չեն պայքարել: Այս մասին նշվել է ԼՂՀ ԱԳՆ-ի՝ NEWS.am-ի հարցմանն ուղղված պատասխանում, որը վերաբերում է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությանը, թե Ղարաբաղում հայերի կողմից եւս չեչեններ են կռվել:

Ավելի վաղ Ռամզան Քադիրովը  livejournal-ի իր բլոգում, ի պատասխան  eMedia.am-ի կողմից արված հարցմանը, հայտարարել էր, որ Չեչնիայի վարձկանները Լեռնային Ղարաբաղում պայքարել են երկու կողմերում:

 «Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել են վարձկաններին` հայկական ուժերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ պայքարել են մինչեւ երեք հազարի հասնող աֆղանական մոջահեդներ եւ չեչենական ջոկատներ` Շամիլ Բասաեւի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էին մոտ 300 չեչեն վարձկաններ:

1993 թվականի հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց մոտ գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով` չեչենական ջոկատները շուտով լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

2000 թվականին հենց Բասաեւն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հարցազրույց  է տվել, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք Ղարաբաղում պայքարել ենք հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, պատմել է Բասաեւը, «տեղ հասնելով եւ իրավիճակին ծանոթանալով` մենք հասկացանք` որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

«Financial Times պարբերականը 2002 թվականին գրել է, որ ըստ իր տվյալների` Լեռնային Ղարաբաղում պայքարել է նաեւ ցամաքային հրամանատար Հաթաբը»,- նշվել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում:

|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38