Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
«Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք…»
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 18 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
08.05.2013

Թագուհի Հակոբյան
«Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք…»
«…Մի քանի անգամ կրկնվել է նույն երազը: Երազում՝ մեծ տարածության մեջ, տեսնում էի գույներ, ծիածանի գույներ, որոնք գետի պես հոսում էին, շարժվում: Ինքս ինձ ասում էի՝ ա´խ, գույները գնում են, գնում են գույները…
Հետո, երբ 20 տարի առաջ ԱՄՆ-ում գունավոր տպագրությունը ստեղծվեց, տեսնում էի, որ գույները «պատռում են», թափում են գետնին: Չգիտեմ՝ երազս եկավ միտքս, թե ինչ կատարվեց ինձ հետ, բայց մտածեցի, որ ափսոս են գույները, մի՞թե հնարավոր չէ ինչ-որ կերպ օգտագործել:
Այդ պահից էլ սկսեցի նկարել: Մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է անեի այդ ամենը, եթե մեջս նստած չլինեին այդ գույները, որոնք ես տեսնում էի երազում»:
Գույների վերածված թղթի կտորները Թագուհի Հակոբյանի ձեռքում դառնում են կտավներ: Առաջին հայացքից, առանց նկարին մոտենալու՝ չես կարող մտածել, որ գույները ոչ թե վրձնահարվածներ են, այլ թղթից պոկված փոքրիկ ծվեններ, որոնք դարձել են գեղեցիկ բնանկարներ, նատյուրմորտներ ու դիմանկարներ:
Մտածում ես՝ ինչ համբերություն պետք է ունենա մարդ, որ այսպիսի գեղեցիկ, ինքնատիպ աշխատանք կատարի:
Տիկին Թագուհու համբերությունն անսպառ է, ինչպես գույները…
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Թագուհի Հակոբյանի հետ.

- Ծնվել եմ Հունաստանում, 1946 թվականին առաջին քարավանով ներգաղթել ենք Հայաստան: Ծնողներս շատ հայրենասեր մարդիկ էին՝ Ցեղասպանությունից հրաշքով փրկված: Այդ մասին մայրս է ինձ պատմել, և ես գրի եմ առել նրա պատմությունը: 

Հունաստանում թողեցինք ամեն ինչ և եկանք Հայաստան: Ընդունվեցի Թատերական ինստիտուտ: Երևի Աստծո կողմից տված շնորհն է, որ կարողացա ժողովրդի սիրելին դառնալ:

Հետո սկսեցի անձնական հրավերներով արտասահման գնալ: Մի անգամ Ազգային անվտանգությունից ինձ կանչեցին ու հարցրին, թե ինչ բարեկամներ ունեմ արտասահմանում, որ հաճախակի գնում եմ: Ես պատասխանեցի, որ Եղեռնից փրկված հայ եմ, ով հարազատներ ունի աշխարհի տարբեր երկրներում: Բայց նրանք կարծում էին, որ ես այլ գործունեություն եմ ծավալում: Իսկ ես ի՞նչ էի անում. արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում փառաբանում էի արևմտահայ լեզուն՝ մեր ժողովրդին ոգևորելու համար, որ հայ մնան, չձուլվեն:

Բայց իմ ջանքերն ապարդյուն անցան, ու ինձ չհասկացան: ԱՄՆ հերթական այցի ժամանակ Մոսկվայում ինձ թույլ չտվեցին մեկնել:  Մեկ տարի տնային կալանք տվեցին:
Ու ես ստիպված՝ լաց լինելով հեռացա Հայաստանից: Ես, որ այնքան շատ էի սիրում իմ հայրենիքը, ստիպված էի նորից օտարության ճամփան բռնել:

- Եվ առ այսօր ապրում եք ԱՄՆ-ում:

- 34 տարի է՝ ապրում եմ Ամերիկայում: Առաջին իսկ օրից սկսեցի ներկայացումներ անել. չէ՞ որ արվեստը մեջս նստած է, չէի կարող ուրիշ գործով զբաղվել: Մինչև հիմա էլ խաղում եմ  ինչպես հայերեն, այնպես էլ տարբեր լեզուներով:

Գիտեք, այնտեղ փողն է գերիշխողը, իսկ ես երբեք նյութականը չեմ կարևորել: Կյանքի իմաստը նյութականը չէ, ինձ համար կյանքի իմաստը ստեղծագործելն է:

- Եվ այդ պատճառով սկսեցիք նկարել…

- Չնայած ամեն տարի նվազագույնը մեկ դեր խաղում եմ, բայց ստեղծագործելու պակասը լրացնում է նկարչությունը: Արդեն 20 տարի է՝ նկարում եմ: Արվեստը նյութականություն չի ճանաչում. ծնվում է հոգուց, սրտից և հետո դառնում մասսայական:

Առաջին գործը ստեղծեցի Բաշինջաղյանի նկարի նմանությամբ: Արդյունքը հետաքրքիր էր: Ու այդպես՝  նկարը նկարի հետևից ծնվեցին իմ աշխատանքները: Յուրաքանչյուր աշխատանք ծնվել է հիշողությունից, յուրաքանչյուր գործ մի ապրված պահ է, կյանք:

- Տիկի՛ն Թագուհի, Ամերիկայում Ձեր աշխատանքները ցուցադրվե՞լ են:

- Այո´, երկու անգամ: Առաջին անգամ շատ նեղ շրջանակում ցուցադրություն կազմակերպեցինք: Ցանկանում էի տեսնել, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն կունենան իմ նկարները: Արդյունքը սպասվածից ավելին էր: Բոլորը շատ էին հավանել իմ աշխատանքները, բայց ոչ մի նկար չցանկացա վաճառել:

Իսկ արդեն երկրորդ ցուցահանդեսի ժամանակ 25 նկար վաճառվեց: Ափսոսում եմ, որովհետև շատ դժվարությամբ եմ բաժանվում իմ նկարներից: Բացի այդ, ավելի շատ աշխատանքներ կարող էի Հայաստանում ցուցադրել:

- Հայաստանում Ձեր աշխատանքները ներկայացնելու մտահղացումն ինչպե՞ս  ծնվեց:

- Միշտ ցանկացել եմ, որ աշխատանքներս ցուցադրվեն Հայաստանում:
Շատ հապճեպ ստացվեց Հայաստան գալս: Մի անգամ աղջկաս թռուցիկ հարցրի, թե երբ կարող ենք գնալ Հայաստան: Ասաց՝ եթե ուզում ես, հիմա էլ կարող ենք գնալ, ես էլ երեխաներին Հայաստանում կկնքեմ: Մեկ շաբաթում որոշեցինք ու աղջկաս հետ եկանք Հայաստան:

Ուրախ եմ, որ իմ ժողովուրդը հնարավորություն ունեցավ տեսնել իմ աշխատանքները: Ասված ամեն մի խոսք, ամեն մի բառ ես տանելու եմ ինձ հետ:

- Տիկի՛ն Թագուհի,  իմացա, որ Դուք նաև պիեսներ եք գրում…

- «Անունդ ի՞նչ է» պիեսն իմ առաջին գործն է: Արտագաղթի մասին է, երկու ծերունիների, ովքեր ամեն օր նույն վայրն են գալիս, նստում ծառի մոտ գտնվող փոքրիկ նստարանին և «իրար չսիրող» խոսակցություններ ծավալում:

Կինը դերասանուհի է, ով երկրաշարժից հետո եկել է Ամերիկա, տղամարդը բժիշկ է, դոկտոր-պրոֆեսոր, ով Ամերիկա է եկել իր տղայի և կնոջ հետ:
Այդ նույն նստարանին, որի վրա ծերունիներն ամեն օր նստում են, բժիշկ հերոսիս տղային են սպանել, ով ոստիկան է եղել:
Իսկ կնոջ տղան թմրամոլ է եղել և կախվել է նստարանի կողքին գտնվող ծառից: Այն պարանը, որից նա կախվել է, դեռ ճոճվում է ծառին:

Մեկը մյուսի պատմությանը ծանոթ չէ, անգամ միմյանց անուն  չգիտեն:
Շատ հետաքրքիր գործ է, ուզում եմ Հայաստանում բեմադրել և ինքս էլ խաղալ: Հուսով եմ, որ կստացվի:

Ճիշտ է, սա իմ առաջին պիեսն է, բայց ես մանկագիր եմ, ունեմ տպագրված մանկական պատմվածքներ:
Ես խենթ եմ, մի գործ եմ ձեռնարկում, ոգևորվում եմ, հետո մի կողմ եմ դնում: Պրոցեսն է ինձ հետաքրքրում, կարծում եմ՝ արվեստագետին պրոցեսն է հետաքրքիր, արդյունքն այդքան էլ կարևոր չէ:

Երբ նայում եմ իմ նկարներին, ինքս ինձ ասում եմ՝ ե՞րբ եմ արել, ինչպե՞ս եմ կարողացել:
Պետք է խենթանաս, որ կարողանաս մի բան ստեղծել: Առանց այդ ոգևորության ոչ մի բան անել չես կարող:

Ես ինձ նկարչուհի չեմ համարում: Ոչ մի տեղ չեմ սովորել և իմ նկարներում ընդամենը արտացոլում եմ իմ հոգին:
83 տարեկան եմ, բայց ծերություն չեմ զգում: Հավանաբար ինձ «պահում» է հոգիս: Կյանքի իմաստը հոգին է, որը անմահ է, իսկ թե որտեղից է այն գալիս՝ չգիտեմ:

- Տիկի՛ն Թագուհի, Հայաստանում գտնվելու ընթացքում հյուրընկալվել եք նաև ՀՀ սփյուռքի նախարարությունում և հանդիպել նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

- Այո´, հրաշալի հանդիպում էր: Ես հեռուստացույցով էի տեսել և հետևել նրա գործերին: Միշտ գնահատել եմ նրան, մտերիմներիս ասում էի, որ նա շատ ուժեղ մարդ է, որ այդքան գործեր է կարողանում անել: Շատերը չեն կարող անել այն գործը, որը Հրանուշ Հակոբյանն է կատարում:

Երբ նրա աշխատասենյակում էի, մի կույտ գրքեր ցույց տվեց, որոնք հրատարակվել էին նախարարության աջակցությամբ, և որոնք օգուտ պետք է բերեն Սփյուռքին: Դա հրաշք է: Երբեք Սփյուռքին այսքան իմաստ, կարևորություն չի տրվել:
Սփյուռքը պետք է միաբանվի և Հայաստանին վերաբերող հարցերում միակամ լինի:

- Տիկի՛ն Թագուհի, զրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք մաղթել:

- Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը ճիշտ ձևով մտածի: Ես ցանկանում եմ, որ մեր ազգը միավորվի: Ճիշտ է՝ իրարամերժությունը մեզ կարող է առաջ տանել, բայց նախանձը, իրար ոչնչացնելը ոչնչի չի բերի:

Հայ ազգը ամենահին, ամենաստեղծագործ ազգն է: Այս փոքրիկ Հայաստանում ամեն մարդ տաղանդ ունի: Եթե մենք ապրելու, արարելու տաղանդ ունենք, չենք ոչնչանա: Իսկ ապրելու տաղանդը վերածվում է ստեղծագործական տաղանդի: Մեր քայլերը հետք են թողնում պատմության մեջ, որտեղ էլ որ լինենք:

Հարցազրույցը՝ Լուսինե Աբրահամյանի


|

 
 
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38