ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 30 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
10.05.2013

Լաուրա Ավետիսյան
«Եթե չկա սեր ու նվիրում, աշխատանքը չոր պարտականություն է դառնում»
Շուտով կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր ծրագրերից մեկը` «Արի տունը», որի շրջանակներում մայրաքաղաքի Դանիել Վարուժանի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ:
Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ղեկավար և  «Իմ Հայաստան» փառատոնի մշակույթի բաժնի պետ Լաուրա Ավետիսյանի  հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Տիկի´ն Ավետիսյան, շուտով կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության կայացած և լավագույն ծրագրերից մեկը` «Արի տունը», որի շրջանակներում Դուք մշտապես դրսևորել եք ակտիվ գործունեություն: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ ծրագրի շարունակականության գաղտնիքը:

-Այս ծրագիրը կյանքի է կոչվել 5 տարի առաջ և լավագույնս արդարացրել է իրեն. դրա վառ ապացույցը տարեցտարի մասնակիցների թվի ավելացումն է: Ծրագրի շարունակական լինելու գաղտնիքն այն է, որ այդ շրջանակներում սփյուռքահայ երեխաները ծանոթանում են Հայրենիքին, անցնում հայրենաճանաչության դասեր, շփվում Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած իրենց հասակակիցների հետ, ծանոթանում հայ ընտանիքի ավանդույթներին, սովորում հայկական երգեր, պարեր, ճանաչում իրենց արմատները… 

Այս ծրագիրը մեր կառավարության կողմից խրախուսվող, գնահատված ծրագրերից է. այն կայացած է, արդարացված, և դա է պատճառը, որ պետության կողմից ծրագրի ֆինանսավորումն ավելացել է: «Արի տուն» ծրագիրը մի ամուր կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև: 

-Մինչև  ծրագրի մեկնարկը ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

-Հենց այդ մասին էի ցանկանում խոսել. վերջերս մեզ հրավիրեցին մայրաքաղաքի Դանիել Վարուժանի անվան դպրոց, ուր մասնակցեցինք դասարաններից մեկի՝ «Արի տուն» ծրագրի հետ կապված մի հրաշալի միջոցառման: Թեև մի դասարան էր ընդգրկված, սակայն դա հսկայածավալ և սքանչելի, հայրենասիրական ոգով լեցուն միջոցառում էր, որին մասնակցող 3-րդ դասարանցի երեխաներն իրենց դասղեկի` Լիլյա Բադալյանի ղեկավարությամբ ներկայացրին տարբեր ազգությունների պարեր, երգեր` դրանք համեմելով մեր ազգայինով: Դահլիճում բոլոր այն պետությունների դրոշներն էին, որտեղից «Արի տուն» ծրագրին մասնակցել են կամ պիտի մասնակցեն սփյուռքահայ երեխաները: Աշակերտների հուզիչ, անկեղծ խոսքերը հասան մասնակիցների հոգու խորքերը. եթե դահլիճում նստածների մեջ կային մարդիկ, ովքեր մտածում են արտագաղթի մասին, համոզված եմ, որ այդ միջոցառումից հետո հաստատ կվերանայեն իրենց որոշումը և կմնան Հայրենիքում: Այդ միջոցառումը հայրենասիրության, հայապահպանության ամենամեծ դասն էր ներկաների համար: Դանիել Վարուժանի դպրոցում միշտ եղել են հյուրընկալ ընտանիքներ. այս տարի արդեն բարձր դասարանցիների ծնողները հերթագրվել են հյուրընկալող ընտանիքների ցուցակում:

Միջոցառման ընթացքում հրաշալի ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի (թաղապետարանի) կրթության, գիտության բաժնի պետ Արևիկ Պետրոսյանը: Լեցուն ու մտորումների տեղիք տվող օր էր` ամենալավ առումով:

-Ե՞րբ է տրվում «Արի տուն» ծրագրի մեկնարկը, և ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

-Մեկնարկը տրվում է հունիսի 16-ից, ավարտվում է օգոստոսի 31-ին: Դարձյալ կունենանք 8 փուլ, որին կմասնակցեն 13-ից 21 տարեկան սփյուռքահայ երեխաներ: Իհարկե, նախապատրաստական աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների հետ. մեր աշխատակիցները համագործակցում են մարզպետարանների, Երևանի թաղապետարանների, տվյալ համայնքի դպրոցների տնօրենների հետ: Սա մի ծրագիր է, որի իրագործման ընթացքում մենք շատ աջակիցներ ունենք` առողջապահության, ճանապարհային ոստիկանության և այլ ոլորտներից:

-Կա՞ մի երկիր, հայկական գաղթօջախ, որտեղից այս տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրի շրջանակներում ոչ մի մասնակից չեք ունեցել:

-Հիմա կոնկրետ այդպիսի երկիր չեմ կարող նշել, բայց ասեմ, որ անգամ Ուրուգվայից ենք ունեցել մասնակից, Արգենտինայից. չենք կարող կանխատեսել, թե այս տարի որ երկրից կարող են գալ: Շատ են գալիս ՌԴ-ից, Վրաստանից, Հոլանդիայից, Բելգիայից, Մերձավոր Արևելքից… «Արի տունն» ընդգրկում է աշխարհագրական լայն տարածք: Ծրագրի ավարտից հետո շարունակվում է տվյալ փուլում ընդգրկված երեխաների, նրանց ընտանիքների, Հայաստանի հյուրընկալ ընտանիքների բարեկամությունը, ունեցել ենք նաև ամուսնություններ:

-«Արի տուն»  ծրագրում կա՞ն փոփոխություններ:

-Ծրագիրն, ինչպես միշտ, ընթանալու է 8 փուլով: Ցանկություն ունեցողների թիվը տարեցտարի շատանում է: Ծրագիրը միշտ հագեցած է եղել էքսկուրսիաներով, հայրենաճանաչության դասերով, լեզվի արագացված ուսուցման դասընթացներով: Ունենք նոր առաջարկություններ, որոնցից կարևորները  գուցեև կյանքի կոչվեն:

-Տիկի՛ն Ավետիսյան, շատ երկար տարիներ աշխատել եք Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատում` որպես տնօրեն. թեև ղեկավարել եք, այնուամենայնիվ, մանկավարժական դարբնոցում եք եղել: Դուք փոխել եք աշխատատեղը, սակայն դարձյալ ակտիվ գործունեություն եք ծավալում. եռանդուն եք, նվիրված Ձեր գործին: Իսկ ի՞նչ է փոխվել…

-Ոչինչ չի փոխվել. մարդը պիտի սիրով կատարի իր գործը: Եթե չկա սեր ու նվիրում, աշխատանքը չոր պարտականություն է դառնում. դա իմը չէ: Այս աշխատանքն իմ անցած տարիների շարունակությունն է: Ճիշտ է, ես զբաղված եմ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում, սակայն սիրով եմ աշխատում «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաների հետ, որոնց աչքերում Հայրենիքի կարոտն է: Այդ աշխատանքն ինձ բավականություն է պատճառում. ինչով հնարավոր է, փորձում եմ օգտագար լինել` հատկապես «Արի տուն» ծրագրի ճամբարային օրերին:

Ողջ նախարարությունն է մի մարդու պես աշխատում, թեև «Արի տունը» Համահայկական ծրագրերի վարչությունն է իրականացնում: Չկա «իմ ու քո», կա միայն ընդհանուր գործին լծվելու միասնականություն ու պատրաստակամություն:

Հարցազրույցը՝ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38