ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 24 / 6 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Հասարակություն
09.05.2013

30 սփյուռքահայի շնորհվեց ՀՀ քաղաքացիություն
Մայիսի 9-ին ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում առաջին անգամ հանդիսավոր պայմաններում ՀՀ անձնագիր ստացավ 30 սփյուռքահայ:
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման՝ տոնական օրերին (Հաղթանակի և Խաղաղության տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր և Անկախության տոն) քաղաքացիություն ստացած անձինք երդվում են հանդիսավոր պայմաններում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տոնական այս օրը կրկնակի խորհուրդ ունի. «Համաձայն Կառավարության որոշման, առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք երդվում են հանդիսավոր պայմաններում: Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր այսօր կստանան ՀՀ քաղաքացիություն, պատվով կկրեն այդ կոչումը և կնպաստեն Հայաստանի զարգացմանը և հզորացմանը»,-հավելեց Արթուր Օսիկյանը:

Շնորհավորելով ներկաներին Շուշիի ազատագրման տոնի, իսկ սփյուռքահայերին նաև՝ ՀՀ անձնագիր ստանալու առթիվ, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը սփյուռքահայերին մաղթեց, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագրով նրանց կյանքը և գործունեությունը հայրենիքում լինի ավելի հեշտ և սահուն.

«21 տարի առաջ, մեր հերոսների շնորհիվ, ազատագրեցինք Շուշին և վերահաստատեցինք հայրենատեր լինելու մեր կամքը: Կազմակերպելով 30 սփյուռքահայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու արարողությունը Շուշիի ազատագրման օրը՝ մենք փաստում ենք, որ այսօր ևս մեզանում շարունակվում է զարգանալ հայրենատեր լինելու զգացողությունը: 30 սփյուռքահայ, ստանալով ՀՀ քաղաքացիություն, այսուհետ հայրենիքի հետ ոչ միայն զգացական կապ է ունենալու, այլև՝ իրավաբանական»,- նշեց Դավիթ Կարապետյանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, միանալով շնորհավորանքներին, հավելեց, որ ՀՀ քաղաքացիությունը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ, ինչը պետք է գիտակցի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Տոնական այդ օրն առաջին անգամ էր ՀՀ անձնագիր շնորհվում Լեհաստանի քաղաքացու: Շուշանիկ Սեդոյանը, ով երկար տարիներ ապրում է Լեհաստանում, անչափ հուզված էր. «Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել: Այս անձնագիրն ինձ համար շատ կարևոր է: Ոչ թե նրա համար, որ ևս մի փաստաթուղթ ավելացավ իմ կյանքում, այլ նրա համար, որ դարձա իմ հարազատ երկրի, իմ հայրենիքի քաղաքացի: Գիտեք, ինչքան էր պակասում ինձ իմ սիրելի զինանշանը, անձնագիրը: Ես արդեն որպես հյուր չեմ գա իմ հայրենիք»:


|

 
 
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38