Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home2/hayernaysor/public_html/old1/conf.php on line 9
Հիսուս Քրիստոսի Համբարձումը. հոգևոր խորհուրդը և ժողովրդական ծեսը
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 8 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Խմբագրական
09.05.2013

Հիսուս Քրիստոսի Համբարձումը. հոգևոր խորհուրդը և ժողովրդական ծեսը
Այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին տոնակատարեց Հիսուս Քրիստոսի  Համբարձման տոնը:
Քրիստոս իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց աշակերտների առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին: Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը,- ասաց,- լսեցիք ինձնից. Որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ  պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»:

Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ´ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»:

Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. «Ո´վ  գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով,ինչպէս տեսաք Նրան երկինք գնալիս»:

(«Գործք առաքելոց, գլ. Ա, 3-11»)   

Ղուկաս ավետարանչի «Գործք առաքելոցից» քաղված այս դրվագը ներկայացնում էՀիսուս Քրիստոսի համբարձման տեսարանը, որը տեղի ունեցավ Նրա հրաշափառ հարության 6-րդ շաբաթվա հինգշաբթի օրը, կամ որ նույնն է՝ Փրկչի հարությունից հետո՝ 40-րդ օրը: Սբ. Զատկի տոնի շարժականության հետ կապված՝ այս տարի այն համընկնում է մայիսի 17-ին:

«Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի՝ մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ էլ առանձնակի շուքով է նշել Փրկչի համբարձման հիշատակը, տոն, որով գործնականում եզրափակվում է Քրիստոսի երկրային տնօրինությունների և ավետարանական պատմության շրջանը:

Փրկչի հարությունից մինչև համբարձում Նրա 40-օրյա երևումները Իր աշակերտներին, մորը, յուղաբեր կանանց  և այլոց, Նրա այլևս անկասկածելի ներկայությունը առաքյալների մտքում և գիտակցության մեջ հաստատեցին, թե «Արդարեւ յարեաւ Տէր»,  և խաչի ու մահվան խավարին հաջորդել է գալիք պայծառ օրերի հավերժական լույսը՝ իրենց կյանքի բոլոր օրերի վրա: Քրիստոս Իր համբարձմամբ, սակայն, չհեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որ Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր. «Երբ ես բարձրանամ երկրից, ամենքիդ դեպի ինձ կձգեմ»:

Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում՝ առանց լքելու Իր սիրելի աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր հավատում և սիրում են Իրեն:

Խորապես հուզիչ էին Փրկչի հրաժեշտի խոսքերը Ձիթենյաց լեռան բարձունքին՝ ուղղված առաքյալներին, ովքեր այդ խոսքերի լույսը պիտի տանեին աշխարհին՝ բազում մարտիրոսությունների, նահատակության, արյան ու կրակի միջով. «Բաժանվում եմ ձեզանից՝ հավիտենապես ձեզ հետ միանալու համար: 

Ճշմարտությունն եմ թողնում ձեզ՝ որպես առաջնորդ»: Եվ ամենավերջում. «Ձեզ հետ կլինեմ ես բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»…

Տիրոջ համբարձումը մեզ համար նաև Ամենասուրբ Հոգու գալստյան պարգևի պատրաստումն էր: Քրիստոս համբարձվեց երկինք, որտեղից իջել էր Իր աստվածային զորությամբ՝ փրկելու մեղավորներին և ազատագրելու նրանց մահվան կապանքներից: Մեզ՝ քրիստոնյաներիս համար բացարձակ ճշմարտություն է, որ թեև Տերը մարմնով բաժանվեց մեզանից, սակայն հոգով միշտ մեզ հետ է և Իր ամենազոր հովանու տակ է առնում բոլոր նրանց, ովքեր Տիրոջ կամքն են կատարում:

Համբարձման տոնը հնուց ի վեր (և ցայսօր) մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է եղել՝ ծիսական հարուստ տարրերով ու ժողովրդական սովորություններով հագեցած: Տոնը ժողովրդական լեզվով կոչվել է նաև վիճակ: Այդ օրը աղջիկները, գույնզգույն զգեստ հագած, հատկապես կարմիր ու կանաչ, ծաղկազարդ վայրերում կազմակերպում էին զբոսանք և վիճակախաղ: Հայաստանի որոշ գավառներում Համբարձման տոնը կոչվում էր նաև «Ջան գյուլումի» օր, որովհետև վիճակի համար պատրաստված տաղերը վերջանում էին «Ջան գյուլում»-ով: Ջան գյուլումը ծաղկի, գլխավորապես վարդի փառաբանանքն էր, և այս երևույթը, ըստ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի, ոմանց ենթադրել է տվել, որ Համբարձման վիճակը, տերև ու ծաղիկ հավաքելը Վարդավառի տոնակատարությունից մնացած սովորություն է:

Այդ օրը կոչվել է նաև ծաղիկ գովել: Ցավոք, մեր օրերում Համբարձման վիճակը, Ջան գյուլումը և ծաղիկ գովելը գրեթե մոռացվել են, և մնացել է միայն զբոսանքի սովորությունը դպրոցական տարիքի երեխաների և ժողովրդի մի մասի մոտ: Մինչդեռ ժամանակին մեծ տոնախմբություն է եղել Համբարձման «Ջան գյուլումը», որը միմիայն աղջիկներին վերբերող տոն էր համարվում:

Տոնի նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից, այգիներից տուն էրն բերում գույնզգույն ծաղիկներ և փնջեր կապում, որոնցից ամենամեծը, որ խաչաձև էր լինում, կոչվում էր Ծաղկամեր: Ապա մի պուլիկի մեջ ջուր էին լցնում, և յուրաքանչյուրը նրա մեջ որևէ իր գցելով՝  պահում էին ծաղիկների հետ և հսկում, որ տղաները չգողանան: Հաջորդ օրը՝ Համբարձման տոնին, նստում էին բոլորակ, իրենց առաջ դնում պուլիկի հետ ծաղիկների փնջերը, և այսպես սկսվում էր վիճակը. Ասում էին մի-մի տուն ժողովրդական երգ, որի մեկ տողը  վերջանում էր «Ջան գյուլում, ջան, ջան» բառերով, իսկ մյուս տողը՝ « Ջան ծաղիկ, ջան, ջան»: Յուրաքանչյուր տունը երգելուց հետո մի մանկան ձեռքով, որի երեսը քողով ծածկված էր լինում, հանել էին տալիս մի իր. ում որ պատկանում էր այդ իրը, նրա լավ կամ վատ վիճակը որոշվում էր երգի կամ արտասանված քառյակի բովանդակությունից: Այս արարողությունը կոչվում էր «Ծաղիկ գովել»: Հենց այս ժողովրդական սովորությունն է գեղեցկորեն պատկերել մեծն Հովհաննես Թումանյանը իր անմահ «Անուշ» պոեմում:
Բոլոր ծաղիկները բաժանելուց հետո Ծաղկամերը՝ մեջտեղի խաչաձև ծաղիկը նվիրում էին եկեղեցուն:

Վիճակի առիթով հորինված ժողովրդական երգերն ու քառյակները յուրատեսակ գուշակություններ էին երիտասարդ աղջիկների ապագայի համար. վիճակի միջոցով «որոշվում էր» նրանց բախտն ու ճակատագիրը, ցանկություններն ու ակնկալությունները, որոնք այդ րոպեին արտասանված քառյակի տպավորության ներքո լավ կամ վատ ձևով երևան էին գալիս:

Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում էին Ծաղկավանք, որտեղ կազմակերպվում էր «Ջան գյուլումի» մեծ տոնակատարություն: Ծաղկավանքը Արայի լեռան ստորոտին է, ուր, ըստ ավանդության, գտնվում է Վարվառե կույսի գերեզմանը:

Վերջին տարիներին, բարեբախտաբար, այդ գեղեցիկ ավանդույթը ոչ միայն չի մոռացվել, այլև շարունակվում է և է´լ ավելի է զորացել. Տիրոջ Համբարձման տոնի ողջ շաբաթվա ընթացքում, մանավանդ բուն Համբարձման օրը, տարեցտարի ուխտավորների ավելի ու ավելի հոծ խմբեր են ուղևորվում դեպի Արայի լեռ՝ Վարվառե կույսի Ծաղկավանք մատուռը:

Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

|

 
 
ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
    © «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
    ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
    Հեռ.` 53-09-38